Իրենց իշխանության տարիներին երբևէ մարդկանց բողոքներին ուշադրություն դարձրե՞լ են

- in Վերլուծական
Mishik

Հանրային գիտակցության մեջ առ այսօր գերակշռում է այն տեսակետը, թե եթե ինչ-որ մարդիկ ինչ-որ բանի դեմ բողոքի ակցիաներ են իրականացնում, ուրեմն նրանք անվերապահորեն իրավացի են: Սրա պատճառները հասկանալի են. եզակի բացառություններով՝ տասնամյակներ շարունակ Հայաստանում հենց այդպես էլ եղել է:

Այս կամ այն անարդարությունից տուժածները, իրենց խնդիրները լուծելու համար իշխանությունների հետ շփման այլ միջոցներ չունենալով, պարզապես բողոքի ակցիաներ էին կազմակերպում: Ճիշտ է, որպես կանոն՝ արժանանում էին «ա՛յ համբալներ…» կամ «հիմա եկել եք ստեղ, մեր տոնը փչացնում եք…» տիպի պատասխանների, բայց դա ընդամենը ավելի էր մեծացնում հասարակության համակրանքը բողոքողների նկատմամբ ու ավելի էր արմատավորում այն գիտակցումը, որ նրանք իրավացի են:

Հիմա իրավիճակը այլ է  (համենայն դեպս՝ այլ է իշխանությունների վերաբերմունքը ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ), բայց էլի բողոքի ակցիաների պակաս չկա: Եվ առաջին հայացքից կարող է թվալ, թե այս առումով առանձնապես բան չի փոխվել: Իրականում փոխվել է այն, որ հիմա բողոքի ակցիա անելու փաստն ինքնաբերաբար չի նշանակում, որ բողոքողներն իրավացի են: Մի դեպքում կարող են իրավացի լինել, մեկ այլ դեպքում՝ ոչ: Ու իշխանություններն ամենայն մանրամասնությամբ քննարկում են բարձրացված հարցերը, եւ եթե գտնում են, որ բողոքն արդարացի է՝ համապատասխան որոշումներ են ընդունում:

Բայց լինում են նաեւ դեպքեր, երբ այդ բողոքները, մեղմ ասած, արդարացի չեն՝ որքան էլ հակաիշխանական քարոզչամիջոցները թմբկահարեն դրանք ու փորձեն ներկայացնել որպես համաժողովրդական դժգոհության արտահայտություն, մարդկանց առանձին խմբեր էլ, դրանից ոգեւորված, փորձեն իրենց նեղ խմբային շահերը պարտադրել իշխանություններին:

Հայաստանում իսկապես հետաքրքիր բաներ են տեղի ունենում: Մարդկանց մի խումբ, օրինակ, ուզում է ապրել ժամանակակից քաղաքակիրթ երկրում, որտեղ ամեն ինչ կլինի օրենքով, իր բոլոր քաղաքացիական իրավունքները պաշտպանված կլինեն եւ այլն, բայց՝ պայմանով, որ անձամբ իրեն թույլ տան, ասենք, իր պահած անասունը մորթել թեկուզ գոմում ու վաճառել՝ որտեղ կամենա: Մի ուրիշ խումբ ուզում է, որ Երեւանը դառնա գերժամանակակից եվրոպական քաղաք, խցանումներ չլինեն, խանութներում վաճառվող միսն ու այլ սննդամթերքները լինեն բացարձակապես անվտանգ եւ այլն, բայց՝ անձամբ իրեն չտուգանեն մեքենան երկրորդ շարքում կանգնեցնելու կամ ծխախոտի մնացորդը պատուհանից շպրտելու համար, երրորդները պահանջում են, որ Հայաստանում լինի բարձրակարգ առողջապահություն, գերժամանակակից սարքավորումներ եւ այլն, բայց՝ բոլոր բնակավայրերում լինեն բուժհաստատություններ, ընդ որում՝ պրոֆեսիոնալ եւ բարձր աշխատավարձ ստացող բուժանձնակազմով: Եվ իհարկե՝ համաձայն են, որ դրա համար մեծ բյուջե է պետք, բայց դեմ են հարկային վարչարարության խստացումներին: Մեկ այլ խումբ երազում է ունենալ ազնիվ ու չկոռումպացված իշխանություններ, բայց՝ պայմանով, որ այդ իշխանությունները մյուս բոլորի «գյամերը քաշեն», իսկ իրենց թույլ տան, ասենք, ապօրինի անտառահատումներով կամ ձկնորսությամբ զբաղվել:

Արդյունքում՝ ստեղծվել է մի վիճակ, երբ բոլորն ընդհանուր առմամբ կողմ են փոփոխություններին եւ գտնում են, որ Հայաստանն ավելի ժամանակակից պետություն պիտի դառնա, բայց ամեն մեկը համարում է, որ պիտի փոխվի ամեն ինչ՝ բացի իրենց ոլորտի ավանդական «դրվածքից»: Հասկանալի է, իհարկե, որ որեւէ երկրում որեւէ բարեփոխում առանց դիմադրության չի լինում, ոչ էլ արժե ակնկալել, որ հասարակության որոշակի նեղ խմբեր իրենց խմբային շահերը կստորադասեն պետական ու հանրային շահերին, պարզապես մեզանում այս ամենի քաղաքականացման ու բողոքները որպես քաղաքական գործիք օգտագործելու ագրեսիվությունն է չափազանց մեծ: Ու նաեւ մտահոգիչ, որովհետեւ օգտագործվում է նրանց կողմից, ովքեր իրենց իշխանության տարիներին երբեւէ մարդկանց բողոքներին ուշադրություն չեն դարձրել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments