Արվեստը պետք է կարողանա զարգանալ նաև պետությունից անկախ

- in Մշակույթ

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է, որ վերջին տարիներին Հայաստանում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, այնինչ թատրոնի կառավարման ձևը նույնն է մնացել:

«Կան խնդիրներ կապված աշխատանքային օրենսգրքի հետ, որը բացարձակապես հաշվի չի առնում թատրոնի ստեղծագործական բնույթը, ստեղծագործողի կարգավիճակը: Փառք Աստծո, գնումների մասին օրենքի հետ կապված որոշակի փոփոխություններ տեղի ունեցան: Պետք է փաստել, որ թատրոններում չափազանց մեծ է բյուրոկրատիան: Թղթավարությունն ահռելի չափերի է հասել: Թատրոնի կառավարման ձևը պետք է փոխվի: Ասել եմ և հիմա էլ կասեմ, որ երկրում չի զարգանա ազատ արվեստը, քանի դեռ չի ընդունվել մեկենասության մասին օրենքը, ինչը չափազանց կարևոր է: Սա միայն ֆինանսական հարց չէ, սա նաև բիզնեսը արվեստին կապելու հարց է»,-շեշտեց Բաբայանը:

Նրա խոսքով` արվեստը պետք է կարողանա զարգանալ նաև պետությունից անկախ: «Հայաստանը պետք է ունենա սիմֆոնիկ նվագախումբ, պետք է ունենա կամերային նվագախումբ, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, պատկերասրահ, քանի որ այդ ամենը մեր ինքնությունն է, մեր անձնագիրը: Պետությունը պետք է  ազատ հարկային դաշտ ստեղծի այդ ամենի համար»,-ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Բաբայանի համոզմամբ`երբ խոսում ենք թատրոնի զարգացումից, հաճախ միայն մտածում ենք բեմադրվող նոր ներկայացումների մասին, այնինչ հաշվի չենք առում, որ Հայաստանում նոր թատրոններ ու թատերախմբեր չեն ստեղծվում, ուրեմն օրենսդրական դաշտում ինչ-որ բան այն չէ: «Ստեղծվում են նոր լրատվամիջոցներ, առողջապահական հիմնարկներ, առևտրային կետեր, կրթական օջախներ. սա նշանակում է, որ այս բոլոր ասպարեզներում օրենսդրությունն ազատ ու բնականոն զարգացման հնարավորություններ է ընձեռում: Իսկ մեր թատերարվեստում նման բան չկա։ Բայց չէ՞ որ ամենահետաքրքիր գաղափարները ծնվում են նոր թատերախմբերում, մրցակցության արդյունքում»,-ընդգծեց նա:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի թատերախումբը 2020 թվականին հյուրախաղերով ելույթներ կունենա տարբեր երկրներում՝ ներկայացնելով մանուկների և մեծահասակների համար նախատեսված բեմադրություններ:

Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը. «Ապրիլին Կրակովում խաղալու ենք Զառա Անտոնյանի «Թևավորը» հրաշալի ներկայացումը, Կանադայում հանդես ենք գալու «Մատնաչափիկը» մանկական ներկայացմամբ, Մոսկվայում ցուցադրելու ենք «Քրիստոֆեր»-ը, Ռուսաստանում ներկայացնելու ենք նաև «Ամպից պոկված հեքիաթը»: Ամենակարևորն այն է, որ այս բոլոր գործերում հիմնականում երիտասարդ դերասաններ են զբաղված»:

Անդրադառնալով առաջնախաղերին` թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ փետրվարի 11-ին բեմ կբարձրանա Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է» վեպի հիման վրա բեմադրված դրամատիկ ներկայացումը, որի ռեժիսորը թատրոնի դերասանուհի և ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանն է:

«Հետաքրքիր է լեհ դրամատուրգ Զագրադնիկի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Սոլո ժամացույցի համար» ներկայացումը, որը խաղալու ենք   Տիկնիկային թատրոնում, Մայր թատրոնում և Համազգային թատրոնում:  Բեմադրության մեջ զբաղված են դերասաններ տարբեր թատրոններից: Երիտասարդների և մեծահասակների մասնակցությամբ յուրահատուկ ներկայացում է լինելու, և մենք ցանկանում ենք հնարավորություն տալ մեր երիտասարդներին հանդես գալ փայլուն դերասանների հետ: Հույս ունեմ, որ այն հետագայում կխաղանք Վանաձորում, Գյումրիում»,-տեղեկացրեց Բաբայանը:

Նրա խոսքով` բեմադրելու են «Կարմիր գլխարկը», «Երեք քույրերը», հավանաբար, նաև «Մարդուկ-Ջարդուկը»: «Բանակցում ենք հրաշալի նկարիչ Դարոն Մուրադյանի հետ: Նա արտակարգ թատերական երևակայություն ունի: Կարծում եմ` բեմադրելու ենք «Վիննի Փուհ արջուկը» ներկայացման երկրորդ մասը: Երիտասարդ դերասան և ռեժիսոր Րաֆֆի Մելքոնյանը մոնոներկայացմամբ է հանդես գալու` մատուցելով «Կոկորդիլոս» ինտերակտիվ ներկայացումը»,-եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments