Atrchanak

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Եղոյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մարտի 26-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, Արթուր Եղոյանը գործով չպարզված անձի հետ ուրիշի գույքի գաղտնի հափշտակության շուրջ նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք է գործել Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում գտնվող  տներից մեկը:

Արթուրն ու չպարզված անձը փորձել են հափշտակել 1 միլիոն 356 հազար 650 դրամ ընդհանուր արժողությամբ գույք՝ խմիչքներ, խաղալիք մեքենաների հավաքածու, սպասք, նկար, սրբապատկեր, կենցաղային այլ ապրանքներ:

Գողոնի մի մասն առանձնացրել, լցրել են սփռոցի մեջ, կապոցը դրել են հյուրասենյակի հատակին: Գողոնի մյուս մասը տեղափոխել են նշված տան հարևան բակ, սակայն գողությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքով պայմանավորված: Դեպքի վայր առանձնատանը տեղադրված ահազանգման համակարգը միացել, իրազեկել է տանտիրոջը, վերջինս էլ ահազանգել է ոստիկանություն:

Ոստիկանության աշխատակիցները ահազանգով մեկնել էին դեպքի վայր՝ հիշյալ տան մոտ:

Արթուր Եղոյանն ու նրա հանցընկերը, ըստ մեղադրանքի, չեն ենթարկվել ոստիկանության աշխատակից Հայկազ Գ.-ի օրինական պահանջին: Նրանք, ըստ մեղադրանքի, հարձակվել են ոստիկանի վրա, նրան տապալել են գետնին: Արթուր Եղոյանը «նստել է ոստիկանի վրա, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ սեղմել է պարանոցը, պահանջել է լռել: Ինքնությունը չպարզված անձը այդ ընթացքում բռնել է ոստիկանի ոտքերից, թույլ չի տվել, որ նա շարժվի: Ոստիկան Հայկազ Գ.-ն, զգալով, որ խեղդվում է, չի կարողանում ազատվել Արթուր Եղոյանի ձեռքից, իրեն ամրակցված հաշվեցուցակային զենքից վախեցնելու նպատակով մեկ անգամ օդ է կրակել: Դրանից հետո Արթուր Եղոյանն ու նրա հանցընկերը դիմել են փախուստի…»:

Ոստիկան Հայկազ Գ.-ն բռնել է Արթուր Եղոյանին, իսկ երկրորդ անձը կարողացել է փախչել: Արթուր Եղոյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին…

41-ամյա Արթուր Եղոյանին մեղադրանք է առաջադրվել գողության փորձի և ոստիկանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ նրան դիմադրություն ցույց տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի   34-177 հոդվածի  3-րդ մասի 1.1 կետով և 316 հոդվածի 2-րդ մասով:

Արթուր Եղոյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, թե դեպքի օրը իրենց հարևանի աղջիկը մահացել էր, իսկ իր կինը գտնվում էր Մոսկվայում: Ինքը նախորդ օրվա երեկոյան ժամը 23-ի սահմաններում տուն է գնացել, հաց է կերել, մեկ շիշ օղի է խմել, պառկել է բազմոցին ու քնել: Արթնացել է ուժեղ գլխացավից: Գնացել է խանութ, որ ծխախոտ գնի: Անցել է դեպքի վայր տան մոտով: Ոչ մի խանութ բաց չի եղել: Նույն ճանապարհով վերադարձել է: Իմացել է, որ նշված տանը մարդ չկա, տան կողքի մուտքով մտել է տարածք, ձեռնոց ու փորելու գործիք է վերցրել, կողպեքը ջարդել ու մտել է տուն: Օղի է փնտրել, «սիգնալիզացիան» աշխատել է, ինքը անմիջապես դուրս է եկել: Երբ ազդանշանի ձայնը կտրվել է, նորից ներս է մտել, բացել է պահարանները, դրանց մեջ եղածը լցրել է սփռոցի մեջ, ցանկացել է դուրս բերել, նկատել է, որ «բարի» նման պահարան էլ կա: Բացել ու խմիչքներ է գտել, վերցրել է: Արդեն վերցրած ապրանքները թողել է պատի տակ ու դուրս է եկել, ոտնաձայներ է լսել, կարծել է՝ տանտերն է: Շրջվել, խնդրել է իրեն չբռնել, ասել է, թե բան չի գողացել, իսկ կոտրած դուռը անձամբ կնորոգի: Այդ պահին «խլացուցիչ ձայն է լսվել ականջի մոտ, դաղոց է զգացել վզի հատվածում, հետո էլ ոչինչ չի հիշում… Ուշքի է եկել ոստիկանական մեքենայի մեջ, շալվարի վրա կարմիր հետքեր է նկատել, կոշիկները հագից դուրս էին եկել, ոտքերը քերծված էին, մտածել է՝ իրեն քաշելով են դուրս բերել: Ոստիկանության բաժնում շտապօգնություն են կանչել, վերքը վիրակապել են: ՁՊՎ-ում է իմացել, որ իր վզին կրակել են…»:

Ըստ տուժող ճանաչված ոստիկանի՝ ինքն ահազանգով գնացել է դեպքի վայր, ցատկել է տան բակ, երկու հոգու է տեսել, ասել է՝ կանգնեք տեղներդ, չեն ենթարկվել, հարձակվել են իր վրա, գցել են գետնին, մեկը փորձել է խեղդել իրեն, մյուսը ոտքերն է բռնել: Որպեսզի ազատվի՝ ստիպված նախազգուշական  կրակոց է արձակել: Իր վրա հարձակվածներից մեկը փախել է, մյուսին ինքը հասցրել է բռնել ու բերման է ենթարկել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Արթուր Եղոյանի պարանոցի շրջանի հրազենային գնդակային շոշափող-միջանցիկ վիրավորման արդյունքում նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Ոստիկան Հայկազ Գ.-ին պատճառված վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել:

Դատարանը հաստատված է գնահատել Արթուր Եղոյանին առաջադրված մեղադրանքները:

Դատարանն արձանագրել է, որ Արթուր Եղոյանի պարանոցին  հայտնաբերված վերքային խողովակն ունի ներքևից վերև ուղղություն, հետևաբար՝ այդ վնասվածքը կարող էր առաջանալ տուժող Հայկազ Գ.-ի կողմից պառկած դիրքից  արձակված կրակոցից:

Դատարանը այս հանգանքով նույնպես հաստատված է գնահատել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը:

Դատարանն անարժանահավատ է գնահատել Արթուր Եղոյանի ցուցմունքի այն մասը, համաձայն որի՝ ինքը ոստիկանին դիմադրություն ցույց չի տվել:

Արթուր Եղոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 316 հոդվածի 2 –րդ մասով: Արթուր Եղոյանը վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2018 թվականի մարտի 26-ից:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •