Արսեն Թորոսյանը՝ ապօրինի որդեգրումների մասին

- in Առողջություն
erexa

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ապօրինի որդեգրությումների գործին։

«Մենք մեր լիազորությունների շրջանակներում կանոնակարգում ենք ծննդօգնության ծառայությունների մատուցումը։ Իհարկե, դրա մեջ նաև ներառում ենք այնպիսի գործընթացներ, որոնք կկանխարգելեն բուժաշխատողի և ապագա մոր կամ հարազատների միջև ոչ օրինական հարաբերությունները։ Նաև հիմա փորձում ենք կանոնակարգել հետծննդյան այնպիսի դեպքերի վարումը, որոնք մինչ այս կասկածներ էին առաջացնում հղի կանանց մոտ, թե ուր է իրենց մահացած երեխայի դիակը։ Այդ մասը կանոնակարգման առումով մի քիչ բաց էր, փորձելու ենք այնպես անել, որ թե ամեն ինչ պարզ լինի, թե ամեն ինչ լինի ծնողների համաձայնությամբ և թե նման կարգերը խախտելու դեպքում պատիժ լինի»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ գործի շրջանակներում կան դրվագներ, որ բուժաշխատողները դրդել են ծնողներին թողնել երեխաներին։ Նախարարն ասաց, որ նաև բուժաշխատողների համար կրթական ծրագրեր կիրականացնեն։ Նախարարը նաև անդրադարձավ հարցին, որ երեխաների ապօրինի որդեգրումների գործով կազմակերպված բուրգ է գործել։ «Դրա մասին շատ է խոսվել, բազմաթիվ մարդիկ են ներգրավված եղել ըստ քրեական գործի նյութերի։ Կարծում եմ՝ պետք է քննչական մարմինները, երբ գործն ամբողջությամբ կբացահայտեն, ներկայացնեն»,- հավելեց նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...