Բոլորին հայտնի գաղտնալսողը. նոր զարգացում աղմկոտ գործում

- in Կեղտոտ լվացք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ի առավոտյան լուսանկար էր հրապարակել հարցաքննության «վայրից»՝ Քննչական կոմիտեի քննիչի աշխատասենյակից:

Նիկոլ Փաշինյանը տեղեկություն էր հրապարակել, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայանում է քննիչի աշխատասենյակ հարցաքննության:

Նիկոլ Փաշինյանը որպես վկա եւ տուժող հարցաքննության է կանչվել ԱԱԾ-ՀՔԾ պետ եւ ԱԱԾ պետ-վարչապետ հեռախոսազրույցների գաղտնալսումների հայտնի գործով: Այդ գաղտնասլումներից մեկը հրապարակվեց Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությանը, մյուս՝ խորհրդարանի արտահերթ ընտրությանը:

Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանը դեռեւս պաշտոնավարման ընթացքում հայտարարեց, որ հայտնի է գաղտնալսման պատվիրատուն, որը ըստ նրա՝ հանրությանը հայտնի անձ է: Անուն, սակայն, Արթուր Վանեցյանը չնշեց, ասելով, որ անձը հայտնի է, սակայն բավարար չեն ապացույցները:

Տեղեկություն եղավ նաեւ, որ գաղտնալսումն իրականացվել է ԵՏՄ երկրներից մեկի տարածքից: Հայտնի է նաեւ, որ վարչապետը գաղտնալսվել էր՝ գտնվելով Սանկտ-Պետերբուրգում՝ ԵՏՄ վարչապետների հավաքի շրջանակում, իսկ ԱԱԾ նախկին պետը գաղտնալսվել էր ֆուտբոլի ֆեդերացիայի գործերով Շվեյցարիայում գտնվելու ընթացքում, իր խոսքով՝ օդանավակայանի ճանապարհին:

Արդյոք քննությունն այս ընթացքում առաջ է գնացել ապացույցների ձեռքբերման առումով: Ինչի՞ մասին կարող է խոսել վարչապետին հարցաքննության հրավիրելու փաստը՝ հերթական ընթացքի՞, թե՞ առաջընթացի: Թե խոսք կարող է լինել ընդհանրապես անակնկալ առաջընթացի մասին:

Այդ ամենով հանդերձ, գաղտնալսման գործով վարչապետին որպես վկա եւ տուժող հարցաքննության հանգամանքը հետաքրքիր է դիտվում այս օրերին ներքին կյանքում «տրենդային» դարձած իրողության՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի եւ վարչապետի այսպես ասած դիմակայության նոր ալիքի ֆոնին: Ի դեպ, եթե վարչապետ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել քննիչի աշխատասենյակից՝ փաստորեն գաղտնալսման գործով քննության շրջանակում, ապա ԱԱԾ նախկին պետը հրապարակել էր թվիթերյան գրառում, ասելով, թե երբ ամիսներ առաջ պետության անվտանգության համար մտահոգություն էր բարձրաձայնում, նկատի ուներ նաեւ ՍԴ շուրջ զարգացումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments