Իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանության առնչությամբ ԱՄՆ նախագահին Հայաստանի վարչապետի շնորհավորանքի մասին կեղծ տեղեկատվությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձից հետո, որտեղ վարչապետը խոսեց այդ ապատեղեկատվության վտանգավորության եւ ազգային անվտանգության սպառնալիքի մասին, ԱԱԾ-ն հայտարարեց տեղեկատվությունը սփռած կեղծ օգտատիրոջը հայտնաբերելու մասին:

Տարածված տեսանյութում հանրության ուշադրությունը գրավել էր հանգամանքը, որ ձերբակալված օգտատերը՝ որ Ֆեսբուքում է կեղծ անունով, խոստովանելով իր քայլը միաժամանակ ներկայանում է որպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից, որը անարդար է դիտարկում Քոչարյանի հետապնդումն ու ազատազրկումը:

Այլ կերպ ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրը երկրորդ նախագահի «վրեժի» համար տարածում է կեղծ տեղեկություն Նիկոլ Փաշինյանի մասին, որը էական ռիսկեր է առաջացնում Հայաստանի ազգային շահի եւ անվտանգության համար:

Այդ պարագայում միանգամայն կանխատեսելի էր հանրության մի զգալի մասի արձագանքը: Դա էլ առաջացրել էր Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի պատասխան արձագանքը, որն ԱԱԾ քայլը ներկայացրել էր վատ բեմադրում կամ խումհարի հետեւանք, հեգնելով, թե հաջորդ անգամ թող ձերբակալվողի ձեռքը պիցցա դնեն:

Ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը տարածված ապատեղեկատվության հետ: Անկախ նրա հանդեպ հանրային որեւէ խմբի կամ շերտի վերաբերմունքից, իրավիճակն ի վերջո բավականին նուրբ է եւ ԱԱԾ տարածած տեսանյութը առնվազն ստեղծում է տպավորություն, որ վտանգավոր ապատեղեկատվությունը կապվում է անմիջապես երկրորդ նախագահի հետ: Իսկ դա թե իրավական, ու թե նաեւ քաղաքական իմաստով լուրջ մեղադրանք է, միաժամանակ բավականին լուրջ քաղաքական տողատակեր պարունակող հանգամանք: Հատկապես նկատի ունենալով այն, որ իրանական ուղղությունը Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքական իմաստով բավականին աշխույժ է եղել նույնիսկ նախագահի պաշտոնը թողնելուց հետո: Նա մի քանի մասնավոր այց է կատարել Իրան, հանդիպել այդ երկրի ղեկավարությանը արդեն պաշտոնաթող նախագահի կարգավիճակով:

Կրկնեմ՝ եթե երկրորդ նախագահն իսկապես կապ ունի տարածված ապատեղեկատվության հետ:

Այդ պարագան իր հերթին առաջացնում է հարց. եթե նրա կապը հաստատված չէ, ինչու՞ է տարածված տեսանյութում շոշափվում օգտատիրոջ՝ Ռոբերտ Քոչարյանի համակիր լինելու հանգամանքը: Չէ՞ որ բոլորովին բարդ չէ պատկերացնել, թե ինչ ռեզոնանս էր առաջացնելու դա: Ըստ այդմ, ԱԱԾ-ն ունի ծանրակշիռ փաստեր ու ապացույցներ, որ ապատեղեկատվության պատվերը գնացել է Ռոբերտ Քոչարյանի՞ց, թե՞ պարզապես ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին:

Որովհետեւ կա մեկ այլ հարց՝ ինչու՞ է ձերբակալված օգտատերը՝ որն ըստ հաղորդագրության վարում է «Դիանա Հարությունյան» կեղծ էջը, իր խոստովանության եւ զղջման մեջ հիշատակում Ռոբերտ Քոչարյանի մասին: Նա այնքան տգետ է, որ չի՞ պատկերացնում դրանով հարվածը հենց Ռոբերտ Քոչարյանին ուղղելու հանգամանքը, թե՞ նա դա անում է լավ էլ պատկերացնելով, իսկ ԱԱԾ-ն էլ փաստորեն թողնելով այդ հատվածը՝ կամա կամ էլ ակամա նպաստում է դրան:

Հարցերի պատասխանը հանրության համար կարեւոր է, որովհետեւ հարկ է այդ դեպքում հասկանալ, թե արդյո՞ք Հայաստանում չի գործում տեղեկատվական այսպես ասած ցանց, որը շատ հանգիստ կարող է ինքնավերագրվել այս կամ այն անցանկալի դեմքի եւ նրա «անունից» գործել Հայաստանի Հանրապետության դեմ, օգտագործելով հանրության հետ տվյալ անձի ունեցած խնդիրները:

Դիցուկ, այս դեպքում ամեն ինչ արվում է Քոչարյանի «հաշվին», վաղը նույն մարդիկ կանեն կամ նույն Քոչարյանի, կամ մեկ ուրիշի հաշվին: Հանրությանը կթվա, թե ամեն ինչ շատ պարզ է, մինչդեռ դրանով հանդերձ տեղեկատվական սպառնալիք մեքենան կամ ցանցը կշարունակի աշխատել Հայաստանի դեմ:

Ակնառու է, որ անվտանգության ծառայությունը կոնկրետ գործի, ու ընդհանրապես երեւույթի առնչությամբ ունի հանրությանը ներկայացնելու բավականին շատ բան: Որովհետեւ խնդիրն այստեղ նաեւ այն է, որ տեղեկատվական անվտանգության առանցքային բաղադրիչներից մեկն էլ այդօրինակ երեւույթների հանդեպ հանրության հնարավորինս ռացիոնալ եւ այսպես ասած քննող վարքագիծ ձեւավորելն է, քանի որ պետության դեմ տեղեկատվական դիվերսիաները իրագործվում են նաեւ հանրության զգայական արձագանքի հաշվարկով, ընդ որում լուծելով միաժամանակ տարբեր խնդիրներ: