Իրադարձություն, որ մնաց ողբերգական մահվան ստվերում

- in Կեղտոտ լվացք

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան մասին անակնկալ տեղեկությունը հասկանալիորեն գրավեց հայաստանյան ամբողջ լրահոսը:

Դրա ստվերում մնաց բավական հետաքրքիր իրադարձություն. Սահմանադրական դատարանի 8 անդամներ միաձայն քվեարկությամբ դատարանի փոխնախագահ էին ընտրել Ալվինա Գյուլումյանին:

Սահմանադրական դատարանի փոխնախագահի կարգավիճակը սահմանված է 2015 թվականին փոփոխության ենթարկված Սահմանադրությամբ: Փաստորեն, մի քանի ամիս դատարանակազմը չէր ընտրում ՍԴ փոխնախագահ: Դա տեղի ունեցավ հունվարի 17-ին: Հատկանշականն այն է, որ ընտրությունը կատարվեց այն բանից հետո, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապով զրույց ունեցավ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի եւ հանձնաժողովի մի շարք անդամների հետ:

Կա՞ ուղիղ կապ այդ զրույցի եւ Ալվինա Գյուլումյանի ընտրության միջեւ:

Վենետիկի հանձնաժողովի հետ Հրայր Թովմասյանը խոսել էր ՍԴ շուրջ ստեղծված վիճակի մասին: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Բուքիքիոն աջակցություն է հայտնել Հրայր Թովմասյանին: Արդյոք հաջորդիվ Ալվինա Գյուլումյանի ընտրությունն այսպես ասած այդ աջակցության արգասիքն է, թե՞ հակառակը՝ Բուքիքիոյի հետ զրույցի արդյունքում Հրայր Թովմասյանը կարող է մտածել ՍԴ-ն թողնելու մասին, ինչի համար էլ լրացվում է դատարանի փոխնախագահի պաշտոնը:

Բայց, այդ տարբերակի պարագայում ավելի հավանական կարող է լինել նախագահի կարգավիճակը ժամանակավոր թողնելու տարբերակը, երբ այդ պարտականությունը կկատարի դատարանի փոխնախագահը: Որովհետեւ, եթե դիտարկենք Հրայր Թովմասյանի հեռանալու հարցը, ապա ՍԴ դատավորները միանգամից կընտրեին ՍԴ նոր նախագահ, ոչ թե փոխնախագահ:

Միեւնույն ժամանակ, հայտնի է ՍԴ նախագահի դեմ հարուցված քրգործի մասին եւ պետք չէ բացառել նաեւ վարկածը, որ այդ հանգամանքի ինչ-ինչ զարգացումների պարագայում Հրայր Թովմասյանին հարկ լինի ժամանակավորապես դադարեցնել պաշտոնավարումը:

Հնարավոր է խոսել անգամ գուցե խմորվող կամ դիտարկվող փոխզիջումային մի լուծման մասին, երբ որեւէ շարժառիթով կամ բացատրությամբ ՍԴ նախագահը առժամանակ կդադարեցնի պաշտոնավարումը, նախագահի պարտականությունը կկատարի Ալվինա Գյուլումյանը, ՍԴ շուրջ ստեղծված վիճակը նկատելիորեն կարող է լիցքաթափվել, երբ մեծ հաշվով կարող են գոհ լինել հիմնական բոլոր կողմերը, առնվազն մինչեւ առավել ինստիտուցիոնալ լուծման շուրջ համաձայնության հնարավորությունը:

Ի՞նչ ուղղությամբ կլինեն զարգացումները: Հայտնի է, որ ՍԴ դատավորներին առաջարկվել է նաեւ կամովին հրաժարականի դիմաց աշխատավարձի լիարժեք պահպանման մասին հայտնի օրենքը: Միաժամանակ, կառավարության ընդդիմախոսները տարածեցին տեղեկություն, որ իրավապահները կոմպրոմատ են հավաքում՝ դատավորներին այդ առաջարկն ընդունել մղելու համար: Իրավապահները հերքեցին, իսկ կառավարող ուժից հայտարարեցին, թե այդ կեղծ տեղեկությունը տարածվել է, քանի որ մտավախություն է եղել, որ կան հրաժարականի առաջարկն ընդունելու պատրաստ դատավորներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments