Խորհրդարանական կառավարման մոդելն այն ջերմոցն է, որտեղ պետք է աճեցվի Հայաստանի քաղաքական համակարգը

- in Կարծիք

Կառավարող մեծամասնության ներկայացուցիչների հայտարարությունը՝ ընդհուպ վարչապետի, որ Հայաստանում չկա կառավարման մոդելի փոփոխության մտադրություն, արժանի է ուշադրության՝ Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկին զուգահեռ:

Կասկած չկա, որ լինելու են կառավարման մոդելի փոփոխության և նախագահական կամ կիսանախագահական մոդելի վերականգնման օրակարգի նախաձեռնման փորձեր: Արդեն իսկ կա մեկ կոչ հայտարարություն՝ ՀԱԿ-ից: Այդուհանդերձ, կառավարման ներկայիս մոդելի պահպանությունը Հայաստանի համար ունի էական նշանակություն քաղաքական արդիականացման առանցքային հարցը լուծելու համար, ինչը նաև պետական անվտանգության հարց է: Փաստարկը, թե Հայաստանը պատերազմող պետություն է և կառավարման խորհրդարանական մոդելը չի համապատասխանում այդ պետության մարտահրավերներին, բավականին միամիտ և պարզունակ է, և այն լավագույնս ցրվում է Իսրայելի օրինակով:

Ի վերջո, պատերազմի մեջ ծնված և պատերազմով ուղեկցվող այդ պետության կենսունակության և անվտանգային դիմադրունակության գրավականներից մեկն էլ այն, որ ընտրվել է զարգացման խորհրդարանական մոդելը, որը թույլ է տվել գտնել իրավա-քաղաքական ինստիտուցիոնալ և մշակութային, մտածողական մի այնպիսի համակարգ, որտեղ քաղաքական ճգնաժամերը որևէ էական ազդեցություն չեն թողնում պետության պաշտպանունակության վրա: Ի վերջո, քաղաքական ճգնաժամերից ապահովագրված չէ որևէ հասարակություն և պետություն, և այստեղ շատ կարևոր է դառնում, թե ինչպիսին են վտանգավոր ազդեցության չեզոքացման ոչ միայն սահմանադրա-իրավական, այլ նաև հարաբերությունների մշակութային ասպեկտներն ու հանրային մտածողությունն ու ավանդույթները: Հայաստանը չունի այդպիսիք, և ավելին՝ ունի անցնող մոտ երեք տասնամյակի, այսպես ասած, նախագահական մոդելի արդյունքում խեղված փորձեր ու մտածողություն, բևեռացված քաղաքական մշակույթ: Դրանք հաղթահարելու կենսական միջոց կարող է լինել խորհրդարանական կառավարման մոդելի կիրառումը, որը, ի վերջո, առավելագույնս կարող է նպաստել նստել-միմյանց հետ խոսելու և առնվազն պետության համար կարևորագույն, առանցքային հարցերում միմյանց հետ պայմանավորվելու մշակույթի ձևավորմանը, ըստ այդմ՝ քաղաքական պատասխանատվության կամ պատասխանատու քաղաքականության ձևավորմանը:

Այլ կերպ ասած, խորհրդարանական կառավարման մոդելն այն ջերմոցն է, որտեղ պետք է աճեցվի Հայաստանի քաղաքական համակարգը, որտեղ պետք է խթանվի քաղաքականության ինստիտուցիոնալացումն ու սանձազերծումը:

Կասկածից վեր է, որ այդ մոդելը տևական ժամանակ գտնվելու է նախկին իներցիայից եկող իրողությունների և գնահատականների տիրույթում, այդ թվում՝ քաղաքականության անձնավորվածության առումով: Անգամ թավշյա հեղափոխությունից հետո այդ խնդիրն ակնառու է ժողովրդավարական արժեքներով ու հռչակագրերով իշխանության եկած նոր մեծամասնության, ու նաև այդ մեծամասնությունից «հեղափոխություն» պահանջող այլ ուժերի մոտ: Բայց հենց այդ իներցիայի հաղթահարման արդյունավետ տիրույթն է խորհրդարանական կառավարման մոդելը, եթե գտնվում է այն պահպանելու և կյանքի կոչելու հաստատակամություն և կամք: Միաժամանակ, իհարկե, եթե գտնվում են նաև այդ մոդելն օգտագործելու ունակ քաղաքական խմբեր՝ նոր որակի քաղաքական ինստիտուտներ, քաղաքական մեթոդաբանություն, մտածողություն ձևավորելու ունակ ուժեր, որոնք կստանձնեն առկա իրավիճակն օգտագործելու կամք և կարողություն, ու խորհրդարանական կառավարման մոդելը, այսպես ասած, հակառակ ծայրից կյանքի կոչելու պատասխանատվություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments