Ո՞ւմ էր խանգարում Գեորգի Կուտոյանը

- in Ով ով է ...

Գեորգի Կուտոյանը չէր անցնում ո՛չ Քննչական կոմիտեի, ո՛չ Հատուկ քննչական ծառայության, ո՛չ էլ Ազգային անվտանգության ծառայության վարույթներում քննվող քրեական գործերով:

Նա այն նախկին պաշտոնյաներից էր, որ թավշյա հեղափոխությունից հետո հրապարակավ գրեթե չի երևացել ու, կարելի է ասել, քաղաքական առումով՝ պասիվ կյանք էր վարում։ Այս հանգամանքը, սակայն, ամենևին էլ չի նսեմացնում ոչ Կուտոյանի դերակատարությունը և ոչ էլ այն ողբերգական իրադարձությունը, որը երեկ նրա մահվան պատճառ է դարձել։

38-ամյա Գեորգի Կուտոյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցն էր: Նախագահի 2016 թվականի հրամանագրով փետրվարի 12-ին նշանակվել էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար՝ փոխարինելով Գորիկ Հակոբյանին, և այդ պաշտոնից ազատվել էր 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխությունից հետո: Մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը, Կուտոյանը զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:

Երիտասարդ իրավաբանը հանրությանը հայտնի է դարձել 2011 թվականին, երբ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական: Գեորգի Կուտոյանը նաև 2013 թ. սեպտեմբերի 4-ին Նախագահի հրամանագրով ընդգրկվել էր Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում:

Գեորգի Կուտոյանը ԱԱԾ-ում պաշտոնավարել է երկու տարուց մի փոքր ավելի, սակայն նրա պաշտոնավարման շրջանում տեղի են ունեցել առանցքային իրադարձություններ, հետաևաբար՝ նա Հայաստանի ամենատեղեկացված մարդկանցից էր, Սերժ Սարգսյանի հավատարիմ պաշտոնյաներից մեկը։ Նա շատ դեպքերից ու անուններից էր քաջատեղյակ, ներառյալ ՊՊԾ գնդի գրավումը և տարբեր գործիչների դերակատարումը այդ իրադարձությունների ժամանակ, Սերժ Սարգսյանի դեմ կազմակերպված զինյալ խմբերի բացահայտումները։

Սա Հայաստանի համար բարդ մի ժամանակաշրջան էր, երբ՝ օգտվելով ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից, Մոսկվան, ըստ էության, մեծացրեց իր մասնաբաժինը Հայաստանի կառավարման գործընթացում՝ նպատակ ունենալով հասնել Հայաստանի, այսպես ասած, «աբխազացմանը»՝ իշխանության տրանզիտի միջոցով, ու պարզ չէ՝ ինչ ընթացք կունենար երկիրը, եթե չհաղթեր թավշյա հեղափոխությունը։

Մյուս կողմից՝ Կուտոյանի պաշտոնավարման շրջանում է տեղի ունեցել Ապրիլյան պատերազմը, որի հետ կապված ահռելի ինֆորմացիայի, անշուշտ, տիրապետել է ԱԱԾ նախկին տնօրենը։ Ավելորդ է ասել, որ այդ տեղեկատվությունը Հայաստանի համար խիստ արդիական է նաև այսօր։

Եվ վերջապես՝ Կուտոյանի ուշադիր հայացքի ներքո է ընթացել հայկական հեղափոխությունը, որի ընթացքում տեղի է ունեցել նաև հին համակարգի տրանսֆորմացիան, ֆիասկոն՝ ուղեկցված բազմաթիվ անտեսանելի ինտրիգներով, որոնց փաստորեն տիրապետել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Ի՞նչ գիտեր և ո՞ւմ էր խանգարում Կուտոյանը։

Սա հարց է, որի պատասխանը պարտավոր է տալ նախաքննության մարմինը, մանավանդ, որ հասարակությունն ու քաղաքական ուժերն, անկեղծ լինենք, առանձնապես չեն հավատում ինքնասպանության վարկածին։ «Ենթադրում եմ, դա իմ կարծիքն է, որ սա անցյալի արձագանքն է, որը որ մենք մինչ օրս լսում ենք, անընդհատ նման ցավոտ արձագանքի ենք ականատես լինում»,- երեկ ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ու այս կարծիքը տիրապետող է հասարակության շրջանում։

Ի դեպ, ուշագրավ է, որ Գեորգի Կուտոյանի մահվանից ժամեր առաջ http://hy.wikipedia.org/ առցանց հանրագիտարանում «Գեորգի Կոտոյան» անվամբ մասնակիցը փորձել է հեռացնել նախկին պաշտոնյայի կենսագրությունը։ Գեորգի Կուտոյանի մասին հոդվածի պատմությամբ երևում է, որ հոդվածից առնվազն երեք անգամ փորձել են տեղեկատվությունը հեռացնել։ Երկու անգամ՝ սույն թվականի հունվարի 3-ին, և մեկ անգամ հունվարի 16-ին։ Երկու անգամ հոդվածի բովանդակությունը փորձել է հեռացնել «Գեորգի Կոտոյան» անվամբ մասնակիցը, և մեկ անգամ չգրանցված մասնակից` IP հասցեով։ Առցանց հանրագիտարանի խմբագիրներից Յուրա Մկրտչյանի խոսքով՝ IP հասցե տեղորոշող ծառայությունները ցույց են տալիս, որ տվյալ IP-ն հայաստանյան է։ «Բայց դեռ հստակ բան ասել չենք կարող, ինչպես չենք կարող ասել, որ տվյալ մասնակիցը՝ «Գեորգի Կուտոյան» գրանցվածը, Կուտոյանն էր, թե ոչ։ Անհասկանալի է այդ պարագայում», – նշել է Մկրտչյանը։

Կարծում եմ՝ այս հանգամանքը ևս չպետք է վրիպի նախաքննության մարմնի ուշադրությունից։

Գլոբալ հարթության վրա տեղի է ունեցել ողբերգություն, որը պետք է առիթ դառնա ամբողջ անվտանգային միջավայրի վերանայման համար, եթե նույնիսկ տեղի ունեցածը ինքնասպանություն է։ Նման կարգավիճակ ունեցող մարդու սպանությունը կամ նույնիսկ ինքնասպանությունը հարված են պետությանը, նրա ինստիտուտներին, անվտանգությանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments