Gagik Carukyan

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իր հետ փոխկապակցված ընկերություններում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ իր հետ փոխկապակցված մոտ 5 տասնյակ ընկերություններում ստուգումներ են, Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ թե 5, այլ 25-30 ստուգումների մեջ են, առաջին օրվանից, նախկինում էլ ստուգել են, ստուգում են, թող ստուգեն»:

Ծառուկյանն անդրադարձավ նաև որոշ համայնքներում ծննդատների փակման գործընթացին՝ նշելով, որ վատ է գնահատում այն. «Այսօր, ասենք թե, մենք ուզում ենք, որ ներգաղթ լինի, տնտեսական հեղափոխություն լինի, եթե 30-35 գյուղին սպասարկում ա այդ հիվանդանոցը, դա ճիշտ չի: Այլ ընդհակառակը դա պետք ա պահվի, զարգացվի»:

Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին հարցին. «Դուք բոլորդ գիտեք, որ 2015 թվականին Ծառուկյանի Բարգավաճի գլխին ինչ կատարվեց, հիմնականում այս խնդիրն էր, որ կիսանախագահականը փոխվեր խորհրդարանական, որը ես առաջարկում էի, ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան պետք է չլինի: Եվ այդ բոլոր ինչ որ կատարվեց իմ թիմի հետ, դա ասենք թե բոլորդ գիտեք, որ միայն դեմ էի ես, և հիմնականում ոչ մի քաղաքական ուժ ինձ չպաշտպանեց: Կալանավորվեցին 635 իմ ակտիվստիներից մեկ օրվա մեջ, որ ես ասացի՝ եթե այդպես է, ես կարող եմ քաղաքական էջը ծալել, խնդիր չկա: Միայն թե բոլորին բաց թողեք: Այսօր հիմնականում պետք է ներկայացնեն, մենք կծանոթանանք, թե սահմանադրության փոփոխություններն այսօր ինչ են: Երբ որ հայեցակարգին մենք կծանոթանանք, մեր առաջարկները կանենք, մեր դիրքորոշումը կանենք»:

Անդրադառնալով ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ես ամեն ինչ էլ տեսնում եմ: Եվ ես ասել եմ՝ եթե Հրայր Թովմասյանը ինչ-որ հանցանք է կատարել, խնդիր չկա, թող հանցանքը ներկայացնեն, մարդուն պատժեն օրենքի սահմաններում, բայց ոչ թե քմահաճույքներով կամ իր ցանկությամբ»:

Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու մասին լուրերին: Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իրենց ընտրազանգվածը կխլի Վանեցյանը, նա պատասխանեց. «Էսօր խլելը ո՞նց ա, կարո՞ղ ա գա Ծառուկյանի ձեռքից բան վերցնի: Պետք է լիարժեք աշխատի, ներկայացնի: Հանրությունն ա, ժողովուրդն ա, ով ցանկանա, իրենք ընտրություն  կանեն»:

Վանեցյանի հետ հնարավոր համագործակցությանն անդրադառնալով՝ Ծառուկյանն ասաց. «Այդպիսի խոսակցություն չի եղել: Խոսակցութուն կա, որ գալիս ա Բարգավաճ, այդպիսի բան չկա, չի էլ կարող լինել, և այդ մասին ինքն էլ ա հայատարարել»:

ԱԱԾ նախկին տնօրեն Գերորգի Կուտոյանին անձամբ չեմ ճանաչել, բայց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները երեկ մասնակցել են նրա հոգեհանգստի արարողությանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ինքը երեկ այնտեղ չի եղել։