Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետի դին. ուր են տանում հետքերը

- in Կարծիք

Հատուկ քննչական ծառայությունում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին, հրազենային վնասվածքով: Մամուլում հրապարակվել են որոշ մանրամասներ, պաշտոնապես դեռեւս չհաստատված, որոնք կարող են վկայել ինքնասպանության մասին:

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է Երևանի Պարույր Սևակի փողոցում գտնվող բնակարաններից մեկում։

Կուտոյանի դին հայտնաբերվել է բերանի շրջանում հրազենային վնասվածքով։ Դեպքից հետո, ոստիկանները երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից։

Մի քանի ամիս առաջ իր ամառանոցում սպանված հայտնաբերվեց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, որն իբրեւ վկա անցնում էր մարտիմեկյան հայտնի գործով: Պաշտոնապես գնահատվեց ինքնասպանություն:

Բայց Գեորգի Կուտոյանը ԱԱԾ պետի պաշտոնում հայտնվել է շատ ուշ, մինչ այդ 2011 թվականից համեստ պաշտոն զբաղեցնելով նախագահ Սերժ Սարգսյանի իրավական հարցերի օգնականի կարգավիճակում: Ընդ որում, տխուր խորհրդանշականությամբ, Գեորգի Կուտոյանը նախագահի օգնականի պաշտոնի է նշանակվել 9 տարի առաջ հունվարի այս օրերին՝ 2011-ի հունվարի 21-ին:

Գեորգի Կուտոյանը նախագահի օգնականի կարգավիճակում առնչվել է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությանը: Ի դեպ, այդ առումով կա եւս մի տխուր խորհրդանշականություն: 2009 թվականի փետրվարի 3-ին Երեւանի տան բնակարանի մուտքի մոտ սպանվեց Գեւորգ Մհերյանը, որը 2008 թվականին նախագահի փոփոխությունից հետո նշանակվեց փոխոստիկանապետ, իսկ մինչ այդ եղել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի հակակոռուպցիոն հարցերով խորհրդական: Գեւորգ Մհերյանի հայրը տարիներ շարունակ պնդում էր, որ սպանությունն առնչվել է նրա այդ գործունեությանը եւ որ Մհերյանն ուներ կրիչ, որը պատրաստվում էր փոխանցել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:

Գեւորգ Մհերյանի սպանությունը բացահայտված չէ:

Սերժ Սարգսյանը Գեորգի Կուտոյանին ԱԱԾ պետ նշանակեց ներքին վճռորոշ ժամանակաշրջանում՝ 2016 թվականի փետրվարի 12-ին: Փետրվարի 3-ին նա Կուտոյանին նշանակել էր գլխավոր դատախազի տեղակալ, զուտ հաջորդ քայլով ԱԱԾ պետ նշանակելու հնարավորության համար՝ կար ռանգի խնդիր: Սակայն հատկանշական էր, որ Սերժ Սարգսյանը թոշակի գնացող Գորիկ Հակոբյանից հետո վճռորոշ շրջանում ԱԱԾ պետ էր նշանակում շատ երիտասարդ, միաժամանակ ԱԱԾ համակարգում չաշխատած պաշտոնյայի՝ իր աշխատակազմից:

Այդ փոփոխությունը եւ նշանակումը տեղի ունեցավ փետրվարի 2-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը 2015-ի դեկտեմբերին Սահմանադրության փոփոխությունից հետո ծրագրային ելույթ ունեցավ պետական համակարգի վերափոխման, քաղաքական վերադասավորումների, պետական քաղաքականության ուղենիշների թեմայով, որպես առաջնահերթություն հիշատակելով ինքնիշխանությունը:

Երկու ամիս անց տեղի ունեցավ ապրիլյան քառօրյան, իսկ դրանից երեք ամիս անց՝ ՊՊԾ գնդի գրավումը, որտեղ ԱԱԾ դերն ու դրա շուրջ իրավիճակը բավական հակասական էին: Մի կողմից ԱԱԾ ջանքով հնարավոր եղավ իրավիճակը հանգուցալուծել առանց արյունալի բախման, մյուս կողմից հրապարակվում էին տեղեկություններ, որ ՊՊԾ գնդի գրավումը հնարավոր է եղել նաեւ ԱԱԾ որոշ շրջանակների աջակցությամբ:

Բոլոր դեպքերում, ԱԱԾ երիտասարդ պետ Կուտոյանի համար դա լրջագույն փորձություն էր, որ նա կարծես թե հաղթահարեց: Ընդ որում հետաքրքիր էր, որ այդ իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց ԱԱԾ պետի առաջին տեղակալին եւ քննչական վարչության պետին:

Գեորգի Կուտոյանը ԱԱԾ պետի պաշտոնը թողեց թավշյա հեղափոխությունից հետո:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments