Հրայր Թովմասյանը որոշել է ու գնացել. զոհաբերության փակ ցիկլը

- in Պնակալեզներ

Հունվարի 6-ին Երեւանի Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում տեղի ունեցած սուրբծննդյան պատարագին վերնախավի շարքում էր նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ըստ արարողակարգի: Թովմասյանն ԱԺ նախագահի կողքին էր, վարչապետից մի քանի քայլ այն կողմ:

Սահմանադրական դատարանի նախագահը փաստորեն չէր հրաժարվել մասնակցությունից, թեեւ ցանկության դեպքում կարող էր անել դա որեւէ պատճառաբանությամբ: Ի վերջո, Հայաստանում եղել է դեպք, երբ սուրբծննդյան պատարագին չի մասնակցել անգամ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը:

Բայց Հրայր Թովմասյանը որոշել է եւ գնացել: Դա մարտահրավե՞ր է գործադիր ու օրենսդիր իշխանությանը, որը տեւական ժամանակ բարձրացրել է ՍԴ հարցն ու փորձում է գտնել նախագահին փոխելու լուծում, թե՞ Հրայր Թովմասյանի մասնակցությունը «խաղաղության ծխամորճի» առաջարկ է:

2019 թվականն ավարտվեց ՍԴ նախագահին ներկայացված մեղադրանքով, որին հաջորդեց ՍԴ 7 անդամների հայտարարությունը, որը դե ֆակտո Թովմասյանի պաշտպանության հայտարարություն էր եւ ուղերձ, որ չեն հանձնի նրան, կամ  անգամ նրան հեռացնելու դեպքում իրենք չեն հեռանա:

Երեւանի Մայր Տաճարում պատկերը բավականին հակասական էր՝ նոր իշխանությունն ու նրա շարքում «մխրճված» Հրայր Թովմասյանը: Միաժամանակ, «կոնֆլիկտն» արտացոլելուց բացի, պատկերը նաեւ ինչ որ իմաստով արտացոլում էր նոր իրավիճակ, երբ հնարավոր է պետական կառավարման համակարգ ուժերի այդպիսի հարաբերակցությամբ: Չէ՞ որ այդուհանդերձ կառավարման համակարգն աշխատում է անկախ այդ ամենից:

ՍԴ շուրջ ստեղծված իրադրությունում առկա է թերեւս ռիսկի գնահատման խնդիրը: Համընդհանուր պատկերացում կամ տպավորություն է այն, որ ռիսկը այդ կառույցում նախկին իշխանության ներկայացուցչի առկայությունն է: Բայց, եթե կան պետական ինստիտուտներ, որոնք աշխատում են, առանձին ներկայացուցչի առկայությունը չի կարող լինել ռիսկ: Այլապես, օրինակ, ռիսկեր կարող են լինել ամենուր, որտեղ աշխատում են նախկին համակարգում այս կամ այն նշանակալի դերն ունեցած այլ անձինք:

Կամ ինստիտուտն է աշխատում, կամ անձը, պետք է կողմնորոշվել: ՍԴ հարցում ռիսկը գնահատված եւ հանրամատչելի մատուցված չէ: Հանրությունը գուշակում է, որ խնդիրը Ռոբերտ Քոչարյանի հարցն է, որի վերաբերյալ ՍԴ-ն կարող է կայացնել առկա ներքին կոնյուկտուրայից չբխող որոշում: Դա էլ կնշանակի, որ բոլոր գործընթացները հանգեցվել են մեկ այլ անձի: Եվ կարեւոր չէ, թե հատկապես ինչ անուն ազգանունով անձի է հանգեցվել մի ամբողջ հետհեղափոխական շրջան հանրային 80 տոկոս վստահության քվեով:

Որովհետեւ այստեղ ներքաղաքական, նաեւ ներհասարակական պատկերացումների, արժեհամակարգի, գաղափարաբանության հարց է: Եթե այն չունի խորքային լուծում, ապա որեւէ անձի հարց լուծելուց հետո, միեւնույն է, շատ արագ գտնվելու է մեկ ուրիշ անձ՝ իր հարցով:

Այդ իսկ պատճառով հարցը պահանջում է ինստիտուցիոնալ ձեւակերպում ու մատուցում, որպեսզի առաջին հերթին սկսի փոխվել հանրային պատկերացումը, եւ հայաստանյան քաղաքականությունը դուրս գա «անձանց զոհաբերության» զգայական ցիկլից, ինչպիսին էլ լինի որեւէ մեկի հանդեպ վերաբերմունքը:

Հակառակ դեպքում, որքան էլ հանրության մոտ կարող է լինել խորը համոզում, որ ինքն է լուծում առանձին անձանց հարցը, մտածողության ու ցիկլի պահպանման պարագայում իրականում զոհաբերվող անձինք են հանրության հարցը լուծում՝ թեկուզ արդեն ոչ իրենց, այլ ուրիշ անձանց, բայց ոչ հանրության համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments