Հունվարի 14-ին վերսկսվել ու դարձյալ հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի և երեք բարձրաստիճան պաշտոնյաների գործով, կամ մարտիմեկյան գործով դատական նիստը, որտեղ պաշտպանական կողմը ներկայացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու նոր միջնորդություն:

Ակնառու է, որ դա տեղի է ունենում դատավարությունը ձգձգելու մարտավարության, արդեն բավականին հայտնի ու նկատելի մարտավարության համատեքստում: Ըստ հնչող գնահատականների, ակնկալիքն այն է, որ Սահմանադրական դատարանը կկայացնի գործով դատավճիռ, որի արդյունքում երկրորդ նախագահը կհայտնվի ազատության մեջ, կամ ընդհանրապես կազատվի քրեական հետապնդումից: Այս հանգամանքն էլ դիտարկվում է Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացի հիմքում, որ իրականացնում է կառավարող մեծամասնությունը:

Որքա՞ն կշարունակվի այդ հեռակա դիմակայությունը, ժամանակային առումով ի՞նչ ռեսուրս ունի այդ իրավիճակը: Էական հարցերից մեկն այստեղ այն է, որ հնարավոր է՝ կողմերը համոզված են, թե ժամանակը ձգում են ի հեճուկս միմյանց: Ու այստեղ մի իրադրություն է, որ յուրաքանչյուրը կարող է իրավացի լինել իր պատկերացումներում: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը ձգում է ժամանակը և դատավարության բովանդակային փուլը, ըստ այդմ նաև իր համար գուցե բավականին անհարմար իրադրությունն ու դատավճռի հնարավորությունը, իսկ իշխանությունն էլ ձգում է ՍԴ շուրջ լարվածությունը և այդպիսով առնվազն կանխում Ռոբերտ Քոչարյանի գործին անդրադարձը՝ մի շարք հանգամանքների կամ բաղադրիչների ազդեցությամբ, իսկ արդյունքում Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ անազատության մեջ՝ իհարկե ոչ դատավճռով, բայց անազատության մեջ:

Այլ կերպ ասած, իրավիճակը հիշեցնում է այսպես ասած՝ չկարգավորված մի հակամարտություն, որտեղ չկա դե յուրե արձանագրված կամ ճանաչված ստատուս-քվո, բայց առկա է քաղաքական տրամաբանության տեսանկյունից փոխադարձ դե ֆակտո ընդունելի իրավիճակ: Վարչապետ Փաշինյանը գործնականում քաղաքական հակակշիռների մեխանիզմի բացակայության պայմաններում՝ ինչը քաղաքական համակարգի բացակայության հետևանք է, իրադրությունը փորձում է կառավարել ներքին դաշտում և այդ թվում՝ նախկին իշխող համակարգում առկա որոշակի հակասությունների վրա խաղալու միջոցով, որքան էլ դրանք հանրագումարում թողնում են իշխանության դիրքերի նկատմամբ տոտալ գրոհի տպավորություն: Այդ գրոհը չունի հանրային լեգիտիմություն, ըստ այդմ՝ ինքնին լինելով առերևույթ տպավորիչ, այն ոտքի տակ չունի հող:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •