Արժանավոր գեներալի ողբերգությունը

- in Պնակալեզներ

Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել: Նա անդրադարձել էր Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանման հրամանատար Սոլեյմանիի սպանությանը եւ մասնավորապես վրեժ լուծելու կոչ արել:

Ծննդյան տոներին Արշավիր Ղարամյանի հետ Ստեփանակերտում հանդիպելուց հետո ԱԺ Իմ քայլը դաշինքի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը գրառում էր արել նրա հետ զրույցի մասին. «Գիտե՞ք, քաղաքականության մեջ հաճախ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կորում է սթափությունը և մարդուն գնահատելու պարտադիր պայմանը: Մենք տարիներով սովորել ենք մարդկանց լավ գործերը, հերոսական քայլերը և հայրենիքին, պետությանը մատուցած ծառայությունը գնահատել հետմահու: Ոչ, ես դեմ եմ այդ ձևին և այդ մոտեցմանը: Արժանավոր մարդիկ պետք է ամեն մի օրը զգան մեր հարգանքը, սերը, վստահությունը, ջերմությունը, հոգատարությունը, որն ամենափոքրն է իրենց արածը գնահատելու համար»:

Սոֆիա Հովսեփյանն ըստ ամենայնի ցանկացել է պաշտպանության տակ առնել գեներալին: Խնդիրն իսկապես կա, հատկապես ոչ վաղ անցյալի մեր պատմությունից, որը գրվել է այնպես, որ օրինակ նույն Սոֆիա Հովսեփյանին ոչինչ չեն ասում Տողի Արմենչոյի, Դավիթ Սարապյանի, Մաճկալաշենի պաշտպանների եւ հարյուրավոր այլ մարդկանց անունները: Սա իհարկե չի նսեմացնում նրանց վաստակը, ում անունները հայտնի են: Եվ դա կապ ունի արդեն քաղաքականության, գնահատման սանդղակների, PR-ի եւ այլնի հետ: Իսկ վերջիններս էլ կապ ունեն այն բանի հետ, թե ով է իշխանությունը, ինչպես է պատվիրում գրել պատմությունը եւ ովքեր են մնում այդ պատմության մեջ:

Վերադառնանք Արշավիր Ղարամյանի գրառմանը: Արձագանքելու կարիք թերեւս չէր լինի, եթե նա չլիներ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա, այն էլ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար: Այն էլ այն պարագայում, երբ կա Արցախի պաշտոնական արձագանքը, եւ ենթադրվում է՝ այն միասնական է: Եթե Արցախի պաշտոնական արձագանքը գեներալի սրտով չէր, նա կարող էր հրաժարական տալ եւ տարածել իր պատկերացումը:

Հնարավոր է «քաղաքականության մեջ կորչում է սթափությունը», ինչպես ասում է Սոֆյա Հովսեփյանը: Եվ այս պարագայում հարցեր են առաջանում արցախցի պաշտոնյային՝ նա ամբողջական պատկերացում ունի՞, թե ինչ է կատարվել, ինչ հետեւանքներ են ունենալու իրանցի գեներալի սպանությունը, ինչ զարգացումներ են սպասվում մի կողմից ԱՄՆ-Իրան-Եվրոպա, մյուս կողմից՝ Իրան-Ռուսաստան-Թուրքիա հարթություններում: Եթե այո, ապա ո՞րն է այդ գրառման իմաստը:

Թե՞ խնդիրը ոչ թե իրանցի գեներալի սպանությունն է, այլ Արցախի նախագահի առաջիկա ընտրությունը եւ դրան մասնակցելու ցանկությունը, հույս ունենալով, որ հակաամերիկյան հռետորաբանությամբ իր վրա կգրավի Մոսկվայի ինչ որ շրջանակների ուշադրությունը եւ աջակցությունը: Ընդհանրապես, Արշավիր Ղարամյանը, լինելով վաստակաշատ զինվորական, տեղյա՞կ է, թե արցախյան առաջին պատերազմի ժամանակ եւ հետո քաղաքական ինչ դեր է խաղացել ԱՄՆ-ն, եւ ինչ դեր՝ Ռուսաստանը, չհաշված հայերի դեմ ռուսական բանակի պատժիչ արշավանքները Գանձակից մինչեւ Դիզակ:

Ինչ վերաբերվում է Իրանին, այստեղ նախեւառաջ մի պարզ հարց է առաջանում՝ ինչու Արցախի իրար հաջորդող իշխանությունների օրոք մինչ այժմ լիարժեք վերաբնակեցված չէ Արաքսի հովիտը, ինչը աշխարհքաղաքական կարեւորագույն գործոն է թե հայկական պետականության, թե բարեկամ Իրանի անվտանգության համար: Փող չկա՞ր, Մոսկվա՞ն չէր թողնում, թե՞ այլ, ավելի մերկանտիլ պատճառ կար:

Երբ արժանավորները կտրվում են իրենց միջավայրից, դառնում քաղաքական խաղերի օբյեկտ, դա ոչ միայն անձնական, այլեւ հանրային-պետական ողբերգություն է՝ իր հետեւանքներով հանդերձ: Հանրության, հատկապես Իմ քայլը խմբակցության պարտականությունն է շտկել հանրային-պետական խեղված հարաբերություններն ու արժեհամակարգը, գնահատման սանդղակը, որպեսզի մարդիկ իսկապես գնահատվեն իրենց կենդանության օրոք:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments