Հայաստանն ունի պետականության ուղենիշային գաղափարի անհրաժեշտություն

- in Վերլուծական

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի համաշխարհային համաժողովի բացմանը, որը տնտեսա-քաղաքական էլիտայի ամենահեղինակավոր հավաքույթներից մեկն է և անցկացվում է արդեն հիսուներորդ անգամ:

Նախորդ համաժողովին Հայաստանը ներկայացրել էր վարչապետ Փաշինյանը, այսպես ասած՝ թավշյա հեղափոխության տաք հետքով: Ինչո՞ւ է վարչապետն այս անգամ որոշել բաց թողնել համաժողովը՝ պատճառները քաղաքակա՞ն են, ներքաղաքակա՞ն, թե՞ պարզապես ժամանակացուցային: Հայաստանի պարագայում, սակայն, խնդիրը թերևս այն չէ, թե ինչ մակարդակով ենք մենք մասնակցում Դավոսին, այլև այն, թե ընդհանրապես Հայաստանն ինչով է մասնակցում՝ ինչ առաջարկներով, ինչ հեռանկարներով և ինչ պատկերացումներով, համաշխարհային տեղի ու դերի ինչ նշագրումներով և նշաձողերով:

Դավոսը մի կողմից համաշխարհային զարգացման շուրջ տեսական քննարկումների, մյուս կողմից՝ առարկայական բանակցությունների հարթակ է: Ըստ այդմ՝ այնտեղ, այսպես ասած, տեղ կա այն սուբյեկտների համար, որոնք ունեն թե՛ մեկը, թե՛ մյուսը, որոնք պատրաստված են տեսականում և ունեն առարկայական առաջարկներ: Եվ այստեղ, թերևս, մենք հանգում ենք Հայաստանի համար կարևորագույն խնդրի, որը կար հեղափոխությունից առաջ և, թերևս, շարունակում է պահպանվել դրանից հետո: Դա տեսականից առարկայական անցումն է, հայկական պետականության համաշխարհային գաղափարականացման միջոցով: Ինչ է դա նշանակում, կամ ինչ կարող է այն նշանակել:

Ձևակերպված չէ հայկական պետականության ուղենիշային գաղափարը: Համաձայնեք՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը» կարգախոսով հնարավոր է գնալ անգամ աշխարհի ծայրը, բայց հնարավոր չէ այն լսելի դարձնել աշխարհի համար:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ունի պետականության ուղենիշային գաղափարի անհրաժեշտություն, որը մի կողմից կլինի հայկական դերի, առաքելության, տեղի մասին, մյուս կողմից՝ կառնչվի համաշխարհային զարգացմանն ու ապագային, կնկարագրի կամ կձևակերպի հայկական ապագան համաշխարհային հեռանկարում: Հակառակ պարագայում, մեզ կընդունեն, կխոսեն, կժպտան, անգամ կծափահարեն մեր հետաքրքիր տեսություններին, սակայն չեն լսի և չեն հիշի՝ լինի Դավոսում, թե որևէ այլ տեղ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments