Արդյո՞ք Կուտոյանին «հիշել» են ԱԱԾ-ից կորած թղթապանակների դրվագով

- in Ով ով է ...

ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար․ երեկ նման հաղորդագրություն է տարածել երկրի ղեկավարի գրասենյակը։ Անտարակույս, գործող իշխանության պատվի խնդիրն է այս առեղծվածային մահվան հանգամանքները պարզաբանելը։

Իսկ մինչ այդ արձանագրենք, որ երեկ ՀՀ Քննչական կոմիտեն տարածել է հերթական պաշտոնական հաղորդագրությունը, որը, սակայն, ավելի շատ հարցեր է ծնել՝ դրանց պատասխանները տալու փոխարեն։

«․․․Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, Գ. Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սևակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան:

Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին:

Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:

Քննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու- երեք օր հանգստանալու իր մտադրության մասին:

2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին»,- մասնավորապես ասված է նախաքննություն իրականացնող մարմնի տարածած հաղորդագրության տեքստում:

Համենայն դեպս, առաջին տպավորությունն այն է, որ զարգացվում է ինքնասպանության վարկածը, ընդ որում՝ ՔԿ-ի պնդումները հուշում են, որ Գեորգի Կուտոյանը նման ցանկություն ունեցել է դեռ դեկտեմբերի վերջին։ Մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծվում, որ կարևոր մի հանգամանք, չբացահայտված մի գործոն ակնհայտորեն ճնշել է ԱԱԾ նախկին տնօրենին, այլ խոսքով՝ եթե նույնիսկ ընդունենք, որ ինքնասպանության վարկածը ճիշտ է, ապա կարծիք է ձևավորվում, որ ինչ-որ մարդիկ կամ հանգամանքներ ստիպել են, որպեսզի Գեորգի Կուտոյանը մտածի ծայրահեղ այդ քայլի մասին։

Վարկածները կարող են տարբեր լինել, ի վերջո՝ Կուտոյանը պաշտոն է զբաղեցրել մի իշխանության մեջ, որը հայտնի է իր կրիմինալ բնույթով։ Սակայն այսօր ձեռնպահ կմնանք վարկածներից, ենթադրություններից, կարծիքներից՝ շահարկումներից խուսափելու, զգայական տեսակետներ չարտահայտելու համար։

Միայն հիշեցնեմ, որ ամիսներ առաջ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ ԱԱԾ-ում հեղափոխությունից հետո Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր են ոչնչացվել։ Ավելի ուշ, Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ոչնչացված փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է։ Արդյո՞ք Կուտոյանին «հիշել» են այս դրվագով, ի՞նչ կապ ունեն ԱԱԾ-ից կորած թղթապանակները Կուտոյանի մահվան հետ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments