Հայաստան կգա՞ ՍՈՒ-երի նոր խմբաքանակ

- in Հրապարակ
Inqnatir

Հայաստանի դատախազությունը նախօրեին հայտնել էր, որ Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի նախկին օլիգարխի ու պատգամավորի արտահանձնման հետ կապված ընթացակարգը շարունակվում է:

Ալրաղացի Լյովիկը շաբաթներ առաջ հայտնաբերվել էր Ռուսաստանում: Հայաստանում նրան մեղադրում են Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակումը պատվիրելու համար: Լեւոն Սարգսյանը Ռուսաստանում դեռ կալանքի տակ է:

Ինչո՞վ կավարտվի նրա արտահանձնման գործընթացը: Այդ հարցը Հայաստանում տարբեր առիթներով հնչում է Լեւոն Սարգսյանի ձերբակալումից ի վեր, հաշվի առնելով առաջին հերթին այն, որ Ռուսաստանը Հայաստանի նախկին մի քանի պաշտոնյայի եւ օդիոզ դեմքի համար դարձել է ապաստան:

Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը նախորդ տարեվերջի ասուլիսում ի պատասխան այդ մասին հարցի նշել էր, թե դրանք իրավական գործընթացներ են, չունեն քաղաքական ասպեկտ կամ տողատակ: Ստանդարտ պատասխան է անշուշտ, որովհետեւ աներեւակայելի է, թե դեսպանը կամ որեւէ պաշտոնյա կարող էր ասել հակառակը: Այդուհանդերձ, քաղաքական տողատակը անխուսափելի է, հատկապես հաշվի առնելով Հայաստանում թավշյա հեղափոխության հանգամանքը, դրա համատեքստում նախորդ համակարգում պետությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը, ու նաեւ հայ-ռուսական հարաբերության որակական տրանսֆորմացիայի խնդիրը, որն արդեն աշխարհքաղաքական նշանակության հարց է:

Այդ ամենը հանրագումարում առաջացնում են, որոշակի պայմանականության եւ պատկերավորության սահմանում իհարկե, մեկ այլ հարց՝ Հայաստան կգա հքավաքական առումով Ալրաղացի Լյովի՞կը, թե՞ օրինակ Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների նոր խմբաքանակը: Հարցն ունի որոշակի «էքզիստենցիալ» բնույթ, լայն իմաստով:

Ո՞րն է Հայաստանի համար ավելի կարեւոր, եւ ավելի կարեւոր ռեգիոնալ եւ միջազգային անվտանգության, կայունության համար ավելի կարեւոր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...