Բաքուն հաստատեց Հայաստանի վարչապետին. խայտառակության թարմ ապացույցը

- in Մշակույթ
Erazhshtutyun

Հայաստանցի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի պրոդյուսերական գործակալությունը տարածել է տեղեկություն, որով վերհաստատել է՝ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսուֆ Էյվազովը հրաժարվել է Դրեզդենի Օպերային պարահանդեսի բացմանը ելույթ ունենալ Ռուզան Մանթաշյանի հետ:

Մանթաշյանի պրոդյուսերական ընկերությունը հայտնել է, որ հրավերի առնչությամբ նամակագրություն է ունեցել օպերայի ղեկավարության հետ ու հանգել հրավերի գրեթե վերջնականացման, սակայն հետո ստացել նամակ, որ Էյվազովը հրաժարվում է:

Այդ մասին առաջին տեղեկությունը հայաստանյան լրահոսում տարածվեց բավականին խորհրդանշական օր՝ 1990 թվականին Բաքվում հայերի հանդեպ կազմակերպված  ջարդի 30-րդ տարելիցին:

Հայաստանի քաղաքական վերնախավը մասնակցեց Երեւանում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հիշատակի արարողությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ տարածած հայտարարության մեջ հիշատակում էր Ադրբեջանի պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությունը, դրա բազմաթիվ օրինակներն առ այսօր: Փաշինյանը հայտարարեց, որ այլեւս երբեք թույլ չի տրվի անել հայ ժողովրդին բնաջնջելու կամ գաղթեցնելու որեւէ փորձ, եւ Հայաստանը, Արցախը, համայն հայությունը հաստատակամ են «պատմական հայրենիքում՝ այդ թվում Արցախում» հայ ժողովրդի ապրելու եւ զարգանալու հարցում:

Ադրբեջանցի օպերային երգիչը շատ արագ «եկավ» Հայաստանի վարչապետի գնահատականը հաստատելու: Ինչու՞ է հրաժարվել Էյվազովը հայ երգչուհու հետ համատեղ ելույթից: Անկասկած այն պատճառով, որ դրա համար նա արժանանալու էր քննադատության եւ գուցե ավելի ծանր հետեւանքների:

Էյվազովը տուրք է տվել հենց Ադրբեջանում վարվող պաշտոնական հայատյացությանը, դրանով իսկ հաստատելով այն գնահատականը, որ տարիներ շարունակ հնչեցրել է Հայաստանն ու որը վերհաստատել է վարչապետ Փաշինյանը հունվարի 13-ին: Ադրբեջանն այդպիսով հերթական «նվերն» է արել Հայաստանին, Արցախին, հայությանը՝ էքզիստնեցիալ անվտանգության փաստարկն ու հրամայականը ձեւակերպելու եւ միջազգային քաղաքականության օրակարգում հստակ ներկայացնելու գործում, ընդգծելով խնդրի ոչ միայն քաղաքական, մարդասիրական, այլ պարզապես քաղաքակրթական բնույթը: Իսկ դա նշանակում է, որ հարցը լոկ Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունը չէ, այլ անվտանգության միջազգային համակարգի կայունությունն ու կառավարելիությունը, որտեղ փոքր ինչ թերագնահատումը մետաստազը կարող է հասցնել ընդհուպ եվրոպական օպերային բեմեր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...