Երեւանի արձագանքը ԱՄՆ առաջարկին

- in Վերլուծական

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի հետ: Զրույցի ընթացքում երկու նախարարները քննարկել են թե երկկողմ գործակցությունը, թե ռեգիոնալ հարցեր:

Հորդանանի արտգործնախարարը նախորդ տարի դեկտեմբերի սկզբին այցելել էր Հայաստան: Այդ այցի ընթացքում, ի դեպ, հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստան կժամանաի Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին:

Հայաստանի եւ Հորդանանի արտգործնախարարների հեռախոսազրույցը ուշադրության է արժանի մերձավորարեւելյան նոր իրադրության եւ հեռանկարների ֆոնին: Հորդանանը մերձավորարեւելյան առանձնահատուկ պետություններից է: Այն ԱՄՆ հատուկ դաշնակից երկրների շարքում է: Միաժամանակ, բավականին սերտ է Հորդանանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունը: Այդ հանգամանքը հատկանշական է ռեգիոնալ նոր իրավիճակում ՆԱՏՕ-ի մերձավորարեւելյան ընդլայնման ամերիկյան գաղափարի ֆոնին:

Դեռեւս նախորդ տարեսկզբից միջազգային մամուլում շրջանառվեց մերձավորարեւելայն երկրների անվտանգային բլոկի ստեղծման ԱՄՆ վարչակազմի գաղափարը: Ըստ այդմ դիտարկվում էր ստեղծել արաբական պետություններից կազմված մերձավորարեւելյան անվտանգության դաշինք: Դրա հետ մեկտեղ, արաբական պետությունների միջեւ առկա լուրջ հակասություններն ըստ երեւույթին որոշակիորեն սառեցրին գաղափարը: 2017 թվականից բոյտոկի եւ դիմակայության ռեժիմ է Սաուդյան Արաբիայի եւ Կատարի՝ ԱՄՆ երկու այլ ռեգիոնալ դաշնակից արաբական երկրների միջեւ: Սաուդյան Արաբիայի կողմում է Արաբական Միացյալ Էմիրությունները: Ի դեպ, այդ խնդրի հիմքում է այն, որ Կատարին մեղադրում են Իրանի հետ լավ հարաբերության համար:

Բաղդադում իրանցի գեներալի սպանությունից հետո տեղի էր ունեցել Կատարի էմիրի եւ ԱՄՆ նախագահի հեռախոսազրույց, որից մի քանի օր անց Կատարի էմիրը անսպասելի այցով ժամանել էր Թեհրան:

Արդյոք ներարաբական հարցերի պատճառով է, որ որոշակիորեն սառել էր մերձավորարեւելյան դաշինքի գաղափարը: Համենայն դեպս, իրանցի պաշտոնյայի չեզոքացման գործողությունից հետո ԱՄՆ դարձյալ բարձրացրել է հարցը, սակայն փոքր ինչ այլ ասպեկտով: ԱՄՆ նախագահ Թրամփը խոսում է ՆԱՏՕ-ն դեպի Մերձավոր Արեւելք ընդլայնելու մասին, իսկ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը խոսել էր մերձավորարեւելյան ռեգիոնում ՆԱՏՕ-ի դերի աշխուժացման կարեւորության մասին:

Ըստ երեւութին, արաբական երկրների առանձին դաշինք ստեղծելու հարցում խնդիրները Վաշինգտոնին հիմք են տալիս մտածել նրանց ավելի մեծ դաշինքի՝ ՆԱՏՕ-ի մեջ ներառելու հնարավորության մասին, ինչն անկասկած զգալիորեն կնվազեցնի ներարաբական հարցերի արգելակիչ ազդեցությունը:

Հորդանանն այդ նոր համատեքստում ունի առանցքաին նշանակություն, հաշվի առնելով այն, որ ռեգիոնում ՆԱՏՕ ամենամոտ կանգնած պետությունն է եւ դաշինքի հետ ունի առանձնակի հարաբերություն:

Երեւան-Ամման հաղորդակցությունն այդ համատեքստում ձեռք է բերում բազմաշերտ կարեւորություն:

Ակնառու է, որ մերձավորարաւելյան ռեգիոնը թեւակոխում է անվտանգության համակարգի առանցքային վերափոխման շրջադարձային փուլ, որտեղ Երեւանը կարող է ունենալ իր առանցքային դերակատարումը թե կովկասյան շղթայում հիմնարար նշանակության, թե մերձավորարեւելյան ռեգիոնում հայկական ներկայության ասպեկտով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments