facebook mobile

Հայաստանում եկամտի առավել բարձր մակարդակ ունեցող բնակիչների համար տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրը համացանցն է, առավել ցածր եկամուտ ունեցողների համար՝ հեռուստատեսությունը:

Այս մասին են վկայում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատվերով 2019թ. հունիսի 23-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հետազոտության արդյունքները:

Ուսումնասիրությունն իրականացրել է  «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն: Հարցմանը մասնակցել է 18 տարեկան և դրանից բարձր 1200 մարդ Հայաստանի բոլոր մարզերից:

Այսպես, ստորև ներկայացված Գծապատկեր 1-ից երևում է, որ մինչև 35 հազար դրամ ընտանիքի միջին եկամուտ ունեցողների միայն 22.8% է տեղեկատվություն ստանում համացանցից, իսկ այդ կատեգորիայում հարցվածների գրեթե կեսը՝ 45.5%-ը տեղեկատվություն ստանում է հեռուստատեսությունից: Ընդհակառակը, 600 հազար դրամից ավելի ընտանիքի ամսական եկամուտ ունեցողների միայն 17%-ն է հեռուստատեսությունը դիտարկում որպես տեղեկատվության ստացման հիմնական աղբյուր, իսկ 50%-ի համար այդ աղբյուրը համացանցն է: Ընդ որում, նույն պատկերից երևում է, որ եկամտի աճին զուգահեռ մարդիկ որպես տեղեկատվության աղբյուր համացանցը նախընտում են հեռուստատեսությունից:

Գծապատկեր 1. Որո՞նք են ձեզ համար տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրները (ըստ ընտանիքի միջին ամսական եկամտի)

Ուշագրավ է, որ մինչև 35 հազար դրամ եկամուտ ունեցողների կատեգորիայում հարցման մասնակիցների 24.3%-ի համար տեղեկատվության ստացման հիմնական աղբյուր են ընտանիքի անդամները, ընկերները և հարևանները, այսինքն նրանք տեղեկատվություն ստանում են, այսպես կոչված, «երկրորդ ձեռքից»:

Հետազոտության մեկ այլ գծապատկերից (Գծապատկեր 2) երևում է, որ կրթության աճին զուգահեռ նվազում է հեռուստատեսության դիտարկումը որպես տեղեկատվության ստացման հիմնական աղբյուր: Մասնավորապես, բարձրագույն կրթություն (ներառյալ մագիստրատուրա)/գիտական աստիճան ունեցողների միայն 30.2%-ն է հեռուստատեսությունը դիտարկում որպես տեղեկատվության ստացման հիմնական աղբյուր, մինչդեռ թերի միջնակարգ կրթություն ունեցողների կատեգորիայում այդ ցուցանիշը 39.3% է:

Գծապատկեր 2. Տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրները՝ ըստ կրթության մակարդակի

Հարցման մասնակիցներից կրթություն առավել բարձր մակարդակ ունեցողների համար տեղեկատվության ստացման առաջնային աղբյուր է համացանցը, ընդ որում ուշագրավ է, որ համացանցից օգտվում են ավելի շատ բարձրագույն կրթություն ունեցողները, որոնք չունեն մագիստրոսի կամ գիտական կոչում (47%), քան նման կոչում ունեցողները (41.5%):

«Երկրորդ ձեռքից» տեղեկատվությունը (ընտանիքի անդամներ, (գործ)ընկերներ, հարևաններ) նախընտրելի է հարցման մասնակից առավել ցածր կրթական մակարդակ ունեցողների համար (29.1%): Բարձրագույն կրթություն ունեցողների միայն 16.6% -ն է տեղեկատվությունը ստանում «երկրորդ ձեռքից», իսկ գիտական կամ մագիստրոսի կոչում ունեցողների 19.7%-ը:

Հարկ է նշել, որ նույն հետազոտության համաձայն՝ կրթական տարբեր աստիճան ունեցող հասարակության տարբեր շերտերում լրատվամիջոցների նկատմամբ բացարձակ վստահության մակարդակը ընդհանուր առմամբ ցածր է (Գծապատկեր 3): Այսպես, բարձրագույն կրթություն (ներառյալ մագիստրատուրա)/գիտական աստիճան ունեցողների միայն 4%-ն է «շատ վստահում» լրատվամիջոցներին: Այդ ցուցանիշը կրթական աստիճանի նվազմանը զուգահեռ ավելանում է՝ թերի միջնակարգ (8-ամյա) կրթություն ունեցողների մոտ հասնելով 14%-ի:

Գծապատկեր 3. Որքանո՞վ եք վստահում լրատվամիջոցներին (ըստ կրթական աստիճանի)

Այսպիսով, վերը շարադրվածից հետևում է, որ ընտանիքի միջին եկամտի և կրթական աստիճանի ավելացմանը զուգահեռ մարդիկ դադարում են հեռուստատեսությունը դիտարկել որպես տեղեկատվության ստացման հիմնական աղբյուր՝ այն փոխարինելով համացանցով: Մյուս կողմից, կրթական մակարդակի ավելացմանը զուգահեռ նվազում է բացարձակ վստահությունը լրատվամիջոցների հանդեպ:

Վիկտորյա Անդրեասյան , «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •