Կառավարությունը առայժմ չի փակում Եղվարդի ծննդատունը, այս մասին լրագրողներին ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով հանդիպեց Եղվարդի «Նաիրի» հիվանդանոցի բուժանձնակազմի հետ: Նշենք, որ բուժանձնակազմը վերջին օրերին բողոքի ակցիաներ է անում ծննդատան փակման որոշման դեմ:

Մարզպետը հանդիպել էր առողջապահության նախարարին և հանդիպումից հետո հայտարարեց. «Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը շարունակում է գործել ու կատարել իր գործառույթները: Մեր ծննդատունը շահեկան վիճակում է, քանի որ նախորդ տարի ծնունդների թիվը 136-ի է հասել՝ նախկին 119-ի փոխարեն: Ես լիահույս եմ, որ 150-ը կանցնենք: Քաղաքական որոշումն այն է, որ ծննդատունը պետք է մնա ու գործի»,- նշեց մարզպետը: Պետրոսյանը հավելեց, որ ինքն էլ է դեմ ծննդատան փակմանը: Ըստ նրա՝ Եղվարդի ծննդատունը փակման ենթակա ծննդատների ցանկում տարբերվում է նրանով, որ նախ ծնունդների թիվն է ավելացել, հետո 2017-19 թվականների ֆինանսական հոսքերի  դինամիկան շուրջ 70 տոկոսի աճ է ունեցել:

«Եթե մուտքերի աճը վերաներդնում ենք հիվանդանոցի վերազինմանն ու իրավիճակի բարելավմանը, ապա դա բարձրացնում է քաղաքացիների վստահությունը: Բայց նաև շատ կարևոր է բուժանձնակազմի պրոֆեսոիանլիզմը, որի ուղղութամբ աշխատելու տեղ շատ ունենք»,- հավելեց նա:

Spread the love