Իրան-ամերիկյան ուղղությամբ թեժ զարգացումները Հայաստանի մոտ առաջացրեց հասկանալի անհանգստություն

- in Հրապարակ

Տարեսկիզբը տոնական տրամադրությունից տագնապային սպասումների վերածած «բաղդադյան սպանությունը» ի ցույց դրեց հայկական հասարակության խորքային խնդիրներից մեկը, որն առաջին հայացքից բավականին վատ է նշմարվում ժամանակի ու տարածության մեջ, սակայն գործնականում ընկած է հայկական պետականության մոտ երեք տասնամյակի ընթացքի վայրիվերումների, մեղմ ասած՝ վայրիվերումների և անարդյունավետության հիմքում:

Իրան-ամերիկյան ուղղությամբ թեժ զարգացումները ինչպես ցանկացած ողջախոհ հանրության, այդպես էլ Հայաստանի մոտ առաջացրեց հասկանալի անհանգստություն, մտահոգություն, ռիսկերի և վտանգների գնահատում: Սակայն, ինչպես գրեթե միշտ, այդ իրողությունը արագորեն հատեց խուճապի և վախճանաբանական սպասումների սահմանը, թեկուզ շատ դեպքերում այդ երևույթների, այսպես ասած, ակադեմիական հռետորաբանությամբ փաթեթավորմանը:

Գործականում, Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացուն մատուցված մեկնաբանությունների շարքում գերակշռում էին նրանք, որոնք խորքային առումով ունեին մի ազդակ՝ մենք արհավիրքի առաջ ենք և պետք է սպասենք, թե ինչ է լինելու մեզ հետ, ու գլխավորը չխառնվելն է: Ահա այդ սեփական թերարժեքության բարդույթն է եղել հայկական պետականության, հատկապես հաղթանակած պատերազմից հետո ընկած քառորդ դարի հիմնական «ուղենիշ»-«ուղղորդող» հանգամանքը, մտայնությունը, փիլիսոփայությունը: Առաջին հայացքից ոչ քաղաքական այդ բաղադրիչը իրականում թելադրել է քաղաքականություն, ու նաև դա է եղել այն համակարգի ձևավորման գործընթացի հիմքում, որ աչքի է ընկել ընտրակեղծարարությամբ, հանրային ռեսուրսների մսխմամբ, կլանայնությամբ, պալատականությամբ՝ հանրապետականության փոխարեն, և մնացյալ բոլոր այն արատներով, որոնց հաղթահարման անխուսափելի միջոց էր դարձել միայն հեղափոխությունը:

Ի վերջո, այդ թերարժեքության բարդույթն է, որ ձևավորել է թե՛ հանրային, թե՛ «էլիտաների» մակարդակում «պաշտպանողական», ոչ նախաձեռնողական հոգեբանություն, էապես իջեցնելով պատասխանատվության նշաձողերը հանրային և պետական քաղաքականության շրջանակում: Խորքային առումով, հենց այդ ցածր նշաձողերն են ազատում էլիտաների ձեռքերը հանրային ու պետական խնդիրների հանդեպ, հանրային ու պետական ռեսուրսի հանդեպ կամայականության հարցում նրանց դարձնում առավել անկաշկանդ: Այդ ամենի խորքում աշխարհայացքի, աշխարհընկալման, աշխարհաճանաչողության և դրանում սեփական դերի ու առաքելության գիտակցման խնդիրն է: Վերջին հաշվով, ինչպես և ինչպիսին էլ գնահատվի նախորդ իշխող համակարգը, ակնառու է, որ արժեհամակարգային առումով այդ համակարգը կառուցվել է հանրային հոգեբանության հիմքի վրա: Դա է նաև պատճառը, որ ներկայումս՝ իշխանափոխության թվացյալ լուծումից հետո, երբ թվում էր, որ դա ինքնաբերաբար բերելու էր խնդիրների լուծման, էլ ավելի նկատելի ու անհրաժեշտ է դարձել արժեհամակարգային, աշխարհայացքային, աշխարհաճանաչողական հարցերի հեղափոխությունը:

2020 թվականի մեկնարկային դրամատիկ իրադարձությունները Հայաստանի հանրությանը հերթական անգամ բերեցին այդ խնդրի առաջ, որը, սակայն, ունի հասարակական-քաղաքական դիսկուրսում ձևակերպման և դիտարկման անհրաժեշտություն: Վախվորած հանրությունը, համաշխարհային զարգացումների հանդեպ խուճապահար, թերարժեքության բարդույթով հանրությունը չի կարող հասնել իր ներքին կյանքի արդյունավետ կազմակերպման և, ըստ այդմ, միջազգային դերակատարմանն առնչվող բազայի ձևավորման արդիականացման ռեժիմի:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments