Հայաստանը փակել է էջը. Սերժ Սարգսյանի ուշացած խոստովանությունը

- in Հրապարակ
Tank

Հայաստանի կառավարությունը փակել է 80-ականների սպառազինության էջը եւ համալրվել է արդիական սպառազինությամբ, որը կամ հենց 2019-ի արտադրության է, կամ գործարանային վիճակի:

Այդ մասին հունվարի 25-ի մեծ մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետռ Փաշինյանը, հիշատակելով ձեռք բերած նոր սպառազինությունը, այդ թվում մասնավորապես ՍՈՒ 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները, ՏՈՐ հակահրթիռային համակարգերը, նաեւ այլ տեսակի նոր սպառազինություն:

80-ականների սպառազինության էջի փակումը անշուշտ միայն ֆինանսատնտեսական նշանակություն ունեցող հայտարարություն, կամ լոկ կառավարման արդյունավետությամբ պայմանավորված ձեռքբերում չէ: Այդ էջի փակումը քաղաքական իրողություն է, որը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ռազմա-քաղաքական կապիտալիզացիայի դրսեւորում է եւ արձանագրում:

Այդ էջի փակումը գործնականում Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման առանցքային արդյունք է, որի շնորհիվ հնարավոր եղավ ռեգիոնալ անվտանգության եւ կայունության պատասխանատվության հարցը Ռուսաստանի առաջ դնել ուղիղ, եւ գլխավորը՝ պատերազմից առաջ, այդ պատերազմը կանխարգելելու տրամաբանության շրջանակում, հաշվի առնելով նաեւ 2016 թվականի ապրիլի դասը:

Ի վերջո, Հայաստանում 80-ականների սպառազինության թեման գալիս է հենց այդ քառօրյայից, եւ այն գործնականում բացել է Սերժ Սարգսյանը: Ապրիլի քառօրյա պատերազմից երկու օր անց Սերժ Սարգսյանը Բեռլինում՝ Անգելա Մերկելի հետ ասուլիսում արեց այդ հատկանշական հայտարարությունն ու փաստացի ուշացած խոստովանությունը, որ «թեեւ Հայաստանը չունի հզոր հովանավոր», թեեւ «կռվում է 80-ականների զենքով», բայց անգերազանցելի է ոգով ու կամքով:

Սերժ Սարգսյանը ապրիլյան քառօրյայի տաք հետքով գործնականում ազդարարում էր Հայաստանի շահերի դեմ ռուսական քաղաքականության հանգամանքը: Մինչ այդ լեգիտիմությունից զուրկ Սարգսյանն ուժ էր ստացել բանակի ու հանրության ինքնիշխան դիմադրության արդյունքում, փորձելով քաղաքական տիրույթում իրացնել այդ ուժը: Ավելին անելն անշուշտ նրա ուժից վեր էր՝ լեգիտիմության բացակակության, նաեւ Հայաստանում իշխող համակարգի բնույթի բերումով:

Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը Հայաստանին թույլ է տվել անել ավելին եւ ՌԴ առաջ դնել պատասխանատվությունը ոչ թե պատերազմից հետո, այլ առաջ, այդպիսով փակելով «80-ականների սպառազինության» էջը եւ Մոսկվայի առաջ դնելով հայ-ռուսական հարաբերության եւ ռեգիոնալ քաղաքականության նոր էջ:

Ինչ է գրվելու նոր էջի վրա: Առայժմ ընթանում է դրա բովանդակության առնչությամբ դիրքային պայքար Հայաստանի եւ Ռուսաստանի թե քաղաքական ղեկավարությունների, թե նաեւ տնտեսա-քաղաքական որոշակի շրջանակների դիմակայության պայմաններում:

Այդ դիրքային պայքարում Հայաստանի հաջողության խորքային գրավական է լինելու 80-ականների էջը փակելուց հետո 1920-ականների, ավելի կոնկրետ՝ 1921-ի էջը բացելով, որտեղ շարադրված է Հայաստանի եւ հայության սուբյեկտության դեմ ռուս-թուրքական պակտը: Հաջորդ տարի կլրանա դրա 100-րդ տարելիցը: Երեւանը պետք է պահի տեմպն ու կատարի հաջորդ քայլը, նոր ռազմա-քաղաքական իրողությունից Ռուսաստանի նահանջի ճանապարհը փակելու եւ մշտապես հավանական պատերազմից մեկ քայլ առաջ լինելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments