Ինչ է քննարկվել ՔՊ փակ նիստում

- in Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել վարչության հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի ընթացքին զուգահեռ տարաբնույթ խոսակցություններ էին պտտվում, որ իշխանական կուսակցության վարչությունը քննարկում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պետական հեղաշրջման փորձի համար կալանավորելու հարցը, ինչպես նաեւ այն թեման, որ մեծ արտահոսք է սպասվում ՔՊ-ից: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին այդ նիստից հասած որոշ մանրամասներ այլ բանի մասին են հուշում: Գուցե այդպիսի հարցեր էլ են քննարկվել, բայց պայմանավորվել են որեւէ դեպքում դուրս չհանել: Ամեն դեպքում, մեզ հասած լուրերի համաձայն՝ այս անգամ ՔՊ վարչության նիստն այնքան էլ երկար չի տեւել. եթե սովորաբար այն կարող էր 4-5 ժամ տեւել, ապա այս անգամ տեւել է 2.5 ժամից մի քիչ ավել: Տեղեկացանք, որ նիստի ժամանակ պատգամավորներից մեկը առաջարկ է ներկայացրել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, սակայն նրա ելույթի ժամանակ վարչապետն ընդհատել է եւ ասել, թե նման նախաձեռնություն ներկայացնելիս նախապես այն քննարկել է պետք, եւ թույլ չի տվել շարունակել ելույթը:

Տեղեկացանք նաեւ, որ նիստից հետո խոսվել է «Դվին» ռեստորանում այսօր կայանալիք խնջույքի մասին, որի համար յուրաքանչյուր ՔՊ-ական վճարել է 10 հազար դրամ: Խնջույքը հետտոնական է, որը կկայանա «Դվին» ռեստորանում՝ ՀՀ ամենասուրբ քաղաքի՝ Էջմիածնի ճանապարհին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկվա նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է վճարել իր մասնակցության գումարը. տվել է 20 հազար դրամ, 10 հազար դրամ մանրը հետ է ստացել»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...