Iran

Պաշտոնական Թեհրանը հաստատել է արեւմտյան լրատվամիջոցներում հայտնված վարկածը, որ ուկրաինական օդանավը Թեհրանի մերձակայքում խոցվել է իրանական ՀՕՊ հրթիռով:

Այդ տեղեկությունը արեւմտյան մամուլն ու նաեւ մի շարք պաշտոնյաներ հայտնում էին, հղում անելով հետախուզական ծառայություններին: Թեհրանը հերքում էր, սակայն նախօրեին պաշտոնապես հաստատել է, որ տեղի է ունեցել սխալ, եւ ներողություն խնդրել ողբերգության զոհերից:

Իրանի իշխանությունը հայտնել է, որ շարունակվում է աղետի բոլոր հանգամանքները պարզելու ներքին քննությունը:

Այն, ինչ տեղի է ունեցել Իրանի երկնքում, համաշխահային պրակտիկայում աննախադեպ ողբերգություն չէ: Քաղաքացիական օդանավերը դարձել են ամենատարբեր երկրների հակաօդային պաշտպանության հրթիռների թիրախ: Այդպիսի թիրախ է դարձել օրինակ Իրան Էյր ավիաընկերության Թեհրան-Բանդեր Աբաս-Դուբայ չվերթ կատարող քաղաքացիական օդանավը, որը խոցվել էր Պարսից ծոցի ամերիկյան ռազմանավից: ԱՄՆ հայտարարել էր, որ իրանական քաղաքացիական օդանավը սխալմամբ նույնականացվել է իրանական ռազմական օդանավի հետ:

Այդօրինակ խոցումներով հարուստ է արեւմտա-խորհրդային սառըպատերազմյան շրջանը, ընդ որում՝ երկուստեք:

Վերջին մեծ ողբերգությունը ուկրաինական կոնֆլիկտի ընթացքում Դոնբասի երկնքում խոցված մալայզիական օդանավն էր: Մալայզիական ավիաուղիների Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթ իրականացնող օդանավը խոցվեց Դոնեցկի մերձակայքում, զոհվեց մի քանի հարյուր մարդ:

Նիդեռլանդների իրականացրած քննությունը պարզեց, որ օդանավը խոցել են Դոնբասի անջատականները՝ Ռուսաստանից այդ տարածք տեղափոխված ԲՈՒԿ զենիթային համալիրով: Տարածվեց ռադիոկապի խոսակցությունը, թե ինչպես են անջատականները միմյանց ոգեւորությամբ հաղորդում, որ ուկրաինական ռմբակոծիչ են խոցել: Պարզվում է, որ խոցել էին քաղաքացիական օդանավը:

Առ այսօր սակայն թե Ռուսաստանը, թե Դոնբասի անջատականները որեւէ կերպ չեն խոստովանում կատարվածը:

Ի տարբերություն դրա, Իրանի իշխանությունը խոստովանեց տեղի ունեցածը, ասելով, որ օդանավը եղել է կարեւոր ռազմական օբյեկտի վրա եւ սխալմամբ խոցվել: Այդ ժամանակ իրանական ՀՕՊ համակարգը բերված է եղել մարտական բարձր պատրաստության՝ Իրաքի ամերիկյան ռազմակայաններին իրանական հարվածին ամերիկյան հնարավոր պատասխանին հակազդելու համար:

Ի՞նչ կպարզի իրանյան քննությունը: Տեղի է ունեցել սխա՞լ, իրապես, ինչը դժբախտաբար ռազմական գործում բացառված չէ, թե՞ տեղի է ունեցել որոշակի դիտավորություն կամ դավադրություն Իրանի դեմ:

Ի վերջո պետք չէ բացառել նաեւ այդ վարկածը, քանի որ Բաղդադում գեներալ Սոլեյմանիի սպանությունը ռեգիոնալ եւ ներիրանյան առումով բազմաշերտ մի իրավիճակի «մեկնակետ» էր, որտեղ Իրանը առերեւույթ ստացված հարվածին զուգահեռ, միեւնույն ժամանակ ստանում էր ռեգիոնալ խաղի նոր հնարավորություն: Դեռ պարզ չէ իհարկե, թե այդ հնարավորությունն ինչպես կօգտագործեր Թեհրանը, թեեւ այն, որ Իրանը չգնաց ԱՄՆ դեմ զգայական եւ արկածախնդիր գործողությունների, այլ բավարարվեց Իրաքում ամերիկյան ռազմակայանների «շնորհքով» հրթիռակոծմամբ, հուշում էր, որ Իրանը միանգամայն պատրաստ է հնարավորությունների ռացիոնալ, պատասխանատու, հեռանկարային օգտագործմանը:

Ահա այդ իրավիճակում, ԱՄՆ-ին մի կողմից հարված, մյուս կողմից դրանով ռեգիոնալ մյուս խաղացողներին «ամերիկյան մեղքի» տակ դնելու հնարավորություն ստացած Իրանը ինքն է հայտնվում մոտ 200 անմեղ մարդու մահվան մեղքի տակ: Դա իհարկե կարող էր պետք լինել շատերին, ընդ որում պետք չէ բացառել նույնիսկ Իրանի ներսում որոշների:

Ի՞նչ է կատարվել, սխա՞լ, թե Իրանին «մեղքի տակ» գցելու գիտակցված գործողություն:

Spread the love