Հաղթեցինք և հաղթելու ենք. Հասմիկ Պապյանը Ռուզան Մանթաշյանի դրեզդենյան ելույթի մասին

- in Մշակույթ
Hasmik Papyan

Հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, անդրադառնալով Ռուզան Մանթաշյանի` փետրվարի յոթին «SemperOpernball»-ին մասնակցությանը, Ֆեյսբուք-ի իր անձնական էջում գրել է` հաղթեցինք և հաղթելու ենք:

Պապյանը գրել է. «Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք օպերային պարահանդեսին: Նա կերգի՝ կատարելով Տատյանայի արիան` Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից: Սա հաղթանա՞կ է՝ կհարցնեն շատերը: Այո, անկասկած:

Բարձրաձայնելով խնդրի մասին, մենք միևնույն ժամանակ օգնեցինք գերմանացիներին վերանայելու և ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը և փրկելու իրենց դեմքը: Ի զարմանս ինձ, ոչ մի ձայն չլսվեց պաշտոնական Ադրբեջանից ի պաշտպանություն իրենց ազգակցի: Փոխարենը բազմաթիվ հայեր դարձան «հարևան» երկրի երգչի ջերմեռանդ պաշտպանը: Թվում էր, թե հայտնի երգչուհի Նետրեբկոյի թիկունքին առնվազն պետք է կանգնեին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Ռիկարդո Մուտին կամ Դանիել Բարենբոյմը: Բայց ոչ, իրենց հարգող իրական արվեստագետները չեն իջնի բարձունքից: Երկար փնտրտուքներից հետո հաջողվեց գտնել միայն մեկին՝ հայազգի Սաթի Սպիվակովային, որն էլ իր պարտքը համարեց կոչ անել հայ ժողովրդին հանգստանալ և դադարել «զառանցել»,-նշել է երգչուհին:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր սատարել են` առանձնակի շնորհակալություն հայտնելով Նարինե Աբգարյանին: «Ես ոչ մի ճանաչման, հերոսանալու կամ դափնիների կարիք չունեմ, փոխարենը օրեր շարունակ հետևողական լինելով խնդրի արդարացի հանգուցալուծմանը` ինձ համար հայտնաբերեցի մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների և անհաղորդ հայրենակիցների:

Սիրելիներ, իմ պատգամը վերաբերում է, մասնավորապես, երիտասարդներին. որտեղ էլ որ լինեք, պահպանեք ձեր ոգու ամրությունը, ամեն գնով պայքարեք հայի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այն ամեն ինչից վեր է…

Հաղթեցինք և հաղթելու ենք»,-եզրափակել է Հասմիկ Պապյանը:

Հունվարի 13-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ, և երգչուհու ելույթը չեղարկվել է: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին: Ավելի ուշ ադրբեջանցի երգիչն Ինստագրամի իր էջում նշել էր, իբր, այդ լուրը սուտ է: Նա հրապարակել էր SemperOpernball-ի հաղորդագրությունն այն մասին, որ օպերային թատրոնն ընդհանրապես պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի SempernOperball-ում ելույթ ունենալու վերաբերյալ։ Սակայն դեռ դեկտեմբերին մամուլի հաղորդագրություն էր տարածվել, որում սպասվող ելույթներում նշված է եղել նաև Ռուզան Մանթաշյանի անունը: Իսկ վերջնական պայմանագիրը կնքված չի եղել միայն այն պատճառով, որ բանակցությունները դեռ չէին ավարտվել, սակայն երգչուհու մասնակցության մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք էր բերվել:

Ի պաշտպանություն Ռուզան Մանթաշյանի հանդես եկան բազմաթիվ հայտնի և հեղինակավոր գործիչներ` Հասմիկ Պապյանը, Վարդան Պետրոսյանը և այլք: Հարցը միջազգային հնչեղություն ստացավ: Հայաստանի խորհրդարանը անգամ նամակ հղեց Գերմանիայի Բունդեսթագին: ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նամակում նշվում էր.

«Հարգելի տիկին Բուդդե, համբուրգաբնակ սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը փետրվարի 7-ին կայանալիք դրեզդենյան Semper Opernball կասեցվել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով, որը հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի երգչուհու հետ: Մշակույթի ոլորտում նման այլատյաց մոտեցումն անընդունելի է: Այն ակնհայտ անարգանք է արվեստի նկատմամբ: Մշակույթը եղել և մնում է ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու, նոր կամուրջներ կառուցելու ամենաարդյունավետ հարթակներից մեկը, որը չի ճանաչում քաղաքականություն, ազգային պատկանելություն: Այստեղ պետք է պահպանվեն բոլոր ազգերի և մշակույթների ներկայացուցիչ արվեստագետների նկատմամբ հարգանքը և հավասարությունը: Բունդեսթագի մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս մտահոգիչ փաստին: Լիահույս ենք, որ դուք, լինելով ռասայական խտրականության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ պայքարի ջատագովներ, հարցը կպահեք ձեր ուշադրության կենտրոնում»:

Աջակցության ակցիաներից հետո հայտնի դարձավ, որ հայ երգչուհին կրկին հրավեր է ստացել երգելու համերգին և տվել է իր համաձայնությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments