Գրիչի պատմության խորհրդանշական ու տողատակային իմաստը

- in Կարծիք

Համացանցը «ցնցած» գրիչի պատմության վերաբերյալ որոշակի պարզաբանումներ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել կեղծիքով, և կեղծիքով այդ պաշտոնին հայտնված մարդը չի կարող աշխատել, ինչպես չի կարող կեղծիքով որևէ պաշտոն վարել որևէ այլ մարդ:

Ու թեև վարչապետ Փաշինյանը փորձել է հիմնավորել և պարզաբանել թե՛ գրիչի պատմության խորհրդանշական ու տողատակային իմաստը, թե՛ վերահաստատել Թովմասյանի հարցում դիրքորոշումը, այդուհանդերձ այդ համատեքստում առավել սուր կամ ընդգծված է դառնում հարցը՝ ինչպե՞ս: Ինչպե՞ս է իշխանությունը պատրաստվում լուծել Հրայր Թովմասյանի հարցը, որտեղ կարծես թե բոլոր շեշտադրումներն արված են վաղուց, և այդ իմաստով հանրության կողմնորոշումներն էլ կարծես թե հստակ են թե՛ Թովմասյանի հեռանալու, թե՛ այդ հարցում իշխանության ոչ իրավացիության կամ որևէ այլ մոտեցման առումով: Եվ մնացել է հարցը՝ ինչպե՞ս է Հրայր Թովմասյանը հեռանալու այն պաշտոնից, որտեղ հայտնվել է կեղծիքով, ինչպես կարծում է Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, հայտնի է նաև, որ այդ առիթով կա հարուցված քրգործ: Միևնույն ժամանակ, կա ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքը, որը, սակայն, ավելի շուտ թողնում է բուտաֆորիկ նշանակություն, որովետև շատ դժվար է պատկերացնել, թե ո՞ր դատավորն է այդ օրենքով հեռանալու և փոխելու ՍԴ ստատուս-քվոն, և կա Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկը, որտեղ ենթադրվում են կառուցվածքային-ինստիտուցիոնալ փոփոխությամբ լուծման տարբերակներ: Միաժամանակ ակնառու է, որ կա հանրային որոշակի պահանջարկ՝ հարցը կտրուկ լուծելու կապակցությամբ:

Դրան զուգահեռ, նկատելի է նաև այն, որ այդօրինակ լուծումները իշխանության համար կարող են բերել խնդիրներ արտաքին ընկալումների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի հետ հարաբերության իմաստով: Հատկանշական է, որ ՍԴ շուրջ իրավիճակի նոր սրումը կամ թեժացումը հաջորդում է Վենետիկի հանձնաժողովի հետ Հրայր Թովմասյանի տեսակապին, որ տեղի էր ունեցել օրեր առաջ: Ինչ էր քննարկվել Բուքիքիոյի և մյուս անդամների հետ՝ մանրամասն հայտնի չէ, սակայն հատկանշական է դրանից հետո իրադարձությունների թեժ զարգացումն ու սրված բանավեճը: Դա իշխանության արձագա՞նքն է, որը պայմանավորված է այդ տեսակապին հաջորդած վստահությա՞մբ, թե՞ անվստահությամբ:

Մի բան ակնառու է՝ նոր իշխանությունը չի գնացել Հրայր Թովմասյանին, այսպես ասած, ծառայության վերցնելու առաջարկն ընդունելու ճանապարհով, և Նիկոլ Փաշինյանը գրիչի պատմությունը ներկայացրել է հենց որպես ՍԴ-ն ենթարկեցնելու մտադրության բացակայություն և չի գնում նաև իրավիճակի կամայական հանգուցալուծման ճանապարհով:

Ո՞ւր է տանում երրորդ ճանապարհը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments