«Հեղաշրջում» Մոսկվայում. Պուտինը շտապում է

- in Վերլուծական

ՌԴ Դաշնային ժողովին հղած ուղերձը գնահատվել է որպես իշխանության տրանզիտի մեկնարկ: Ուղերձում ՌԴ նախագահ Պուտինը առաջարկել է փոփոխություններ կատարել գործող Սահմանադրության մեջ, որոնք վերաբերվում են լիազորությունների վերաբաշխմանը գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության միջեւ:

Միեւնույն ժամանակ, որոշակի փոփոխություններ են կատարվում տեղական իշխանության մարմինների իրավական կարգավիճակի հարցում, ինչը, ռուս փորձագետների գնահատմամբ, ավելի է համապատասխանում ունիտար պետության Պուտինի ձգտումներին:

Պուտինը դեմ է նոր Սահմանադրություն ընդունելուն, ինչը նշանակում է, որ նա մտադիր չէ 2024 թ. առաջադրվել նախագահի պաշտոնում: Դրա մասին է վկայում նաեւ այն, որ Մոսկվայում հրաժարվել են Բելառուսի հետ միասնական պետության գաղափարից, ինչը կնշանակեր, որ Պուտինը կարող է սկսել «զրոյից»:

Կրեմլում վերջին շրջանում քննարկվում էին զանազան տարբերակներ իշխող համակարգի վերարտադրության ապահովման տեսանկյունից: Հայկական մոդելը՝ խորհրդարանական կառավարման կարգը համարվեց ռիսկային, որոշակի խնդիրներ են նկատվում այսպես կոչված ղազախական մոդելի պարագայում, թեեւ ռուսական իշխանության տրանզիտի ուրվագծվող սխեման ավելի շատ հիշեցնում է հենց ղազախական մոդելը:

Ճիշտ է, ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահը, մեկնաբանելով Պուտինի առաջարկները, ասել է, որ 25 տարին «զրոյացնում» է նախագահի պաշտոնին առաջադրվելու սահմանափակումը, այսինքն՝ Պուտինը կարող է նորից առաջադրվել 2024-ին, սակայն այս տարբերակը քիչ հավանական է համարվում:

Ավելի հավանական է համարվում այն, որ Պուտինը նախագահի պաշտոնը թողնելուց հետո կզբաղեցնի կամ լայն լիազորություններով Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, որը հիմա էլ է զբաղեցնում, կամ Դաշնային խորհուրդը: Պուտինի առաջարկած փոփոխությունների մի զգալի մասը վերաբերվում է Դաշնային խորհրդի լիազորությունների մեծացմանը, այդ թվում՝ ուժայիններին նշանակելու եւ վերահսկելու առումով: Սա առանցքային նշանակություն ունի պուտինյան մոդելում եւ անձամ Պուտինի պատկերացումների առումով:

Այս տեսակետից, առանձնակի կարեւորություն ունի նրա մեկ այլ առաջարկը վարչապետ Մեդվեդեւին: Կառավարության հրաժարականից հետո նա հայտարարել է, որ մտադիր է ստեղծել նոր պաշտոն՝ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի, եւ այդ պաշտոնում նշանակել Մեդվեդեւին: Պուտինն այսպիսով ցույց է տվել, թե ով է իր հավանական ժառանգորդը նախագահի պաշտոնում:

Խնդիրն այն է, որ թեեւ վարչապետը համարվում է պետության երկրորդ մարդը, իրականության մեջ Ռուսաստանում կարեւորագույն որոշումներն ընդունում է Անվտանգության խորհուրդը: Դա ՌԴ «Պոլիտբյուրոն» է: Պուտինը տարված է Ռուսաստանի վեհության, աշխարհում որոշումներ կայացնող երկրների ակումբ մտնելու, նոր հրթիռների եւ նման հարցերով, նրան սոցիալական, տնտեսական հարցերը չեն հետաքրքրում: Այդ առումով, Մեդվեդեւի նոր պաշտոնն իրականության մեջ ավելի բարձր է, քան քավության նոխազ վարչապետի պաշտոնը, այն էլ տնտեսապես ու հումանիտար ոլորտում դեգրադացված երկրում: Նա ներկայում համակարգելու է ուժային կառույցների գործունեությունը:

Ռուս փորձագետները նշում են, որ Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններից հետո կարող է ցրվել նաեւ Պետական դուման:

Առայժմ լիարժեք հստակություն չկա, այդ թվում իշխանության մարմինների նոր լիազորությունների մասով, սակայն ակնհայտ է, որ Պուտինը շտապում է: Մի կողմից, դրան մղում են ներքին բարդ իրողությունները, այդ թվում էլիտար տարբեր խմբերի փոխհարաբերություններում, մյուս կողմից՝ նոր աշխարհակարգի ձեւավորման ներկայիս փուլը: Իշխանության վերարտադրման այս գործընթացում նրան անհրաժեշտ են ներքին ու արտաքին լուրջ երաշխիքներ: Պուտինը ցանկանում է պահել իշխանությունը ավելի վերահսկելի ռեժիմում, այդ թվում՝ կադրերի մասով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments