Բոլորի փոխարեն աշխատում է միայն Նիկոլ Փաշինյանը՝ սխալվելու, ձախողվելու մեծ ռիսկերով

- in Վերլուծական

Կառավարության վերջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» կարգախոսին և նշել է, որ մեկնաբանություններ եղան, թե այս կարգախոսի գաղափարախոսությունն այն է, որ երկրի ղեկավարը կստանա ժողովրդի հոր կարգավիճակը:

Վարչապետը նշել է, որ իրենք կառավարության ղեկավարի գործառույթը պատկերացնում են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայության ձևով: «Մենք ժողովրդի հայր կամ չգիտեմ ինչ լինելու հավակնություն չունենք, որովհետև ժողովրդին համարում ենք մեր գործատուն: Մենք սպասավորներ ենք ու պետք է մեր սպասավորությունն իրականացնենք մաքսիմալ անկեղծ, արդյունավետ ու մինչև վերջ»,- ասել է նա:

Հերթական անգամ բախվում ենք այն իրականությանը, որ Նիկոլ Փաշինյանը շրջանառու է դարձնում վիճելի մի գաղափար, միտք, կարգախոս, հետո, հանդիպելով օբյեկտիվ քննադատության, փորձում է սրբագրել այն միսիոներական ձևակերպումներով։

Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքական կարգախոսները կոնկրետ գաղափարախոսության, ծրագրի արդյունք են։ Եթե Փաշինյանն իր կուսակցության համագումարում մերժում է «իզմ»-երը կամ գաղափարախոսությունները, ապա տրամաբանությունը հուշում է, որ հանդես պետք է գա ոչ քաղաքական ուղերձներով, կարգախոսներով, որոնցից մեկը թերևս «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» կարգախոսն է։

Երկիրը չպետք է իջեցվի օջախի կենցաղային մակարդակի, կամ հասարակությունը շատ ավելի բազմաշերտ ու բազմահարթակ կատեգորիա է՝ ընտանիքի մոդելի հետ նույնանալու համար։ Հենց միայն նման կարգախոսի առկայությունը հուշում է, որ հեղափոխության թիմի մոտ բացակայում է պետական կառավարման մասին համարժեք պատկերացում։ Հակառակ պարագայում տուրք չէր տրվի կենցաղային մոտեցումներին կամ սլոգաններին, որոնք տոտալիտար բնույթ ունեն։

Հեռու ենք այն մտքից, որ Փաշինյանի ստեղծած իշխանությունն ավտորիտար է, սակայն հիմնված է բացառապես մեկ մարդու հեղինակության կամ վարկանիշի վրա։ Ցանկացած անձնիշխանություն ռիսկային է ու ժամանակի ընթացքում փոխակերպվում է ավտորիտարիզմի կամ դատապարտվում է ֆիասկոյի։

Ցավոք, Հայաստանում անձնիշխանության չեղարկման նախադրյալներ, գոնե մոտ ապագայում, չկան։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարվել, այսպես կոչված, սուպերվարչապետական համակարգից՝ այսպիսով պահպանելով ավտորիտարիզմի ռեստավրացիայի ինստիտուցիոնալ հիմքերը, մյուս կողմից՝ իշխանությունը դե ֆակտո անձնակենտրոն է։

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում իշխանության համակարգը, կառավարությունը, պետական ինստիտուտները չեն գործում, և բոլորի փոխարեն աշխատում է միայն Նիկոլ Փաշինյանը՝ սխալվելու, ձախողվելու մեծ ռիսկերով։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի երկրների ՀՆԱ-ների վերաբերյալ գրառում է անում, որը հետո խմբագրվում է իր իսկ կողմից, սակայն դրանով հանդերձ՝ կոշտ քննադատության է արժանանում փորձագիտական շրջանակներում և հեգնանքի առարկա է դառնում հարևան երկրում, կամ՝ Նիկոլ Փաշինյանը սխալ պնդում է անում Զինված ուժերում մահացության թվի մասին, թե իբր անցած տարի արձանագրվել է զոհերի պատմական մինիմում: Ընդ որում, տեղեկությունը թե՛ պաշտոնականին և թե՛ ոչ պաշտոնականին է հակասում:

Անձնիշխան համակարգերում կառավարման որակը մշտապես կաղում է՝ ձախողման ակնհայտ ռիսկերով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...