Ժամանակն է Հայաստանի ներքին կյանքում այդ ամենի առնչությամբ լուրջ մտորումների համար

- in Վերլուծական
Mishik

Հայաստանում ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի խորհրդավոր մահը, որի առնչությամբ հանրությունը քննարկում է ամենատարբեր վարկածներ, տեղի է ունենում Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական լայն և միկրոմիջավայրերում առանցքային գործընթացների ֆոնին, որոնք էապես առնչվում են Հայաստանին, Հայաստանի շահին, անվտանգությանը, միաժամանակ միջազգային դերին ու հնարավորությանը:

Այդ ֆոնին Հայաստանում տեղի է ունենում նախկին առանցքային մի պաշտոնյայի մահը, որի հանգամանքների կամ վարկածների վերաբերյալ տարատեսակ, այդ թվում՝ ծայրահեղությունից ծայրահեղություն քննարկումները փոթորկել են հանրությանը, առաջացրել առանց այդ էլ ոչ քիչ լարվածությամբ ներքին հոգեբանական իրավիճակի նոր լիցք: Դիտարկումներն արվում են գերազանցապես ներքին հարաբերությունների համատեքստում, ինչը և սպասելի է հայկական հանրության ու հասարակական-քաղաքական դաշտի պարագայում՝ մի շարք իրողությունների և հատկանիշների բերումով, իհարկե, այդ թվում՝ թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ հանգամանքների և իրողությունների:

Այդուհանդերձ, հատկապես պաշտոնական վարկածի և ամբողջական բացահայտման պարագայում, թերևս, անհրաժեշտ է տեղի ունեցածը դիտարկել նաև ավելի լայն համատեքստում: Առավել ևս, որ գործնականում գրեթե բոլորի մոտ գերիշխող մտայնության առումով՝ որ Կուտոյանի մահը կարող էր կապված լինել նրա ԱԱԾ պետի կարգավիճակում գործունեության հետ, պետք է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ այդ գործունեության կարճ շրջափուլը ուղեկցվել է Հայաստանի համար ներքին ու արտաքին էական շաղկապվածությամբ առանցքային, ճակատագրական իրողություններով: Գեորգի Կուտոյանը ԱԱԾ պետ է նշանակվել 2016-ի փետրվարին և հեռացել երկու տարի անց՝ 2018-ի մայիսին: Այդ ընթացքում Հայաստանն անցել է Ապրիլյան քառօրյայի, ՊՊԾ գնդի գրավման, կառավարության փոփոխության, խորհրդարանի ընտրության, Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի օրակարգերի, դրանց չեղարկման շուրջ ռուս-ադրբեջանական շրջանակների որոշակի ճնշումների միջով:

Ընդ որում՝ այդ իրադարձությունների հարցում եղել են ներքին ու արտաքին ժամանակային ուշագրավ զուգորդումներ: Ահա նաև այդ իմաստով, ներկայումս առնվազն դիտարկման է արժանի հանգամանքը, որ Հայաստանում ողբերգական և աղմկոտ իրողություն է տեղի ունենում միջազգային դինամիկ և խորքային վերափոխումների ֆոնին, որ տեղի են ունենում Հայաստանին անմիջապես առնչվող, կամ հարակից՝ բայց ոչ պակաս կարևոր ռեգիոններում, էական դերակատարների մասնակցությամբ: Տարեսկզբից աննախադեպ իրողության՝ իրանցի գեներալի սպանության հետևանքով փոթորկվում և, անկասկած, լիովին նոր շրջափուլ է մտնում մերձավորարևելյան իրավիճակը, որը աշխարհաքաղաքական խմորումների մի մեծ կաթսա է: Դրան զուգահեռ, Ռուսաստանում սկսվում է իշխանության անցման վճռորոշ մի գործընթաց, որը մի կողմից իր վրա անշուշտ կրում է արտաքին իրողությունների ազդեցությունը, և մյուս կողմից՝ ինքն էլ ազդելու է արտաքին մի շարք միջավայրերի, այդ թվում նաև մեր ռեգիոնի իրողությունների և հեռանկարների վրա:

Այդ ամենը ենթադրում են էական տրանսֆորմացիաներ՝ բոլոր հարակից ուղղություններով, այդ թվում՝ ռուս-թուրքական հարաբերության շրջանակում: Այդպիսով, անկասկած է, որ Հայաստանն այստեղ ունի դեր և նշանակություն, և այդ դերի իրացումից է նաև կախված մի շարք առանցքային հարցերի լուծումը կամ գործընթացների հետագա զարգացումը: Եվ այդ համատեքստում էլ, Հայաստանն ունի թե գործընկերներ, որոնց համար կարևոր է երկրի կայուն հետհեղափոխական զարգացումը և թե՛ պետություններ՝ ընդ որում, մեղմ ասած, ոչ թույլ, որոնց համար հետհեղափոխական Հայաստանի կայունությունն ու, ըստ այդմ, Հայաստանի ուժը, մեղմ ասած, ցանկալի չէ: Ահա այդ հանգամանքն է նաև պատճառը, որ Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցող իրողությունները՝ ողբերգականից մինչև ներքաղաքական, պետք է առնվազն դիտարկել նաև այդ լայն համատեքստում: Բավականին շատ են սուբյեկտներ, որոնք պատրաստ են իրենց խնդիրները լուծել Հայաստանի ներքին կյանքում՝ առկա խնդիրները և դրանցից բխող հանգամանքները օգտագործելով, խաղարկելով: Ի վերջո, պետք չէ մոռանալ Հայաստանում օտարերկրյա շահեր սպասարկողների առկայության մասին՝ ընդհուպ վարչապետի մակարդակով արվող ակնարկները: Միևնույն ժամանակ, այդ ամենով հանդերձ, թերևս, ժամանակն է Հայաստանի ներքին կյանքում այդ ամենի առնչությամբ լուրջ մտորումների համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments