Հեղաշրջման ծրագրի գոյության «անուղղակի ապացույցների» մասին

- in Կեղտոտ լվացք
eshelon ishxanutyun

Վերջին օրերի ամենաքննարկվող թեման, իհարկե, լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններն են, որոնց համաձայն՝ Հայաստանում հեղաշրջում էր նախապատրաստվում, եւ դա կանխվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությամբ։

Մինչ հակաիշխանական քարոզչամիջոցներն ու անսպասելիորեն Վանեցյանի մոլի երկրպագուները դարձած նախկինները հերքում են դա (կարծես թե հեղաշրջում նախապատրաստողները պիտի նախապես իրենց տեղեկացնեին այդ մասին) ու պահանջում ապացույցներ ներկայացնել՝ իշխանությունների կողմնակիցները մտահոգված են, որ այդ ամենը կարող է ճիշտ լինել, բայց իրավապահ կառույցները համարժեք չեն արձագանքում։

Պաշտոնապես այդ տեղեկությունները ստուգելը եւ ապացույցներ ներկայացնելը (կամ դրանց բացակայությունը փաստելը), իհարկե, իրավապահների գործն է, բայց արժե ուշադրություն դարձնել հետեւյալ հանգամանքների վրա։ Նախ՝ Վանեցյանն այն քաղաքական ֆիգուրը չէր (չէ), որ ի վիճակի լիներ հեղաշրջում անել։ Եթե նման ծրագիր եղել է, նա կարող էր առանցքային դերակատարում ունենալ, բայց՝ ընդամենը որպես գործիք։ Երկրորդ՝ եթե ընդունենք, որ նման ծրագիր եղել է, ապա վստահաբար՝ Վանեցյանի պաշտոնանկությամբ դա չի կասեցվել, ավելին՝ ծրագիրը հիմա էլ ընթացքի մեջ է ու նույնիսկ ավելի արագացված տեմպերով։ Վերջին հաշվով՝ եթե գիշերը գայլերի ոհմակը շրջապատում է մարդկանց, նրանցից մեկը լապտերով պատահաբար լուսավորում է գայլերից մեկին, ու սա վախեցած ետ է ցատկում, դա դեռ չի նշանակում, որ վտանգը չեզոքացված է։ Խնդիրն Արթուր Վանեցյանի անձը չէ, որովհետեւ անկախ նրանից՝ հեղափոխական Հայաստանում նա առանցքային պաշտոն էր ստացել պատահաբա՞ր, թե՞ նախապես լավ մտածված օպերացիայի արդյունքում, մեծ է հավանականությունը, որ նույն մեխանիզմներով իշխանական թիմում տասնյակ այլ մարդիկ էլ են հայտնվել ու հիմա էլ այնտեղ են։

Հիմա՝ հեղաշրջման ծրագրի գոյության «անուղղակի ապացույցների» մասին։ Նախկին իշխանությունները (Ռոբերտ Քոչարյանի շրջապատն ու Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն՝ իրենց կողմից ֆինանսավորվող կառույցներով) անընդհատ հայտարարում են, թե այս իշխանություններին հաշված ամիսներ են մնացել, շատ շուտով իշխանափոխություն է տեղի ունենալու, եւ բոլորը դաժանորեն պատժվելու են։ Հնարավո՞ր է արդյոք նման բան։ Տեսականորեն հնարավոր են իշխանափոխության մի քանի տարբերակներ։ Հերթական ընտրությունների միջոցով (դրա համար անհրաժեշտ է, որ ընդդիմությունն ունենա ընտրողների ձայների մեծամասնությունը), արտահերթ ընտրությունների միջոցով (դրա համար անհրաժեշտ է, որ ընդդիմությունը կարողանա փողոց դուրս բերել հարյուր հազարավոր մարդկանց եւ պարտադրել արտահերթ ընտրություններ) եւ պալատական հեղաշրջման միջոցով (դրան կարելի է հասնել ներիշխանական ինտրիգներով եւ ուժային կառույցների գաղտնի աջակցությամբ, հատկապես եթե կա նաեւ արտաքին որոշակի աջակցություն)։

Հիմա տեսեք. առաջիկա մի քանի տարիներին հերթական համապետական ընտրություններ չեն սպասվում, իսկ համաժողովրդական աջակցությամբ արտահերթ ընտրություններ պարտադրելու ռեսուրս նախկինները չունեն։ Անցած մեկուկես տարվա ընթացքում, անգամ ահռելի ռեսուրսներ ծախսելով, նրանց չի հաջողվել գոնե մեկ անգամ այնպիսի ակցիա կազմակերպել, որի մասնակիցների թիվը 150-ից ավելի լինի։ Հետեւաբար՝ եթե նրանք խոսում են մոտալուտ իշխանափոխության մասին, կարող են հույս դնել միայն հեղաշրջման տարբերակի վրա։ Չէ, Հայաստանում, իհարկե, կան նաեւ այնպիսի «քաղաքական գործիչներ», ովքեր հայտարարում են, թե ստորագրություններ են հավաքում՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու համար, ու հաջողությունն անխուսափելի է, որովհետեւ արդեն 12 ստորագրություն ունեն։ Բայց նախկիններն, ամեն դեպքում, լուրջ մարդիկ են ու հազիվ թե նկատի ունենան այդ «տարբերակը»։ Հետեւաբար՝ կամ պարզապես հիմարացնում են ժողովրդին, կամ իսկապես հեղաշրջում են ծրագրում։

Եթե որեւէ մեկն այլ տարբերակ գիտի՝ խնդրում ենք հուշել. հեղաշրջումից բացի շուտափույթ իշխանափոխության ի՞նչ տարբերակ կա։ Թեկուզ՝ տեսականորեն։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments