Արցախում կայանալիք ընտրությունները պետք է անցնեն սիրո և փոխըմբռնման մթնոլորտում

- in Ընտրություններ
LGHH

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին։

Պարգև արքեպիսկոպոսը նշել է, որ քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ավելի ուժեղացած և ոչ թե պառակտված։ Արցախի հոգևոր հայրը քաղաքական ուժերին կոչ է արել որոշակի պատասխանատվություն ստանձնել դա ապահովելու համար: «2020 թվականի մարտի վերջին տեղի են ունենալու Արցախի Հանրապետության նախագահի և ԱԺ ընտրություններ։ Ես՝ որպես արցախցիների հոգևոր ծնող, ամեն ինչի համար պատասխանատվություն եմ կրում Աստծու առջև և կամենում եմ, որ մեր այս ընտանիքում ամեն ինչ լինի հաշտ ու համերաշխ։ Ես թույլ չեմ տա խրամատ փորել իմ զավակների միջև»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Արքեպիսկոպոսը հավելել է, որ Արցախում կայանալիք ընտրությունները պետք է անցնեն սիրո և փոխըմբռնման մթնոլորտում։ Հանդիպմանը ներկա են եղել մինչ այժմ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, նաև՝ անհատ գործիչներ՝ Վիտալի Բալասանյանը, Աշոտ Ղուլյանը, Մասիս Մայիլյանը, «Ազատ հայրենիքից» Արթուր Թովմասյանը, ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, նաև՝ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։

Խոսելով հանդիպման մասին՝ Խանումյանն ասաց. «Անկեղծ ասած, երբ Պարգև սրբազանը ինձ զանգահարեց և հրավիրեց, ես մտածեցի՝ ամանորյա տոնակատարություն է։ Գնացինք, պարզվեց, որ Պարգև սրբազանը կոչ ունի քաղաքական ուժերին ու գործիչներին։ Որևէ կերպ չեմ մեկնաբանի. եթե սրբազանը ինչ-որ անհանգստություն ու մտահոգություն է տեսնում՝ իր  խնդիրն է, ու ես չեմ փորձի դա մեկնաբանել»։

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ինքն այդ կոչի տակ չի ստորագրել, նշեց՝ դրա իրավասությունը չուներ. «Որովհետև մեր կուսակցությունում որևէ բանին միանալուց առաջ նախ քննարկում է տեղի ունենում, համաձայնեցվում  է, և հետո նոր որոշում կայացվում»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments