Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Երևանի ավագանու «Իմ քայլ»-ականների հետ ու առաջիկա ասուլիսը

- in Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

Հանդիպումն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի շենքում: ՀՀ վարչապետին Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ դիմավորեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանդիպմանը մասնակցում է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ լրատվամիջոցների համար հաջորդ մեծ ասուլիսը կլինի Կապանում՝ հունվարի 25-ին: Վարչապետի նախորդ մեծ ասուլիսը Վանաձորում էր, որը հիշվեց նրանով, որ փաստացի դրա ընթացքում տեղի ունեցավ ԱԱԾ պետի պաշտոնանկությունը՝ վարչապետը դրա ընթացքում բարձրաձայն հաստատեց մամուլում եղած տեղեկությունը, իսկ րոպեներ անց սկանդալային տեքստ հրապարակեց Արթուր Վանեցյանը:

Ինչո՞վ է հիշվելու Նիկոլ Փաշինյանի նոր մեծ ասուլիսը Կապանում:

Արտագնա, մարզային մեծ ասուլիս կազմակերպելու նախաձեռնությունը, ինչպես ընդհանրապես պարբերական մեծ ասուլիսների նախաձեռնությունը, բավականին ողջունելի է:

Մյուս կողմից, խիստ ցանկալի է, որ այդ մեծ ասուլիսները իրադարձություն դառնան նաեւ հնչող հիշարժան կամ նշանակալի հայտարարությունների առումով եւ ոչ թե, ասենք, դառնան կառավարության նիստերում կամ տարբեր այլ առիթներով վարչապետի հայտարարությունների յուրօրինակ «ժողովածու», տարբերվելով միայն նրանով, որ մի քանի տասնյակ լրագրող հոգեկան բավարարվածության զգացում է ունենում վարչապետին հարց տված լինելու հանգամանքից:

Այդ իմաստով, ասուլիսները թերեւս պետք է լինեն որոշակիորեն նախապատրաստված: Խոսքն իհարկե նախապես պատրաստված կամ ճշտված հարցերի մասին չէ, ինչի պրակտիկան առկա էր նախկինում, առավել եւս ճշտված լրատվամիջոցների ցանկով: Բայց, նաեւ դժվար պատկերացնելի չէ, որ հնչելու են հարցեր ամենատարբեր ոլորտների եւ թեմաների վերաբերյալ, ըստ այդմ հնարավոր է նախապատրաստել բովանդակություն, որը շատ հանգիստ կարող է տեղավորվել այս կամ այն հարցի վերաբերյալ պատասխանի շրջանակում:

Հիշարժան բովանդակության իմաստով մեծ ասուլիսների առանձնահատկությունը թերեւս կարեւոր է: Ինչու՞ է վարչապետ Փաշինյանը մեծ ասուլիսի «կենտրոն» այս անգամ ընտրել Կապանը, պարզ չէ, գուցե այդ առնչությամբ լինեն պարզաբանումներ, հնարավոր է պարզապես պլանավորված է վարչապետի աշխատանքային այց Սյունիք:

Մեծ հաշվով, ընտրության պատճառը գուցե էական չէ, սակայն խիստ հատկանշական է ընտրության պահը: Սյունիքը հույժ կարեւոր ռեգիոն է, Իրանին սահմանկից: Այդ կարեւորությունը հատկապես նշանակալի է դառնում ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակի ֆոնին, որը Տարեմուտից հայտնի իրադարձությունների բերումով մտել է շրջադարձային նոր փուլ:

Հայաստանն այդ իմաստով խոսել է, արտահայտվել կայունության շահագրգռության առումով, հավաստիացրել Իրանին ու Նահանգներին, որ Հայաստանը չի ներքաշվի որեւէ մեկի դեմ գործողության: Միեւնույն ժամանակ, սակայն, Հայաստանից սպասվում եւ ակնկալվում է թերեւս ավելին, եւ ոչ միայն Վաշինգտոնում ու Թեհրանում, այլ ռեգիոնալ խաղի եւ գործնականում աշխարհակարգային վերափոխման գործընթացի բոլոր առանցքային մասնակիցների շրջանում: Հայկական դերը աշխարհակարգի հիմքում եղել է, կա եւ լինելու է աներկբա: Եվ այստեղ կարեւոր է, թե ինչպիսին է լինելու Հայաստանի դերը:

Այդ իմաստով, մեծ ասուլիսի կապանյան ընտրությունը ունի թերեւս նաեւ նշանակալի բովանդակությամբ հիշարժան դարձնելու անհրաժեշտություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...