Ինչո՞ւ է ԲՀԿ նախագահ Ծառուկյանը բացառում Արթուր Վանեցյանի հետ գործակցության հնարավորությունը

- in Ով ով է ...

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ գործակցության մասին տեղեկությունները, և նրա հետ գործակցություն չկա և չի կարող լինել:

Ինչո՞ւ է ԲՀԿ նախագահ Ծառուկյանը բացառում Արթուր Վանեցյանի հետ գործակցության հնարավորությունը: Պատճառն այստեղ թերևս այն է, որ նա չի ուզում ներկայումս «կիսել» հանրային այն ընդդիմախոսությունը, որ կա Արթուր Վանեցյանի հասցեին՝ վարչապետի հետ նրա հակադրության առնչությամբ: Իսկ այն շերտը կամ շերտերը, որոնք այդ հակադրության պարագայում դիրքավորվում են ԱԱԾ նախկին պետին աջակցելու դաշտում, նրանք էլ որևէ պարագայում չեն աջակցի կամ չեն լինի ԲՀԿ այսպես ասած էլեկտորատ: Այդ իմաստով, ԲՀԿ հետ գործակցությունը կարող է շահեկան լինել Արթուր Վանեցյանի համար՝ քանի որ նա ունի ԲՀԿ ընտրազանգվածը վերցնելու «տեղ», խոսքն իհարկե ֆիզիկական կամ աշխարհագրական տեղի կամ տարածության մասին չէ:

Իսկ ահա Գագիկ Ծառուկյանը Արթուր Վանեցյանի հնարավոր ընտրազանգվածը վերցնել չի կարող և կարող է միայն կորցնել նրա հետ գործակցությունից: Այստեղ իհարկե էական չէ՝ Արթուր Վանեցյանին դիտարկում ենք ինքնուրո՞ւյն խաղացող, կամ ինքնուրույն խաղի հավակնորդ, թե՞ դիտարկում ենք նախկին իշխող համակարգի որևէ թևի շրջանակում գործող ֆիգուր:

Արթուր Վանեցյանն այդ առումով մրցակից է ԲՀԿ-ին և պարզ է, թե ինչու է կուսակցության նախագահ Ծառուկյանը հայտարարում, որ խոսք չի կարող լինել նրա հետ գործակցության մասին: Ընդհանրապես, այդ տեսանկյունից, ԲՀԿ համար մրցակից է գործնականում նախկին ամբողջ իշխող համակարգը, որևէ թևի մասին էլ լինի խոսքը: Բարգավաճ Հայաստանի համար մարտահրավերի լրջագույն շրջան կսկսվի այն ժամանակ, երբ նախկին իշխող համակարգում այսպես ասած ավարտվի ներքին պայքարը ուժերի հարաբերակցության և գերակա, թելադրող դիրքի համար: Որովհետև դրանից հետո արդեն հաջորդ դիրքը, որ հայտնվելու է թիրախում, լինելու է ԲՀԿ դիրքը: Կամ, ավելի շուտ, ԲՀԿ-ն կլինի գործնականում առաջին իրական թիրախը, քանի որ նոր իշխանությունը տվյալ դեպքում նախկին համակարգի համար թիրախ է պայմանական իմաստով՝ ավելի շատ որպես միջոց սեփական շրջանակում ուժերի հարաբերակցության կամ դիրքային պայքարի գործում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments