Այս օրերին Հայաստանում առավել քննարկվող թեմաներից մեկն այն է, թե արդյո՞ք լրատվամիջոցներն ու սոցկայքերի օգտատերերն իրավունք ունեն ակնհայտ կեղծ եւ հայհոյախառը տեղեկատվություն տարածել, եւ արդյո՞ք դրանց դեմ պայքարը կարելի է գնահատել որպես խոսքի եւ մամուլի ազատության ոտնահարում:

Տեսակետները տարբեր են: Իշխանությունների դեմ նման քարոզչություն իրականացնողներն ու դրա քաղաքական շահառուները, հասկանալի է, գտնում են, որ իրենք կարող են ինչ կեղծիք ասես՝ տարածել, ու որեւէ մեկն իրավունք չունի իրենց որեւէ թթու խոսք ասել, որովհետեւ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք է: Հակառակ կողմն էլ գտնում է, որ խոսքի ազատությունը՝ խոսքի ազատություն, բայց գոյություն ունի ինչ-որ սահման, որից այն կողմ արդեն պետական շահն է, որի հետ պարտավոր են հաշվի նստել բոլորը:

Իրականում սա բավականին բարդ խնդիր է, որովհետեւ իրավական կարգավորումները հստակ չեն, ու հստակեցնելու ցանկացած փորձ էլ իսկապես կարող է իր մեջ խոսքի ազատության սահմանափակման պոտենցիալ վտանգ պարունակել: Բայց համաձայնվեք՝ ամեն ինչ չէ, որ կարող է ամենայն մանրամասնությամբ իրավական կարգավորումներ ունենալ, պիտի լինեն նաեւ չգրված կանոններ ու ներքին կարգավորումներ: Միայն մի օրինակ բերենք, որն առաջին հայացքից կարող է մանրուք թվալ, բայց բավականին ճշգրտորեն է ներկայացնում այն, ինչ տեղի է ունենում ներհայաստանյան քարոզչական հարթակներում:

Եվ այսպես, շվեյցարական հեղինակավոր թերթերից մեկն անդրադառնում է Հայաստանին ու դրական լույսի ներքո ներկայացնում մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները: Հայաստանի հակաիշխանական քարոզչամիջոցներն անմիջապես ահավոր աղմուկ են բարձրացնում, թե դա պատվիրված հոդված է, իշխանությունները դրա համար «հարկատուների հաշվին» մոտ 7 միլիոն դրամ են վճարել, եւ այլն: Շվեյցարական թերթն, իհարկե, պաշտոնապես տեղեկացնում է, որ այդ հոդվածը կոմերցիոն բնույթ չի կրում եւ գրվել է առանց պատվերի (հակաիշխանական քարոզչամիջոցները, հասկանալի է, չէին «ֆայմել» իրենց հրապարակումներից առաջ հարցում ուղարկել այդ թերթի խմբագրությանը), բայց սա դեռ մի կողմ թողնենք:

Միջազգային լրատվական հարթակներում, ինչպես հայտնի է, հայ-ադրբեջանական քարոզչական պատերազմ է ընթանում, եւ ադրբեջանցիները դրա վրա ահռելի գումարներ են ծախսում: Ընդորում՝ աշխատում են ոչ միայն Ադրբեջանը դրական լույսի ներքո ներկայացնելու, այլեւ Հայաստանը սեւացնելու ուղղությամբ: Հիմա հարց է ծագում՝ ի՞նչ պիտի աներ նավթադոլարներով սնվող ադրբեջանական քարոզչամեքենան՝ միջազգային լրատվամիջոցներում այս կամ նման մեկ այլ հոդվածի հրապարակումից հետո: Ճիշտ է, պիտի կաշվից դուրս գար՝ ցույց տալու համար, որ դա ընդամենը կոմերցիոն բնույթի վճարովի հոդված է: Եվ, ի դեպ, հաստատ դրա վրա 14 հազար դոլարից շատ ավելի մեծ գումար կծախսեր: Բայց պարզվեց՝ նման ծախսերի կարիք չկա, կարելի է խնայել այդ գումարը (օրինակ՝ուղղել ադրբեջանական բանակին), որովհետեւ հայկական քարոզչամիջոցներն իրենց փոխարեն մեծ հաճույքով եւ օպերատիվությամբ արեցին այդ գործը: Իսկ այն պատճառաբանությունը, թե այդպես արեցին, որովհետեւ այդհոդվածի նպատակը Փաշինյանի անձնական PR-նէր, որեւէ քննության չի դիմանում: Ինչէ, եթե այդպիս իհոդված ընդհանրապես չտպվեր, դրանից Փաշինյանի վարկանիշն ահավոր անկո՞ւմ կգրանցեր: Իհարկե ոչ: Իսկ ահա հոդվածի (եւ ընդհանրապես՝ նման հոդվածների) հրապարակումն այսպես թե այնպես ինչ-որ չափով նպաստում է Հայաստանի միջազգային հեղինակության աճին:

Մի խոսքով՝ ստացվում է, որ հայկական որոշ քարոզչամիջոցներ խոսքի ազատությունն օգտագործում են Հայաստանի պետական շահերի դեմ: Գիտակցաբար, թե ոչ՝ այլ հարց է: Բայց մեղավորը, վստահաբար, խոսքի ազատությունը չէ: Պատճառը հստակ կարգավորումների բացակայությունն է: Այդ թվում՝ նաեւ ներքին ու չգրված:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •