ՀՀ վարչապետի կոշտ հայտարարությունը

- in Հրապարակ

Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթը թերևս վկայեց, որ արցախյան հարցում, այսպես ասած, բանակցային հեռանկար գոյություն չունի, ինչը թերևս ոչ թե անսպասելի ինչ-որ նորություն է, այլ ընդամենը իրերի ռացիոնալ դրության արձանագրում:

Ընդ որում, իրերի մի դրություն, որը բացարձակապես նոր չէ, այլ գործնականում եղել է Արցախի առաջին պատերազմի ավարտից անմիջապես հետո, չնայած այն հանգամանքին, որ դրանից հետո ծավալվել է այդ դրությունը փոխելու մոտ քսանամյա կամ քառորդդարյա մի փորձ: Վտանգավոր փորձ, քանի որ մեծ հաշվով՝ հենց դա է հանգեցրել նաև ապրիլյան քառօրյա պատերազմի:

Ի վերջո, պետք է արձանագրել, որ հայ-ադրբեջանական բանակցություն այն տրամաբանության շուրջ, որն առաջարկված է եղել առաջին պատերազմից հետո՝ տարբեր փուլերով, տարբեր ձևակերպումներով, տարբեր անվանում կրող փաստաթղթերով կամ առաջարկներով, ուղղակի անհնար է: Անհնար է բանակցություն կապիտուլյացիայի շուրջ: Իսկ առաջարկվող տրամաբանությունը եղել է պատերազմում Ադրբեջանի պարտությունը, այսպես ասած, բանակցությամբ Հայաստանի պարտության փոխելու տրամաբանություն: Ըստ այդմ՝ հասկանալի է, որ բանակցությունն այդպիսով կա՛մ պետք է փոխվի պատերազմի, կա՛մ պետք է մտնի փակուղի՝ եթե Հայաստանում որևէ մեկը չի գնում այդ բանակցային կապիտուլյացիան ընդունելու:

Այլ է, իհարկե, հարցը, որ տարիներ շարունակ կամ գրեթե հավասարազոր՝ քառորդդարյա մի ընթացք Հայաստանի ներքին քաղաքականությունը եղել է կապիտուլյացիայի միտված, քանի որ իշխող համակարգը վարել է Հայաստանը ներսից թուլացնող քաղաքականություն, ինչը մեծ հաշվով բարձրացրել է Հայաստանի բանակցային կապիտուլյացիայի արտաքին միջավայրային ճնշումը: Ու թեև ապրիլյան պատերազմը էապես լիցքաթափեց այն՝ հայկական զինուժի դիմադրության ու նաև այդ գործում հասարակության կամավորական ահռելի ջանքի և աջակցության շնորհիվ, այդուհանդերձ Հայաստանում համակարգի պահպանությունը նպաստեց այդ միջավայրի աստիճանական ուժգնացմանը:

Տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը իր լուծած ու չլուծած բազմաթիվ հարցերի ու խնդիրների հանրագումարում մի կարևորագույն հարց թերևս լուծել է աներկբա՝ դա հենց Հայաստանում գոյություն ունեցած համակարգի չեզոքացումն է, դրանով նաև Արցախի հարցում արտաքին միջավայրային ճնշման հաղթահարման գործընթացի սկզբնավորումը:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ այդ գործընթացի արդյունավետությունը, կայունությունն ու հետևողականությունը կենսական է դարձնում Հայաստանում հեղափոխության ներքին կապիտալիզացիայի դինամիկան՝ կառավարման արդյունքի տեսքով: Որովհետև Արցախի հարցում բանակցային տրամաբանության փոփոխությունը ենթադրում է, որ հայկական կողմը արտաքին ճնշումը չեզոքացնելուն զուգահեռ՝ պետք է անցնի հայկական ճնշում ձևավորելուն: Այստեղ կանգառ չկա, չկա մեկանգամյա կամ միանվագ գործողություն. եթե չճնշենք մենք՝ միջավայրային իմաստով, ապա ճնշումը գալու է մեզ վրա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments