Ինչպես պայքարել կեղծ լուրերի դեմ. փորձագետների խորհուրդները

- in Միջազգային
facebook mobile

Համաշխարհային մակարդակով առցանց վտանգների եւ կեղծ լուրերի տարածման հիմնական աղբյուր հանդիսանում է չորս պետություն՝ Չինաստան, Ռուսաստան, Իրան եւ Հյուսիսային Կորեա:

Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Սթրեյերը: Նրա խոսքով, նաեւ ԱՄՆ-ի ջանքերով ՄԱԿ-ում ճանաչվել է երկու կարեւորագույն կետ՝ միջազգային օրենքը նույնչապ կիրառվում է առցանց ոլորտում եւ երկրորդը՝ երկիրը չի կարող առցանց հարձակում գործել այլ երկրի հիմնական ենթակառուցվածքների վրա.

«Աշխարհին ուղղված մեր խոսքը պարզ է՝ մենք ցանկանում ենք օգնել զարգացնել տոխնոլոգիաներ, որոնք բաց են, վստահելի եւ անվտանգ»:

Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, Վաշինգտոնում, Գերմանական Մարշալի հիմնադրամի նախաձեռնությամբ փորձագիտական քննարկում է անցել, որի ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի փորձագետները իրենց մտքերն են կիսել առցանց վտանգների եւ կեղծ լուրերի տարածման դեմ պայքարելու փորձով: Հիմնադրամի ներկայացուցչի խոսքով, Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի դեպքում կեղծ լուրերի հիմնական աղբյուրը Ռուսաստանն է:

Եվրասիական գործընկերության հիմնադրամի ներկայացուցիչ Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց՝ Հայաստանի դեպքում կեղծ լուրեր տարածող երկրների քանակը Ռուսաստանով չի սահմանափակվում.

«Այստեղ ակտիվորեն գործում են նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան»:

Հետազոտության համաձայն, Հայաստանում Մոսկվայի կեղծ քարոզչությունը միտված է ժողովրդավարության եւ եվրոպական արժեքների թուլացմանը, ներքաղաքական համերաշխության տապալմանը, մինչդեռ մյուս երկրներում Ռուսաստանն ակտիվորեն փորձում է նաեւ ներազդել ընտրությունների արդյունքների վրա: Այդ դեպքում, ինչպե՞ս հակազդել Մոսկվայի ապօրինի գործողություններին: Փորձագետների խոսքով, առկա են մի շարք միջոցներ, սակայն, դրանցից հիմնականը կայուն, ժողովրդավար պետության կառուցումն է:

«Եթե դուք ունեք կոռուպցիայի վրա հիմնված համակարգ, ապա որեւէ շանս չունեք մրցակցելու Ռուսաստանի հետ՝ այս սպորտաձեւում Ռուսաստանը չեմպիոն է: Ուստի, եթե ձեր երկրում համակարգը կոռումպացված է, ռուսները կվերցնեն ամեն ինչ վերահսկողության տակ», – նշում է մոլդովացի փորձագետ Վալերիու Պաշան:

Մեկ այլ խնդիր է պետական մարմիններից եկող տեղեկատվության պակասը, որը ճանապարհ է բացում կեղծ լրատվության տարածման համար:

Կեղծ լուրերի դեմ պայքարելու լավագույն գործիքներից է քաղաքացիական հասարակությունը, որն ավելի գրագետ է եւ տիրապետում է կրիտիկական մտածողության: Նաեւ այդ պատճառով քաղհասարակությունը Մոսկվայի պատվերով գործող կազմակերպությունների թիրախում է, նշում է Վրաստանի փորձագետ Եկատերինա Մետրեւելին.

«Որպես վտանգավոր միտում նշեմ, որ քաղհասարակությունն այդ ուժերը փորձում են ներկայացնել որպես արտերկրյա գործակալներ»:

Կերծ լուրեր տարածողների դեմ պայքարի մեկ այլ արդյունավետ միջոց փողերի լվացման դեմ պայքարն է, քանի որ առցանց կեղծիքներով եւ քարոզչությամբ զբաղվող կազմակերպությունները գրեթե միշտ ֆինանսավորվում են ապօրինի ճանապարհով, նշում են փորձագետները:

Երեւանի եւ Բաքվի դեպքում Ռուսաստանն ունի ազդեցության եւս մեկ գործոն՝ ղարաբաղյան հակամարտության առկայությունը, նշում է Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոնաթան Կացը.

«Ռուսաստանը հաճախ լարում է մի կողմը մյուսի դեմ, Բաքուն եւ Երեւանը միմյանց դեմ, երբ Ռուսաստանին պետք է, որ երկրներից մեկն ընթանա այս կամ այն ուղղությամբ: Դա արվում է առցանց գործիքների, էներգետիկ խնդիրների, ապատեղեկատվության եւ զինամթերքի վաճառքի միջոցով»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...