Եվրոպական Միությունը ուշի ուշով հետևում է Հրայր Թովմասյանի և ՍԴ շուրջ զարգացումներին

- in Կարծիք

Եվրոպական Միությունը ուշի ուշով հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներին: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ պատախանելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին հարցին՝ ավելացնելով, որ ընթացքի մեջ գտնվող գործերը չի մեկնաբանում:

«Մենք տեղյակ ենք, որ արդարադատության նախարարությունը սերտ շփումների մեջ է միջազգային կառույցների հետ, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի հետ ևս: Նախկինում պաշտոն զբաղեցնող անձանց մասին ես չեմ կարող խոսել, կարող եմ միայն կոնկրետ գործերով խոսել, սակայն մենք չենք մեկնաբանում կոնկրետ գործերը, և խիստ կզարմանայի, եթե կոնկրետ քննվող գործով լիներ միջամտություն: Սակայն մենք տեսնում ենք, որ դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրվում են ջանքեր, մենք այդ ջանքերին սատարում ենք, և այդ հանգամանքը մեզ համար շատ կարևոր է»,- ասաց դեսպանը:

Ըստ նրա՝ կարևոր հանգմանք կա՝ հիմա քաղաքակակ կամքը առկա է, և մնում է այդ բարեփոխումներն իրագործել: «Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու այդ բարեփոխումներին»,- հավելեց նա:

Անդրեա Վիկտորինը անդրադարձավ Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, ասաց, որ այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, մասնավորապես, խոշտանգման և արգելված վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրվում:

«Եվ այս ուղղությամբ համագործակցութուն կա նաև միջազգային կառույցների հետ: Կարծում եմ իրավիճակը բարելավվել է, բայց բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնք անհրաժեշտ է իրականացնել: Չեն լինի մարդու իրավունքներ, եթե չկա իրավունքի գերիշխանություն: Չորս ամիս է, ինչ այստեղ եմ, շատ տպավորված եմ դատական համակարգի բարեփոխումներում գործադրվող ջանքերով, և այս հարցում Եվրոպական միությունը կարևոր գործընկեր է լինելու: Դեկտեմբերին նիստ գումարվեց Բրյուսելում, երկու կողմերը համակարծիք են, որ մենք առաջընթաց ենք արձանագրում: Բայց դա չի նշանակում, որ կարող ենք կանգ առնել: Պետք է շարունակել այդ աշխատանքերը, դուք դա տեսնում եք Հայաստանի կառավարության կողմից, հավատացնում եմ՝ Եվրոպական միության կողմից էլ դա կտեսնեք: Մենք շատ տպավորված ենք նաև՝ տեսնելով կառավարության՝ Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությամբ գործադրվող ջանքերը»,- ասաց նա:

Դեսպանը նաև նշեց, որ այսօր Հայաստանում ԶԼՄ-ների մեծ ազատություն կա, կարող են առանձին դեպքերում լինել ճնշումներ այս կամ այն լրատվամիջոցի վրա, բայց դա տեսնում ենք ցանկացած երկրում: «Մենք այսօր դիտարկում ենք նաև ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կառավարության հետ որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունը»,- հավելեց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments