ԵՄ երկրներին ու Ռուսաստանին կոչ անելով դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, ԱՄՆ նախագահ Թրամփը գործնականում նրանց տեղեկացրեց, որ խաղն ավարտվել է եւ Նահանգները սկսել է նոր խաղ Իրանի հետ:

Ինքը Թրամփը ԱՄՆ դուրս է բերել այդ համաձայնագրից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, համարելով, որ այն չի բխում ԱՄՆ շահից: 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո Իրանը եւս հայտարարեց միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին, այդպիսով փաստորեն ընդունելով նոր խաղի ԱՄՆ առաջարկը:

Իրանը թերեւս չունի մերժելու պատճառ, քանի որ այն տալիս է ռեգիոնալ նոր հավակնության հնարավորություն, կամ եղած հավակնությունների սպասարկման նոր հնարավորություն:

Իրանի հավակնությունների շարքում է նաեւ Նախիջեւանը: Այդ ինքնավարությունը Իրանի հետաքրքրության կենտրոնում է ԽՍՀՄ փլուզումից հետո: Ներկայում Թուրքիան զգալի տնտեսական ու ռազմական դիրքեր է հաստատել Նախիջեւանում:

Սակայն, առանցքային գործոններից մեկն անշուշտ այն է, որ Նախիջեւանի կարգավիճակը սահմանվել էր Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված 1921 թվականի մոսկովյան պայմանագրով, որն այլ բանի մասին չէր, քան կովկասյան ռեգիոնում հայկական սուբյեկտության չեզոքացումը:

Պայմանագիրը մոտենում է 100-ամյակին: Այն չունի միջազգային իրավունքի ուժ, բայց Մոսկվան ու Անկարան գործնականում հարաբերվում են հենց դրա ուժով ու տրամաբանությամբ: Բայց, կա բարդ իրավիճակ: Արցախյան հաղթանակով Հայաստանը փոխել է ռեգիոնալ տրամաբանությունն ու ռազմա-քաղաքական կառուցվածքը, անվտանգային սխեման: Ապրիլյան քառօրյայում իրավիճակը հետ շրջելու փորձը Հայաստանը կանխել է, իսկ 2018 թվականի ապրիլի թավշյա հեղափոխությամբ արդեն փորձում է հիմնովին կանխել իրավիճակի շրջադարձի երրորդ փորձը, մի շարք պատասխանատու նշաձողեր դնելով Ռուսաստանի առաջ եւ հիշեցնելով դաշնակցային պատասխանատվության մասին:

2019-ի տարեվերջին Հայաստանը հիշեցրեց Նախիջեւանի մասին, արտգործնախարարության պաշտոնական աննախադեպ հայտարարությամբ: Հայաստանի ԱԳՆ-ն անդրադարձավ Նախիջեւանի Ագուլիս բնակավայրում հայկական ջարդերի 100-րդ տարելիցին, Անտանտի երկրներին ուղղված կոչը, Նախիջեւանի հայաթափմանը, այդ ամենից բխեցնելով «պատմական հայրենիքում ապրելու եւ զարգանալու» հայ ժողովրդի հաստատուն կամքի հիշատակումը:

Գործնականում, Երեւանը 2019-ի վերջին բարձրացնում էր Նախիջեւանի եւ ռուս-թուրքական պայմանագրի հարցը: 2020 թվականի մերձավորարեւելյան դրամատիկ եւ բավականին խորքային շերտերով մեկնարկը ամենայն հավանականությամբ ենթադրում է, որ Իրանը Երեւանը չի թողնի այդ հարցում մենակ: Նախիջեւանի նոր կարգավիճակի հարցը կդառնա Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ Իրանի քաղաքական օրակարգի հարց: Կովկասի ռազմա-քաղաքական անվտանգության նոր համակարգի այսպես ասած անհայտը դառնում է Նախիջեւանը:

Մոսկվան ու Անկարան կամ պետք է վերահաստատեն 1921 թվականի պայմանագիրը, իսկ դա լինելու է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի թշնամական ակտ եւ Կովկասում ռուսական ներկայության վերջի սկիզբ, կամ ամերիկա-իրանյան խաղի համատեքստում սկսելու է մեծ առեւտուր Նախիջեւանի հարցի շուրջ, ինչին պետք է պատրաստ լինի Հայաստանը՝ ամենատարբեր սցենարներով:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •