Ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը գլոբալ հարթության վրա անդրադառնա կառավարման որակին

- in Հրապարակ

«Հայկական ժամանակ» օրաթերթում  տեղ գտած հոդվածի վերաբերյալ քննարկում չի եղել ՔՊ վարչության նիստին՝ երեկ ՔՊ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաև կուսակցության վարչության նախագահն է։

«Հայկական ժամանակ» օրաթերթը նախօրեին հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է հովանավորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի դեմ արշավը: Անցած երկու օրերին հենց այս թեման էր գլխավորը թոփ իրադարձությունների ցանկում, և հասարակությունն օբյեկտիվորեն արձագանքի է սպասում հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերից։

Բանն այն է, որ անցած երկու օրերին հրապարակային բանավեճ է ծավալվել ոչ թե իշխանության ու Վանեցյանի, այլ վերջինիս ու վարչապետի դստեր միջև, ինչը մի կողմից՝ բանավեճը դուրս է դնում քաղաքական հարթությունից, մյուս կողմից՝ հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը սկանդալին մասնակցելու է անուղղակիորեն՝ ներքաղաքական թիրախային քայլերով։

Պապիկյանի երեկվա պատասխաններից կարելի է  ենթադրել, որ ՔՊ  վարչության նիստը հատուկ օրակարգ չի ունեցել, այլ խոսքով՝ կուսակցության ֆորմալ ղեկավարը ստանդարտ պատասխաններով փորձել է երեկվա հավաքը իջեցնել, այսպես կոչված, պրոտոկոլային մակարդակի։ Իհարկե, քիչ հավանական է, որ վարչապետի մասնակցությամբ տեղի ունենա խորհրդակցություն, նիստ, որտեղ շրջանցվեն քաղաքական օրակարգի առանցքային հարցերը։

Մյուս կողմից՝ ամենևին էլ չենք բացառում, որ ՔՊ վարչության երեկվա նիստն իրապես չի ունեցել հատուկ օրակարգ, կամ ավելի ստույգ՝ «հատուկ օրակարգ» ասվածը տվյալ պարագայում հենց ՔՊ վարչության նիստի հրավիրումն է, և այս փաստը յուրօրինակ պատասխան է նախկին համակարգին, որը փորձում է կոնսոլիդացիոն առանցք դարձնել Վանեցյանին։ ՔՊ վարչության երեկվա նիստը իշխանության քաղաքական թիմի կոնսոլիդացիայի դրսևորում էր, ինֆորմացիոն առիթ ստեղծելու փորձ կամ ազդակ, որ Փաշինյանի թիմը հենց ինքն է ձևավորելու օրակարգ՝ չտրվելով Միքայել Մինասյան-Արթուր Վանեցյան տանդեմի «խաղի կանոններին»։

Հայտնի տեխնոլոգիա է, որ ներքաղաքական առճակատումների ժամանակ իշխանությունը ոչ միայն կոնսոլիդացվում է, այլև որոշակի դեպքերում դիմում է նաև վճռական կամ շրջադարձային քայլերի։ Արդյոք Վանեցյանի գործոնը կարո՞ղ է ազդակ դառնալ, որպեսզի Փաշինյանը որակական փոփոխությունների գնա ԱԱԾ-ում և ոստիկանությունում, թե՞ վարչապետն ընդամենը փորձելու է այս կառույցներում պահպանել ստատուս-քվոն՝ համակարգի աշխատողներին ցույց տալով, թե ինչպես կարող է մարգինալացվել գեներալը, որը շեղվում է խաղի լեգալ կանոններից։ Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ, ավելին՝ մեծ են ռիսկերը, որ ուժային կառույցները ծնելու են նոր «վանեցյաններ»։

Մյուս կողմից՝ թերևս ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը գլոբալ հարթության վրա անդրադառնա կառավարման որակին, որովհետև առանց արդյունավետ համակարգ ստեղծելու, որակյալ կառավարման՝ հեղափոխության օրակարգը պարզապես չեղարկվում է՝ բացվող ամեն օրվա հետ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...