«Ասում էր՝ կրակի, ես էլ կրակեցի…». 2017-ին կրտսեր սերժանտը դիրքում կրակոցներով սպանել է ծառայակցին

- in Իրավունք
Zinvor

Վերաքննիչ քրեական դատարանում՝ Ռ. Բարսեղյան, Տ. Սահակյան, Ս. Մարաբյան կազմով, շարունակվեց Դավիթ Հարությունյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալները երկուսն էին, բացի Դավիթ Հարությունյանից՝ ամբաստանյալի աթոռին էր նաև  Հրաչ Հովհաննիսյանը:

Ըստ մեղադրանքի՝ 19-ամյա Դավիթ Հարությունյանը,  հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ կրտսեր սերժանտ, 2017 թվականի հոկտեմբերի 13-ից 27-ն ընդգրկված է եղել մարտական հերթապահությունում:

Ըստ մեղադրանքի՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 12-ն անց 40-ի սահմաններում մարտական դիրքում առույգ հերթափոխի դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ նա իր ծառայակից՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արամ Խ.-ի հետ «միջանձնյա լարված հարաբերություններ ունենալու հանգամանքով պայմանավորված, վրեժի շարժառիթով սպանելու նպատակով իջեցրել է իրեն ամրակցված ինքնաձիգի ապահովիչը, մարտական փամփուշտներով լի պահեստատուփը ամրացված վիճակում՝  լիցքավորել է զենքը, փողն ուղղել է տվյալ պահին իր հետ խոսակցության մեջ գտնվող Արամ Խ.-ի կրծքավանդակին, սեղմել է ձգանը»:

Արդյունքում Դավիթ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, արձակել է կրակոցներ: Արամ Խ.-ն կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող մահացու վնասվածքներ է ստացել ու մահացել: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ կրտսեր սերժանտը դիրքում արձակած կրակոցներով դիտավորությամբ սպանել է զինվորին…

Ըստ դատական ակտի՝ Դավիթ Հարությունյանը դեպքից անմիջապես հետո անձնակազմին հայտնել է, իբր՝ Արամին կրակել է հակառակորդը, իսկ դրանից հետո նա հայտնել է, իբր Արամն է ինքն իր վրա կրակել՝ ինքնասպանություն գործելու նպատակով…

Բացի դիտավորյալ սպանության մեղադրանքից, Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել նաև 2017 թվականի հոկտեմբերի 17-ին ծատայակից Սևակ Ս.-ի նկատմամբ, իսկ հոկտեմբերի 19-ին ծառայակից, վերը արդեն հիշատակված  Արամ Խ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ իրեն «ոտքից քաշելու եղանակով արթնացնելու» պատճառով…

22-ամյա Հրաչ Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով դասակի հրամանատար, կոչումով՝ լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ, պետ,  2017 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 21-ի սահմաններում իմանալով, որ զինծառայողներ Դավիթ Հարությունյանն ու Սևակ Ս.-ն միմյանց վիրավորանք են հասցրել, կատարվածի մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը: Բացի այդ, հոկտեմբերի 20-ին Դավիթ Հարությունյանի կողմից Արամ Խ.-ի վրա կրակելուց հետո, երբ Դավիթ Հարությունյանը «անկանոն վազվզում էր», նրան հայհոյել, ծեծի է ենթարկել՝ մի քանի անգամ ապտակել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Առաջադրված մեղադրանքում Դավիթ Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե ինքը չէր ցանկանում, որ նման բան տեղի ունենա, Արամին սպանելու նպատակ չուներ: Ինքը բոլորի հետ ջերմ հարաբերությունների մեջ է եղել:

2017 թվականի հոկտեմբերի 19-ին ինքն ու ծառայակից Նարեկը կանգնած էին մարտական դիրքում: Ձայներ են լսել հակառակորդի կողմից: Այդ ժամանակ լիցքավորել էր ինքնաձիգը ու չէր լիցքաթափել:

Հաջորդ օրը ինքը դիրքում գտնվելու ժամանակ զրուցում էր Արամի հետ տարբեր թեմաներից: Իրար հետ կատակներ էին անում: Ինքն Արամին ասել է՝ էնքան ես փորել, որ լրիվ «սերեբրիստի» ես դառել: Նա էլ կատակել է՝ ավելի լավ է «սեռի» լինեմ, քան քո նման սև: Ինքն էլ ուղղել ու ասել է՝ «սերեբրիստի»: Հետո Արամը կատակով բահով իր վրա հող է լցրել, իսկ ինքը կատակով զենքն ուղղել է նրա վրա: Նա բռնել է զենքից, այս ու այն կողմ է տարել ու ասել է՝ կրակի: Նա իրեն «ազարտի էր գցում», իրենք երկուսն էլ հասկանում էին, որ զենքը միևնույնն է՝ չի կրակելու: Ինքը կատակով փորձել է վախեցնել, ապահովիչը չրխկացրել է, որ նա ապահովիչի ձայնից վախենա ու հետ քաշվի: Բայց երբ սեղմել է ձգանը, անակնկալ կրակահերթ է արձակվել: Հետո չի հիշում՝ ինչ է կատարվել: Ինքը գոռում էր, որ Արամին օգնեն, փրկեն կյանքը:

Ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը պնդել է, թե իր ու Արամի միջև վեճ չի եղել, ոչ ոք վեճի ձայն չի լսել: Մի քանի օր առաջ Սևակի կողմից իրեն քնից արթնացնելու հետ կապված ինքը զայրացել է, որովհետև քնաթաթախ է եղել: Հետո ինքն ու Սևակը «բարիշել են»: Արամ Խ.-ի հետ կապված նմանօրինակ միջադեպ չի եղել, ըստ գրաֆիկի՝ նա իրեն արթնացնել չէր կարող…

Ամբաստանյալ Հրաչ Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե կրակահերթից հետո լսել է, որ Դավիթ գոռում էր՝ հակառակորդը հարձակվեց: Ինքը տագնապ է տվել, գնացել է դիրք, տեսել է Դավիթին, որն ասում էր. «Չէի ուզում, նա ասեց՝ կրակի, կրակեցի»: Տեսել է, որ Արամն ընկած է, հասկացել է՝ ինչ է պատահել: Դավիթն իրեն ադեկվատ չէր պահում, ասում էր՝ հեռախոս տվեք, զանգեմ պապային, ու վազվզում էր: Ինքը նրան ուշքի բերելու համար մեկ անգամ ապտակել է:

Վկա Սևակ Ս.-ն հայտնել է, թե մի անգամ Արամը Դավիթի հասցեին վիրավորական բառ է ասել, որովհետև նա ծխախոտը պահում ու իրենցից էր ծխախոտ ուզում: Պատահել է՝ ինքն ու Արամը դիտակետում քնել են, Դավիթը իմացել է…

Ըստ ծառայակիցների՝ Արամը հանգիստ, ոչ կոնֆլիկտային անձնավորություն էր, բայց սխալ բան տեսնելու դեպքում անտարբեր չէր մնում, արձագանքում էր…

Դավիթը դիրքում իրականացվող աշխատանքներին չէր մասնակցում, պատճառաբանում էր, թե չի կարողանում աշխատել, եթե աշխատի՝ չի կարողանա դիտակետում կանգնել: Նա ասում էր՝ առողջական խնդիր ունի, դիրքում աշխատելու տեղը կարող է «տորթ պատրաստել»:

Դավիթը, ըստ ծառայակիցների վկայությունների՝  «փորձում էր անձնակազմի շրջանում հեղինակություն ձեռք բերել, աշխուժություն էր դրսևորում, փորձում էր տարբերվել մյուսներից»… Արգելված էր առաջնագծում ծխելը, բայց Դավիթն ասում էր, թե չի կարող երկու ժամ առանց ծխելու դիմանալ…

Ըստ ծառայակցի վկայության՝ երբ վիրավոր Արամին դիրքից պատգարակով տեղափոխում էին, Դավիթը մոտեցել ու  ասել է՝ չէի ուզում, կներես, ախպերս…

Դատարանը Դավիթ Հարությունյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների, մասնավորապես՝ դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև՝ 360 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով:

Դավիթ Հարությունյանը վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հոկտեմբերի  20-ից:

Հրաչ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին և 358.1 հոդվածի 1-ին մասերով ու  վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Դավիթ Հարությունյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում: Քաղհայցը մնացած մասով թողնվել է առանց քննության, տուժողի իրավահաջորդին իրավունք է վերապահվել այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Դավիթ Հարությունյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի  220 հազար 080 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Այս դատավճիռը բողոքարկվել է միայն Դավիթ Հարությունյանի մասով: Դատավճիռը Հրաչ Հովհաննիսյանի մասով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Դավիթ Հարությունյանի մասով դատավճիռը բողոքարկել են դատավարության բոլոր կողմերը:

Ամբաստանյալի շահերի պաշտպաններ Ա. Թորոսյանն ու Ա. Կարապետյանը իրենց բողոքում պահանջել են, որ դիտավորյալ սպանության մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, իրենց պաշտպանյալ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կայացվի արդարացման դատական ակտ՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Մեղադրող դատախազն ու տուժողի իրավահաջորդը՝ սպանված Արամի եղբայրը, պահանջել են պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ պատիժը խստացնելու առումով:

Մասնավորապես՝ տուժողի իրավահաջորդը պահանջել է նաև դիտավորյալ սպանության մասով արարքը վերաորակել՝ Դավիթ Հարությունյանին մեղավոր ճանաչել ծանրացուցիչ հանգամանքում կատարված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, և հանցանքների համակցությամբ նրան դատապարտել «անհամեմատ ավելի խիստ պատժի»:

Տուժողի իրավահաջորդը պահանջել է նաև ամբողջությամբ բավարարել քաղհայցի պահանջը՝ ամբաստանյալից բռնագանձել 3 միլիոն դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված նյութական վնասի հատուցում:

Դատական այս նիստին կողմերը սկսեցին ներկայացնել իրենց վերաքննիչ բողոքները:

Մեղադրող դատախազը պահանջեց միայն պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացման առումով: Ըստ մեղադրանքի կողմի՝ առաջին ատյանի դատարանը ամբաստանյալի նկատմամբ սահմանել է արարքին ոչ համաչափ, ակնհայտ մեղմ պատիժ:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված զինվորի եղբայրը, նկատելի դժվարությամբ ընթերցեց վերաքննիչ բողոքը՝ պահանջելով նախ՝ վերաորակել արարքը՝ ամբաստանյալին մեղավոր ճանաչել ոչ թե «հասարակ» դիտավորյալ սպանության, այլ՝ ծանրացուցիչ հանգամանքում՝ խուլիգանական դրդումներով կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի ոչ թե՝ 1-ին, այլ՝ 2-րդ՝ ավելի ծանր մասով, և սահմանել «անհամեմատ» ավելի խիստ պատիժ: Տուժողի իրավահաջորդն ասաց նաև, թե համաձայն չէ, որ իր ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարվել է մասնակիորեն, պահանջում է քաղհայցի պահանջը բավարարել ամբողջությամբ՝ 3 միլիոն դրամի չափով:

Դատարանը հարցեր ուղղեց տուժողի իրավահաջորդին: Նախ՝ ճշտեց, որ բողոքը գրվել է իրավաբանի կողմից: Դատարանը տուժողի իրավահաջորդին պարզաբանեց այն, ինչ չէր պարզաբանել բողոքը գրող իրավաբանը՝ դատարանը գործը քննում է այն մեղադրանքի ծավալով, որը ներկայացրել է մեղադրանքի կողմը: Եթե մեղադրողը չի միջնորդել արարքը վերաորակել դիտավորյալ սպանության ավելի ծանր մասով, ապա դատարանն իրավունք չունի մեղադրանքի՛ խստացման առումով արարքի վերաորակում կատարել: Դատարանը հետաքրքրվեց նաև՝ տուժողի իրավահաջորդը ներկայացրե՞լ  է արդյոք տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի մասին փաստեր, որոնք կհավաստեն ծախսված 3 միլիոն դրամի մասին: Տուժողի իրավահաջորդն ասաց, թե ծախսերը հավաստող փաստաթղթեր չունի, իր ներկայացրած գումարը ներառում է նաև գերեզմանի կառուցումը: Դատարանը պարզաբանեց, որ առաջին ատյանի դատարանը քաղհայցը բավարարել է միայն հուղարկավորության ծախսերի հատուցման մասով, իսկ մնացած մասը թողել է առանց քննության՝ իրավունք վերապահելով այն ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:

Վերաքննիչ բողոքը սկսեց ներկայացնել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Կարապետյանը:

Պաշտպանը ներկայացրեց առաջադրված մեղադրանքն ու այն հանգամանքները, որոնք հաստատված է գնահատել առաջին ատյանի դատարանը:

Ապա անդրադարձավ վկաների ցուցմունքներին՝ ընդգծելով, որ վկաների մեծ մասի դատաքննական ու նախաքննական ցուցմունքները եղել են հակասական, վկաների մեծ մասը դատարանում ի հայտ է բերել հիշողության կորուստ, իսկ երբ հրապարակվել են նախաքննական ցուցմունքները, նրանք չեն կարողացել վերհիշել ու վերարտադրել որևէ դրվագ: Վկաների այս վարքագիծը պաշտպանական կողմի դիրքորոշմամբ՝ վկայությունն է այն բանի, որ նախաքննական ցուցմունքները չեն կարող արժանահավատ համարվել:

Դատավոր Ս. Մարաբյանը հարցադրում կատարեց. մեր դատական պրակտիկայում ամենատարածված երևույթն է՝ վկաների «հիշողության կորուստը» դատարանում,  միգուցե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վկաները չեն կարողանում դատարանում՝ դռնբաց դատական նիստի ժամանակ, երբ դահլիճում բազմաթիվ մարդիկ են ներկա, կրկնել այն, ինչ ասել են նախաքննության ժամանա՞կ, ու առաջ է գալիս փրկարար հիշողության կորուստը: Պաշտպանը չբացառեց այդ երևույթի առկայությունը դատական պրակտիկայում, սակայն միաժամանակ մնաց իր դիրքորոշմանը, որ տվյալ գործով վկաների համատարած մոռացկոտությունը նախաքննական ցուցմունքների արժանահավատության օգտին չէ:

Պաշտպանն ընդգծեց, որ ինչպես նախաքննական մարմինը, այնպես էլ առաջին ատյանի դատարանը ծառայակիցների միջև կենցաղային մանր-մունր խոսակցությունները մեկնաբանել են որպես

«միջանձնյա լարված հարաբերությունների»,  «վրեժի շարժառիթով դիտավորյալ սպանություն կատարելու» դրդապատճառներ, ինչը, պաշտպանական կողմի դիրքորոշմամբ՝ իրականությանը չի համապատասխանում: Մասնավորապես՝ վկաները դատարանում նշել են, թե փոքրիկ առճակատումներ եղել են ծառայության ընթացքում, բայց իրենք «բարիշել են», միջանձնյա հարաբերությունները բոլորովին էլ լարված չեն եղել:

Դատարանը ճշգրտող հարցեր տվեց՝ ի վերջո՝ ամբաստանյալն ընդունո՞ւմ է, որ տուժողը մահացել է իր կրակոցից:

Պաշտպանը պատասխանեց՝ այո, ամբաստանյալն ընդունում է այդ հանգամանքը, բայց նա իր դատաքննական ցուցմունքում պնդել է, որ տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել, կրակոցը անզգուշորեն է ստացվել, քանի մոռացել էր զենքը լիցքավորած լինելու մասին:

Պաշտպանական կողմի դիրքորոշմամբ՝ տուժողը սպանվել է անզգույշ կրակոցի ու զենքի հետ վարվելու կանոնները խախտելու  արդյունքում, իսկ դիտավորյալ սպանության մեղադրանքում Դավիթ Հարությունյանը պետք է արդարացվի:

Պաշտպանական կողմն իր բերած վերաքննիչ բողոքը կշարունակի հիմնավորել նաև հաջորդ նիստում:

Ըստ ամբաստանյալի հարազատների՝ Դավիթը չէր կարող դիտավորյալ սպանել ծառայակցին, քանի որ ամենուր՝ դպրոցում, բնակության վայրում, ծառայության ընթացքում բնութագրվել է դրական, ի վերջո՝ նա տարիուկես մեր երկրի սահմանն է պաշտպանել տուժողի հետ կողք կողքի, նա չէր կարող դիտավորյալ սպանություն կատարել: Առաջադրված մեղադրանքն ու առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ըստ ամբաստանյալի հարազատների, իրականությունից չեն բխում…

Տուժող կողմն իր վերաքննիչ բողոքի ուղղվածությամբ արդեն իսկ ներկայացնում էր համոզմունքը, որ կատարվել է դիտավորյալ սպանություն, որի համար ամբաստանյալի նկատմամբ պետք  է նշանակվի «անհամեմատ» խիստ պատիժ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments