Հայաստանի ներքաղաքական իրավիճակի առանցքային խնդիրներից մեկը հավասարակշռության էական խախտումն է

- in Պնակալեզներ

Այն հեղափոխության հանգամանքով պայմանավորված, օբյեկտիվ իրողություն է, սակայն հետագա էվոլյուցիոն զարգացման տեսանկյունից՝ նույնքան օբյեկտիվ հրամայական վերականգնման հրատապության իմաստով:

Ապահավասարակշռված քաղաքական դաշտի առկայությունը էական խնդիր է, այն կարող է հանրության մեծամասնության համար գրավիչ և գոհացնող լինել նոր իշխանության հանդեպ վստահության ֆոնին, սակայն առաջացնել մեծ վակուում պետական զարգացման հեռանկարի տեսանկյունից: Իսկ քաղաքական վակուումը, քաղաքական հավասարակշռության էական խախտումով ներքաղաքական կյանքը, իր կարճաժամկետ էֆեկտով, կլինի խաբուսիկ, իսկ երկարաժամկետ առումով՝ ընդհուպ աղետալի:

Մեծ հաշվով, պետությունների ու հասարակությունների համար էական խնդիրներ, ազգային անվտանգության սպառնալիքներ առաջանում են նաև հենց այդ՝ ներքաղաքական դիսբալանսի հետևանքով: Իր հերթին առաջանում է հարց՝ ինչպե՞ս վերականգնել բալանսը: Ի վերջո, բալանսավորվածությունը վերականգնելու համար հո հետ չի՞ շրջվելու հեղափոխության արդյունքը: Առավել ևս, որ բառացիորեն այսօր «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության կազմի մի զգալի մասը ցույց տվեց, թե ինչ է նշանակելու հեղափոխության արդյունքի հետշրջում, կամ նույնիսկ՝ հետագա կապիտալիզացիայի դանդաղում: Միաժամանակ, այդ խնդիրը ամեն օր ի ցույց է դրվում տարբեր քարոզչամիջոցներից, որոնց միջոցով կատարվում է նախկին իշխող համակարգի այս կամ այն թևի ռեաբիլիտացիայի փորձ:

Ընդ որում, այդ գործընթացը ինքնին կարող է ունենալ նաև դրական տարրեր, նույն ներքաղաքական բալանսի վերականգնման տեսանկյունից, բայց չկա դրա համար անհրաժեշտ առանցքային հանգամանքը՝ այդ ուժերի կամ թևերի նոր խոսքը և նոր ոճը, նոր բովանդակությունը: Նրանք որդեգրել են նոր իշխանությանը հայելային պատասխանի, ու ռեաբիլիտացիայի, այսպես ասած, «կացնային» տարբերակները: Իսկ այստեղ էֆեկտը կամ էլ ավելի կխորացնի այդ դիսբալանսը՝ հօգուտ նոր իշխանության, ընդ որում՝ ավելի արհեստականորեն, այսինքն՝ ոչ այնքան ընթացիկ վաստակի, որքան նախկին համակարգի հանդեպ հանրային բացասական վերաբերմունքի նոր ալիքի բերումով, ինչն իր հերթին կառաջացնի խնդիր: Եվ հակառակ պարագայում՝ որևէ կերպ աշխատելու դեպքում, այդ քարոզչության էֆեկտը դրական չի կարող լինել որևէ մեկի, և առավել ևս հանրության ու պետության համար: Որովհետև իշխանության վարկանիշի անկման վրա խաղը կբխի զուտ խմբային, ոչ հանրային շահից, եթե անգամ ունենա արդյունք:

Այստեղ բախվում ենք առանցքային մյուս խնդրին՝ Հայաստանում «պոզիտիվ» տրամաբանության և տոնայնության, այլ կերպ ասած՝ սեփական վարկանիշի ձևավորման և աճի վրա խաղի բացակայությանը, կամ խաղացողների բացակայությանը քաղաքական դաշտում: Դա ներքաղաքական բալանսի վերականգնման գուցե բավականին բարդ, հետհեղափոխական պայմաններում կարող է լինել դժվարին, սակայն, թերևս, հանրային ու պետական շահի տեսանկյունից՝ ամենաառողջ ու հեռանակարային գործընթացը: Գործընթաց, որը կսահմանի քաղաքականության նոր նշաձող, կձևավորի ներքաղաքական պոզիտիվ բալանս, ստիպելով մնացյալ խաղացողներին իրենց ենթամշակութային ու անգամ ենթագիտակցական տարրերով կա՛մ դուրս մղվել քաղաքականությունից, կա՛մ իրենց միջից դուրս մղել այդ տարրերին և մտածել քաղաքական համալրումների մասին:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments