Հայաստանում լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հետևյալ խնդրի մասին պետք է խոսենք։ Մեր հետևողական քաղաքականությունն է, որ Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված մենք պետք է ունենանք շատ կոնկրետ պատասխաններ։ Բայց մենք թափանցիկությունը պետք է բարձրացնենք, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հեռուստատեսությանը։ Եվ հեռուստատեսային շուկայում մենք այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք։ Ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ կառուցվածքի մասին է խոսքը։ Դուք գիտեք, որ ես չեմ հիշում ինչ ժամանակներից ՀՀ-ում ստեղծվել են երկու կառույցներ, այդ երկու կառույցներից մեկը բաշխում է Հայաստանում հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, իսկ մյուս ընկերությունը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշները և այդ գովազդային գումարները բաշխում է ըստ վարկանիշերի։

Այսինքն՝ ըստ էության հեռուստատեսային շուկայում գովազդի բաշխման գործընթացը մոնոպոլիզացված է։ Եթե ենթադրենք, որ կա փոխկապակցվածություն գործող հեռուստաընկերությունների, ռեյտինգ չափող ընկերությունների և գումար բաշխող ընկերության միջև, մենք կարող ենք արձանագրել, որ երկրում կա ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ։ Եվ պետք չէ թաքցնել, որ մենք գիտենք, որ այդ գործառույթը կա, մենք գիտենք, որ այդ գործառույթը գտնվում է հանրապետության նախկին ղեկավարության հետ ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո։ Եվ մենք պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը»,- ասաց վարչապետը։ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը միջազգային կառույցների կողմից համարվում է թափանցիկ, պետք է ՀԿ-ներն ու լրատվամիջոցներն էլ լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից։

Ըստ վարչապետի՝ ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ ՀՀ-ում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան։ «Նույնիսկ կարելի է  գրել՝ Կոռուպցիա գրուպ ընկերությունը ներկայացնում է լուրերի թողարկումը ՀՀ-ում։ Բայց մենք դժգոհ չենք, որովհետև այդպիսի հեռուստաընկերության գոյությունը ոչ միայն հիմնական կոռուպցիոներներին է բացահայտում, այլ նաև նրանց շոշափուկներին ու մետաստազներին»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ առաջարկում է, որ կառավարությունը գնա այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա։ «Այսօր հեռուստատեսություն կա, որ պարտադիր որևէ քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից հարցազրույց է տալիս և մեր ժողովրդին բացատրում, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»,- հավելեց վարչապետը։

Spread the love