Ինչ է լինելու ապրիլի 1-ից հետո. հայ-իրանական նոր գազամու՞ղ

- in Տնտեսական
Gaz

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որն արդեն ավելի քան մեկ տարի բանակցում է ռուսական կողմի հետ Հայաստան մատակարարվող գազի գնագոյացման հարցերի շուրջ, հայտարարել է, որ մինչեւ ապրիլի 1-ը չի ներկայացվի գազի ներքին թանկացման հայտ: Նա ասել է, որ 2020 թվականին գազի գինը սահմանին չի փոխվի, իսկ ահա ներսում՝ հարց է:

Գրիգորյանը նշել է, որ կա հստակ պայմանավորվածություն, որ Գազպրոմ Արմենիան մինչեւ ապրիլի 1-ը նույնիսկ թանկացման հայտ չի ներկայացնելու ՀԾԿՀ: Նա նշել է գնագոյացման հարցում ներդրումների բաղադրիչը, ասելով, որ ներքին գնի թանկացման գործում էական կարող է լինել այդ հանգամանքը: Փոխվարչապետի խոսքով, մյուս բաղադրիչներով ոչինչ չի փոխվել եւ Գազպրոմ Արմենիան չունի թանկացման հայտ ներկայացնելու անհրաժեշտություն, բայց կա ներդրումների հարց՝ գազամատակարարման ենթակառուցվածքների հետագա անխափան շահագործման, անվտանգության բարձրացման համար:

Փոխվարչապետի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Գազպրոմ Արմենիայի հնարավոր հայտը, որ կլինի ապրիլի 1-ից հետո, հիմնավորվելու է հենց ներդրումներով: Իսկ ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, ո՞րն է լինելու ներդրումային այն նշաձողը, որը հիմնավոր է դարձնելու ներքին գնի որոշակի աճը: Դա լինելու է այսպես ասած ձեւակա՞ն փաստարկ, թե՞ Հայաստանի քաղաքացուն մատուցվելու է ներդրումային իրապես առարկայական հեռանկար, որը կարող է վկայել Հայաստանում գազային ենթակառուցվածքների որակապես նոր իրավիճակի մասին:

Այդ դեպքում գուցե իրապես Հայաստանի քաղաքացին կարող է փաստացի ստանձնել այդ նոր մակարդակը ֆինանսավորելու հանձնառությունը, եթե այդ ներդրումները բարձրացնելու են էներգետիկ ոլորտում Հայաստանի ինքնիշխան քաղաքականության կարողությունը:

Օրինակ, կարո՞ղ է արդյոք խոսք լինել, կամ խոսք կա՞ Հայաստանում նոր գազամուղի կառուցման մասին՝ Իրանից դեպի Վրաստանի սահման, որը թույլ կտա խոսել Իրան-Վրաստան գազի տարանցման հնարավորության մասին: Բանն այն է, որ այդ գազամուղը կարող է հիմնովին փոխել ռեգիոնալ էներգետիկ ստատուս-քվոն ու միաժամանակ էապես ազդել ռազմա-քաղաքական իրողությունների վրա:

Պատրա՞ստ է ռուսական կողմը այդօրինակ հարցերի քննարկման:

2019-ի փետրվարի 27-28-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցի ընթացքում հայտարարվել է իրանական գազի տարանցման պատրաստակամության մասին: Այդ հարցն արժե Հայաստանի քաղաքացիների ֆինանսավորմանը, թեեւ այդ դեպքում էլ կառաջանա այլ հարց՝ իսկ ինչու՞ Գազպրոմ Արմենիայի միջնորդությամբ, եւ ոչ թե այդ քաղաքացիների մեծ վստահությունն ունեցող կառավարության եւ պետական բյուջեի: Բայց, եթե Գազպրոմ Արմենիան այդ դեպքում քաղաքական լայն փոխզիջումն է, ապա արժե քննարկել այն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments