Հայաստանի ԱԳՆ հայտնել է հունվարի 29-ին կամ 30-ին Ժնեւում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին: Ըստ հաղորդագրության, Հայաստանի արտգործնախարարը Ժնեւում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ Ադրբեջանի արտգործնախարարին: Հանդիպումն առաջինն է 2020 թվականին:

Մնացականյան-Մամեդյարով նոր հանդիպմանն ընդառաջ պաշտոնական Երեւանը վարչապետի մակարդակով արեց մի շարք կարեւոր հայտարարություններ, որոնք էական են սպասվող նախարարական հանդիպման համատեքստում: Նախ հայտարարվեց, թե ինչ բովանդակության շուրջ է բանակցել նախորդ իշխանությունն, ու այդպիսով ստեղծվեց այդ բովանդակության հանդեպ հանրային նոր զանգվածային մերժման ալիք: Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռեգիոնալ անվտանգության եւ կայունության համար թե Հայաստանի ու Արցախի, թե Ադրբեջանի ղեկավարի անձնական պատասխանատվության մասին:

Բանն այն է, որ 2020 թվականի առաջին հանդիպումն առանձնահատուկ է նրանով, որ տեղի է ունենում Ադրբեջանում նախընտրական իրավիճակում, խորհրդարանի արտահերթ ընտրությունից մի քանի օր առաջ: Փետրվարի 9-ին Ադրբեջանն ընտրելու է նոր խորհրդարանը, որը մեծ հավանականությամբ կլինի Ադրբեջանի նոր իշխանության «կմախքը»:

Խորհրդարանը ցրելուց առաջ Բաքվում տեղի էր ունենում տասնամյակներ շարունակ իշխանության տարբեր դիրքերում գտնվող ազդեցիկ գործիչների հեռացում: Գագաթնակետը դարձավ խորհրդարանը լուծարելու մասին որոշումը, որի մասին հայտարարվեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի Մոսկվա կատարած առաջին պաշտոնական այցից հետո: Ալիեւան Մոսկվայում հանդիպեց ՌԴ նախագահ Պուտինին, որն էլ նրան պարգեւատրեց բարեկամության ու հարաբերության գործում մեծ ջանքի համար: Ալիեւայի վերադարձից անմիջապես հետո հայտարարվեց խորհրդարանը լուծարելու մասին, որը բացատրվեց իրողությամբ, թե այն չի համապատասխանում Ադրբեջանի նախագահի վարած քաղաքականությանը, համարժեք չէ դրան եւ նոր իրողություններին:

Նոր իրողությունն անշուշտ Հայաստանում թավշյա հեղափոխությունն է, ինչը հետ է թողել Ադրբեջանին, այն դեպքում, երբ Իլհամ Ալիեւը Հայաստանում 2018 թվականի ապրիլին սպասվող Սերժ Սարգսյանի «երրորդ ժամկետին» ընդառաջ կայացրել էր Ադրբեջանի նախագահի ընտրությունը վեց ամիս շուտ անցկացնելու որոշում: Սակայն, թավշյա հեղափոխությամբ Երեւանը դարձյալ հետ գցեց Բաքվին, խորացնելով նաեւ այն փակուղին, որի առաջ Ադրբեջանին դրել էր 2016-ի ապրիլին հայկական բանակի ինքնիշխան դիմադրությունը:

Ռուսաստանի օգնությամբ այն հաղթահարելու Բաքվի մտադրությունը մնաց կիսատ հենց թավշյա հեղափոխությամբ, ինչը նոր իրողության առաջ դրեց նաեւ Մոսկվային, թույլ չտալով մտածել 2016-ի ապրիլից առաջ իրավիճակի վերադարձի մասին:

Այդ պայմաններում, Իլհամ Ալիեւին գործնականում չի մնում այլ բան, քան սպասել պատերազմի որեւէ պատեհ առիթի, կամ մտածել նահանջի մասին: Միջազգայնորեն լեգիտիմ պատերազմի նոր առիթ կարող է ստեղծվել այն դեպքում, երբ Հայաստանը հետ է կանգնում սուբյեկտային քաղաքականությունից: Միեւնույն ժաքանակ, այդ պատերազմը Ադրբեջանի համար կարող է ավարտվել ոչ միայն պարտությամբ, այլ նաեւ կազմալուծմամբ, ընդ որում ամենեւին ոչ միայն հայկական կողմի ջանքով:

Սպասել մինչեւ լավ ժամանակներ Ալիեւը թերեւս չի կարող, որովհետեւ չի սպասում ժամանակը՝ այն էլ ներկայիս աշխարհում: Մնում է իշխանությունը փոխանցելու միջոցով փակուղուց մասնակի հետ քաշվելը, նաեւ այդպիսով պահելով դեմքը:

Հայաստանն այդ առումով օգնում է Բաքվին՝ թավշյա հեղափոխությունից հետո մի կողմից դնելով կոշտ պահանջներ ու սահմանելով կոշտ նշաձողեր, միաժամանակ պահելով խաղաղասիրական հռետորաբանությունը, քանի դեռ Բաքուն թեկուզ դանդաղ, բայց նկատելի շարժվում է «նահանջ իշխանափոխության» ճանապարհով: Դա ներկայում Բաքվի միակ միջազգայնորեն լեգիտիմ ճանապարհն է, քանի դեռ Հայաստանն էլ իր համար միջազգայնորեն թերեւս միակ լեգիտիմ՝ ինքնիշխանության ճանապարհի վրա է:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •