Armen Ashotyan

Վարչապետի, նրա դստեր, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի միջեւ գրառումների շրջանառված թեմայի ֆոնին, ԱԱԾ նախկին պետին ֆեյսբուքյան գրառումով չորս հարց է հիշեցրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ասելով, որ դրանց պատասխանը դառնում է արդիական.

  1. Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը։
  2. Այս ընթացքում ի՞նչ հանձնարարականներ է տվել Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, կոմպրոմատներ գտնելու, հետապնդելու։
  3. Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող արտաքին քաղաքականության նկատմամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ իրական հարաբերություններում։
  4. Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ Արցախի հարցում։
Եթե Արթուր Վանեցյանն ուզում է լուրջ քաղաքական հայտ ներկայացնել, այլ ոչ թե մնալ փաշինյանական ընտանեկան լրահոսի թիրախում, ապա պատասխաններից խուսափել չի ստացվի, գրել է Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի գրառումն ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի նկատմամբ: Ընդ որում, ՀՀԿ փոխնախագահը նրան դնում է երկիմաստ վիճակում: Եթե ԱԱԾ նախկին պետը չի պատասխանում հարցերին, փաստացի «հաստատում» է Արմեն Աշոտյանի կասկածը: Եթե պատասխանում է, ապա գործնականում ոչ թե լուրջ քաղաքական հայտ է ներկայացնում, այլ փաստացի բավարարում է ՀՀԿ քաղաքական պահանջը:

ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանն այդ իմաստով օգտագործում է պահը, եթե իհարկե գաղափարը նրանն է, եւ ոչ թե օրինակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանինը:

Մյուս կողմից, Արմեն Աշոտյանը դեռեւս ամիսներ առաջ հայտարարել էր, թե նոր իշխանության դեմ որեւէ համախմբում չի ստացվի առանց ՀՀԿ-ի: ՀՀԿ-ն բաց չի թողնում այդ հարցում դիրքերը պահելու եւ ամրացնելու որեւէ հնարավորություն: Բանն այն է, որ ստեղծվել է յուրահատուկ մի վիճակ: Եթե օրինակ ՀՀԿ իշխանության գործնականում վերջին տասնամյակում իշխանության հասնելու համար նախ պետք էր անցնել ԲՀԿ-ից, ապա ՀՀԿ իշխանությունից հետո արդեն ստացվում է իրերի այնպիսի մի դասավորություն, որ իշխանության ճանապարհը անցնում է ՀՀԿ-ով, կամ Մելիք Ադամյանով, ինչպես դեռեւս իշխանության ժամանակ հայտարարել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Թվում է, որ նրա հայտարարությունը ՀՀԿ իշխանության լինելու մասին հայտարարություն էր միայն, բայց հեղափոխությունից հետո իրերի դրությունն ու նոր իրավիճակը գործնականում հավելյալ իմաստ են հաղորդել ՀՀԿ խոսնակի հայտարարությանը՝ իշխանության հասնելու համար դրան հավակնող ուժերը նախ պետք է կարողանան անցնել Մելիք Ադամյանով՝ որտեղ ՀՀԿ գրասենյակն է:

Առանձնակի հետաքրքիր է այն, որ ՀՀԿ-ն իշխանության չի հավակնում, ինչը առավել մեծացնում է այդ միավորի ճկունությունն ու անկաշկանդությունը եւ դարձնում գործնականում անանցանելի:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •