Vostikanner qnac

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց է արձակվել, ինչի առիթով դատավորը դիմել է ոստիկանությանը:

Նախօրեին Հայաստանում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի համատեքստում քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը կառավարելու վերաբերյալ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ պետությունն ունի անհրաժեշտ կարողություն, միջոցներ և կամք այնտեղ օրինականություն ապահովելու համար: Արդարադատության նախարարի այդ հավաստիացումը շատ կարևոր է, բայց դրան զուգահեռ, քրեակատարողական հիմնարկներից դուրս տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, մեղմ ասած, կասկածի տակ են դնում կարողությունը: Կամքը, թերևս, ոչ, իսկ կարողությունը՝ այո: Կամ, համենայնդեպս այդ իրադարձությունները, իրենց լոկալ նպատակներից զատ, որոնք ամեն մի դեպքի պարագայում այլ կարող են լինել, կարծես թե ունեն մի ընդհանուր նպատակ՝ Հայաստանում ստեղծել անկառավարելի իրավիճակի տպավորություն, ինչը, անկասկած, իր հոգեբանական ազդեցությունն է թողնելու հանրության շրջանում:

Որևէ փաստ առայժմ չկա, որը կապացուցի, իհարկե, այդ հանգամանքը՝ ընդհանուր այդ նպատակի առկայությունը, սակայն ազդեցությունը, թերևս, բարդ գնահատելի չէ, հատկապես այն պարագայում, որ այդ ազդեցությանը հասնելու ուղղությամբ էական աշխատանք է տարվում քարոզչական ճակատում: Եվ այդ ճակատում խաղացողները, եթե անգամ կապ չունեն տեղի ունեցող առանձին միջադեպերի հետ, միևնույն է, դրանք քարոզչական ռեսուրսներում ենթարկվում են հենց այնպիսի գեներացիայի, որի նպատակն է անկառավարելի վիճակի տպավորությունն ու, ըստ այդմ, հանրության վրա հոգեբանական ներգործությունը:

Միաժամանակ, կարծես թե կա դրա հանդեպ մի պարադոքսալ իրողություն էլ՝ կառավարող մեծամասնությունը, որը պետք է աշխատի հանրության հակառակ հոգեվիճակ ձևավորելու, այսինքն՝ վստահության, պաշտպանվածության տրամադրություն ձևավորելու ուղղությամբ ինքն է հռետորաբանության մի զգալի առումով խթանում անընդհատ տագնապային սպասում: Մինչդեռ, կառավարող մեծամասնությունից պահանջվում է լիովին հակառակը՝ իրավիճակի վերահսկողության և կառավարելիության աներկբա հավաստիացում, միևնույն ժամանակ, սակայն, նաև այդ հավաստիացման գործով դրսևորում, ինչը նշանակում է իրավապահ համակարգի թե՛ կանխարգելիչ արդյունավետ աշխատանք, թե՛ որևէ բացահայտման ուղղությամբ արագ և օպերատիվ գործողություններ: Հակառակ դեպքում պետք է գործադիր և օրենսդիր իշխանությունները արագ և օպերատիվ գործողություններ կատարեն իրավապահ կառույցներում արդյունավետ փոփոխության ուղղությամբ: