Gagik Tsarukyan

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բացասական է գնահատում հանրապետության մի շարք բնակավայրերի ծննդատների լուծարման որոշումը։ Այս մասին Ծառուկյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Ներգաղթ ու տնտեսական հեղափոխություն են ուզում, պետք է զարգացվի, դա անելու բան չի, որ անում ենք»,- մասնավորապես ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ 7-րդ գումարման խորհրդարանը պետք է ցրվի, եւ նոր ընտրություններ անցկացվեն, Ծառուկյանն արձագանքեց, թե 1 տարի է՝ դրա մասին են խոսում, բայց իրականում ժամանակն է աշխատելու․

«Ժամանակն է աշխատանք կազմակերպել, ծրագրավորել, պլանավորել, իրականացնել արտադրություն, զարգացում, մշակում, որ լուծարվի, մյուսը գա, բան չի փոխվի, պետք է արդյունավետ լինի, ուղղություններ լինեն, ներդրումներ լինի, ստեղծել է պետք, եւ կարողանանք տեղական ապրանքը իրացնել»։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը՝ Ծառուկյանն ասաց, որ նրան անձամբ չի ճանաչել, դրա համար էլ հոգեհանգստին ներկա չի եղել։ ԲՀԿ խմբակցությունից ներկա է եղել միայն Տիգրան Ուլիխանյանը, որը Կուտոյանի մորաքրոջ որդին է։

ԲՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ Կուտոյանի մահվան դեպքն իրավապահների տիրույթում է, երբ նրանք խոսեն, ԲՀԿ-ն իր տեսակետը կհայտնի։

Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիքի է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Ի պատասխան՝ պատգամավորը հիշեցրեց, որ 2015 թվականին իրենք դեմ են եղել այդ փոփոխություններին, սակայն, իր խոսքով, իրենց որեւէ քաղաքական ուժ չպաշտպանեց, նույնիսկ իրենց ակտիվիստներին բերման ենթարկեցին․

«Ես էլ ասացի՝ եթե այդպես է, ես քաղաքական էջը ծալեմ, միայն թե իմ ակտիվիստներին բաց թողեք»,- ներկայացրեց Ծառուկյանը՝ հավելելով, որ երբ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին ծանոթանան, իրենց առաջարկները կանեն, դիրքորոշում կհայտնեն։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ցանկանում է ընդդիմադիր դաշտ մտնել, այդպիսով կարող է ԲՀԿ-ից «ձայներ խլել», Ծառուկյանն այսպես արձագանքեց․ «Ո՞վ կարող է Ծառուկյանի ձեռքից բան խլի»։

Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում այդ տեղեկությունները, որ Վանեցյանն ու Ծառուկյանը համագործակցում են։

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ կենդանիների մորթը սպանդանոցներում կազմակերպելը լրացուցիչ բեռ է դառնալու գյուղացիների համար:

«Այսօր սպանդանոցներում նորից նույն այդ ծառայությունը թողնում են ժողովրդի վրա, ասենք թե՝ ֆերմերների վրա, գյուղացու վրա, անասնապահությամբ ով զբաղվում է: Եթե մարդը պետք է բարձի, պետք է տանի, պետք է էնտեղ սպանդանոցում գումար վճարի, դա նշանակում է, եթե կենդանուն հանձնելուց պետք է ստանա 250 հազար դրամ, ուրեմն պիտի մի 20 հազարը տրանսպորտին տա, 25 հազարը մորթելուն տա: Դրա համար ցանկացած երկրում գյուղատնտեսության համար, անասնապահության համար դա պետությունը սուբսիդավորում է, պետք է քայլ կատարվի, մարդուն սուբսիդավորվի, որ մարդն էլ լիարժեք կարողանա դա անի, թե չէ մարդը լավ օրից չի, մարդը 3-4 կով ունի, համարում են ֆերմեր: Մարդը մորթում ա, 3 ամիսը մեկ գոնե իրա գոյատեւությունը պահելու համար: Եվ էսօր բոլորս էլ գիտենք, որ գյուղատնտեսության համար վիճակը շատ ծանր է: Եթե էսօր մի շիշ ջուրը, կես լիտր ջուրն արժի 200 դրամ, լիտրը, այսինքն՝ 400 դրամ, իսկ կաթը վաճառում են 110, 120, 150 դրամ, այսինքն՝ մարդը էդքան մշակում ա, աշխատում ա, խնամում ա, պահում ա, կաթն ավելի էժան ա, քանց թե ջուրը»,- ասաց նա:

Ծառուկյանի պնդմամբ՝ պետք է ուշադրություն դարձնել տնտեսության զարգացմանը, քանի որ այսօր ժողովրդին կերակրողը գյուղատնտեսությունն է:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •