Թուրքական ֆուտբոլի լեգենդը Էրդողանի հետ կոնֆլիկտից հետո տաքսի է վարում

- in Հասարակություն
futbol

Թուրքիայի հավաքականի և Գալաթասարայի հանրահայտ հարձակվող Հաքան Շուքյուրը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Uber տաքսու վարորդ է աշխատում:

Նախկին ֆուտբոլիստը պնդում է, որ 2013 թվականին Արդարություն և զարգացում կուսակցությունից դուրս գալուց հետո երկրի ղեկավար Էրդողանն իրեն թշնամի է հռչակել ու խլել ամեն ինչ: Այս մասին հայտնում է goal.com-ը՝ հղում անելով Welt am Sontag-ին՝ տված հարցազրույցին:

Շուքյուրը Թուրքիայի հավաքականի կազմում խփել է 51 գոլ, իսկ ակումբային կարիերայում՝ ևս 250-ը:

Շուքյուրը պատմել է, որ քարեր էին նետում իր կնոջ խանութի վրա, ճնշում երեխաներին, սպառնում իրեն: Կուսակցությունը լքելուց հետո ձերբակալեցին հորը, իսկ ունեցվածքը բռնագրավեցին:

«Այլևս ոչինչ չունեմ: Էրդողանն ամեն ինչ վերցրեց ինձնից: Իմ ազատության, արտահայտման, աշխատելու իրավունքը», – ասել է նա:

Շուքյուրը պատմել է, որ իր հետ որևէ առնչություն ունեցող մարդիկ ևս խնդիրներ են բախվում: Օրինակ, իր հետ սելֆի արած թուրք ուսանողը դատապարտվել է 14 ամսվա ազատազրկման:

«Էրդողանի քաղաքականությունը վատ ժամանակների բերեց, և երկիրը գնաց լրիվ այլ ուղղությամբ՝ Մերձավոր Արևելք Եվրոպայի փոխարեն», – նշել է նախկին ֆուտբոլիստը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments