Ճանապարհին ամենուր դիակներ էին. վկայում են Բաքվում հայերի ջարդերի ականատեսները

- in Սոցիալական
Migracia

1988 թ. վերսկսվեցին Բաքվի հայկական բնակչության դեմ իրականացվող ջարդերը, որոնք իրենց կազմակերպվածությամբ և ընթացքով հիշեցում էին 1905 և 1918 թթ. Բաքվի հայերի կոտորածները:

Հայկական բնակչության դեմ ջարդերի նոր ալիքը իր գագաթնակետին հասավ 1990թ. հունվարի 13-19-ին: 1988-1990 թթ. Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի թիվը հասնում է առնվազն 500-600-ի, իսկ երեք խոշոր ջարդերին զոհ է գնացել շուրջ 30 հազար հայ:

Առկա փաստական տվյալներն ու ականատեսների վկայությունները ցույց են տալիս, որ ջարդերը կանխամտածված էին և նախապես ծրագրված: 1990թ. հունվարի ջարդերի սարսափը վերապրել է նաև Ավչիյանների ընտանիքը: Սուսաննա և Լիլիանա Ավչիյան քույրերը հիշում են, որ Սումգայիթից [1988 թ. փետրվարի 27-29-ի ջարդերից] հետո հայերի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվել էր, նույնիսկ հարևանների կողմից. հայերին վիրավորում էին, պատշգամբ ձվեր նետում, հետապնդում, դպրոցում կեղծ պատրվակներով մեղադրում ու պահանջում չքվել քաղաքից:

Հունվարի 13-ին քույրերն ու նրանց մայրը՝ Սվետլանա (Սվետա) Ավչիյանը, պատրաստվում էին գնալ մոր ընկերուհու մոտ՝ հին Նոր տարին նշելու, երբ հանկարծ դուռը թակում են և գոռում. «ո՞ւր են հայերը, ո՞ւր են այդ հայերը: Մենք գիտենք, որ այս բակում շատ հայեր կան»: Սվետան ամբողջ ուժով պահում է փայտե դուռն ու բղավելով պահանջում դուստրերին փախչել: Քույրերը դժվարությամբ կարողանում են բարձրանալ պատուհանագոգին և դուրս ցատկել բակ` հուսալով, որ իրենց հետևից դուրս է գալու նաև իրենց մայրը. բայց նրան չի հաջողվում: Քույրերից Լիլիանան հիշում է, որ մինչև նկուղ իջնելը իրենք թակել են բոլորի դռները, բայց ապարդյուն. թե՛ ռուս կանայք, թե՛ երկար տարիներ ադրբեջանցու հետ ամուսնացած հայ տարեց կինը վախեցել են և հրաժարվել նրանց թաքցնել:

Այդ ժամանակ 14-ամյա Սուսաննան և 12-ամյա Լիլիանան, այլ ելք չունենալով, ստիպված են եղել որոշ ժամանակ թաքնվել սարսափելի մի նկուղում՝ մինչև ծնկները ջրի մեջ խրված և մետաղալարերի արձակած կայծերից սարսափահար: Մինչ քույրերը վախով սպասում էին, որ փողոցում մթնի և վտանգը փոքր-ինչ անցնի, վերևից ճիչ ու աղաղակներ են լսում:

Սուսաննան հատկապես հիշում է ջարդարարներից մեկի խոսքը. «նրա ատամները ոսկյա են, ե՛կ պոկենք ատամները»:

Քույրերը, հետևելով իրենց մոր՝ «ինչ էլ պատահի, փախե՛ք և իմ հետևից չվերադառնա՛ք» հորդորին՝ միայն գիշերը 12-ի մոտ դուրս են գալիս նկուղից ու ուղևորվում Սուսաննայի դպրոցական ընկերուհու՝ Ռայայի տուն: Ինչպես հիշում է Սուսաննան, ճանապարհին իրենց շուրջը դիակներ էին. և՛ մերկ, և՛ առանց գլխի, և՛ մասնատված:

«Շուրջբոլորը դիակներ էին … Ժորա հորեղբայրը երրորդ հարկում էր ապրում, պրոֆեսոր էր, նրան պատշգամբից էին նետել: Իսկ հետո երեխաները, երեխաները նրան դանակներով էին հարվածում: Հղի կին տեսանք… նրա փորը կտրել էին, երեխային դուրս հանել, ականջները կտրել, որ ադամանդե օղերը վերցնեին: Մենք այդ ամենը մեր աչքերով ենք տեսել, այնքան սարսափելի էր… Չէ՞ որ մենք դեռ երեխաներ էինք, և ահա մեր աչքերի առաջ նման բան էր կատարվում»,- հիշում է Սուսաննան:

Մյուս փողոցներում ևս նրանք ականատեսել են եղել նույն սարսափելի պատկերին. «Ամբողջ փողոցը ծածկված էր դիակներով, շուրջբոլորը հրդեհ էր, աղաղակներ, մերկ, կիսամեռ և մահացած կանայք: Նույնիսկ նրանք, ովքեր պաշտպանում էին հայերին, ծեծում էին… Այդ ավազակներն այնպիսի հայացքներ ունեին, կարծես նոր էին դուրս եկել բանտից և սպանության, արյան ծարավ էին… Առաջին անգամ ես տեսա՝ ինչպես են ինչ-որ մեկին բռնաբարում… դա տարեց կին էր, նույնիսկ դժվար էր հասկանալ՝ քանի տարեկան էր նա: Մեկը բռնաբարում էր, իսկ մյուսները կանգնել և նայում էին, հետո նրանք… Խմբակային բռնաբարություն էր»,- պատմում է Սուսաննան:

Հասնելով Ռայայի տուն, Սուսաննան Լիլիային թողնում է այնտեղ և որոշում գնալ մոր հետևից: Ռայան նույնպես միանում է նրան: Բակ հասնելով՝ նրանք պատուհանից ներս են մտնում և նրանց առջև բացվում է սարսափելի տեսարան. ամենուր արյուն էր: Սուսաննան չի կարողանում գտնել մայրիկին: Նա ցանկանում էր գոնե մարմինը գտնել…

Մոր փնտրտուքները Սուսաննային տարել են դեպի նրա աշխատավայր, որտեղ տեղեկացել է, որ Սվետայի ղեկավարը, իր կնոջից տեղեկանալով հայերին մորթելու մասին, իրենց տուն է գնացել ու փրկել նրան:

«Մայրիկի մասին հետո թերթերում գրում էին: Նրա անունը Սվետլանա Ավչիյան էր: Ղեկավարը փաստացի փրկել էր նրան: Նա այդ ժամանակ չէր հիշում ով է ինքը, ինչ է պատահել իր հետ: Նրան ուժեղ ծեծել էին՝ մինչև ուղեղի ցնցում ստանալու աստիճանի, դեմքն ամբողջովին կապտուկների, վերքերի մեջ էր, նրան անհնար էր ճանաչել: Մեր մայրը շատ գեղեցիկ կին էր: Իսկ ահա՝ շուրթերը ուռած, քիթը կոտրված, աչքերը չեն բացվում, նա գրեթե համրացել էր, այնքան էին նրա ականջին խփել, որպեսզի ականջօղերը հանեն: Նույնիսկ ցանկացել են ականջները կտրել»,- հիշում է Լիլիանան:

Այս տանջանքներից հետո Սվետան երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ: Մինչ օրս Սուսաննան հիշում է, ինչպես էին պինցետով իր մոր մարմնից հանել ծխախոտի մնացորդները, որոնք ջարդարարները վառվող վիճակում մտցրել էին նրա մարմնի մեջ, որպեսզի մարեն: Սվետան ամբողջ կյանքում միայն երկար զգեստ է կրել, քանի որ նրա ամբողջ մարմինը դանակով կտրել էին և ամենուր սպիներ էին… «Նա չէր կարողանում մոռանալ դա, գիշերներով չէր քնում: Նա պատմում էր՝ քանի մարդ է իրեն բռնաբարել, երբ մտածել են մահացած է… Նա շատ էր փոխվել, դարձել ինքնամփոփ: Սկզբում նա ամբողջովին այն մարդը չէր, որին մենք գիտեինք: Չէ՞ որ նա միշտ կենսուրախ էր…», – նշում է Սուսաննան:

Ի վերջո, Ավչիյան ընտանիքին հաջողվել է հասնել Միացյալ Նահանգներ: Սուսաննան ասում է. «Եվ այդ ժամանակից սկսած մենք չենք նշել Նոր տարին»:

Հարցազրույցը վերցրված է «Բաքվի ողբերգությունն ականատեսների վկայություններում. գիրք առաջին» գրքից (2016թ., էջ՝ 21, առցանց տարբերակ), որն իրականացվել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում: Լիաննա և Սուսաննա Ավչիյանների վկայությունը ներկայացված է կրճատումներով: Ամբողջական տարբերակը, ինչպես նաև այլ ականետեսների վկայությունները կարող եք ընթերցել նշված գրքի առաջին և երկրորդ մասերում:

Բաքվում հայերի վերջին կազմակերպված ջարդերից անցել է ուղիղ 30 տարի։ 1990 թ. հունվարի սկզբին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իրականացվող ցույցերն ուղեկցվում էին «Մահ հայերին», «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն առանց հայերի» կոչերով և դարերով այդ քաղաքում բնակվող հայերի հանդեպ ատելության քարոզով։ «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր շարժման կազմակերպած ցույցերից հետո ադրբեջանցիները, իրենց ձեռքում ունենալով հայերի բնակարանների տեղանշումով քարտեզներ, խմբերով հարձակվում էին՝ սպանելով և խոշտանգելով հայկական համայնքի վերջին ներկայացուցիչներին՝ հաշվի չառնելով զոհերի տարիքը և սեռը:

Բաքվի հայերի ջարդերի ընթացքում անմարդկային արարքների, բռնությունների, դաժանությունների, սպանությունների մասին են վկայում այդ օրերին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Մ. Գորբաչովի կարգադրությամբ Բաքու գործուղված ԽՍՀՄ ԳԽ ներկայացուցիչ, կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամության թեկնածու Եվգենի Պրիմակովը, ԽՍՀՄ Ներքին գործերի նախարար Վադիմ Բակատինը, ինչպես նաև ԽՍՀՄ զինված ուժերի 106-րդ օդադեսանտային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Ալեքսանդր Լեբեդը, որը ևս ականատես է եղել հայերի ջարդերին:

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 12-րդ գումարման 3-րդ նստաշրջանի փակ նիստերի ընթացքում [Ադրբեջանի և Հայաստանի ԽՍՀ-ներում առկա իրավիճակի մասին թեման քննարկվել է փետրվարի 19-ի նիստին] Վ. Բակատինի ելույթը պարզ կերպով ի ցույց է դնում հայերի ջարդերի կազմակերպվածությունը.

«… զանգվածային ջարդերն սկսվել են հունվարի 13-ին և 14-ին: Դրանք ծագեցին անսպասելիորեն, բայց շատ լավ կազմակերպված էին: Նախօրոք տրվել էին [ադրբեջանական ամբոխին] հայերի հասցեները. 5 հազարանոց ադրբեջանական ամբոխը շարժվեց հայերի տների ուղղությամբ՝ սպանելու և թալանելու քաղաքի հայ բնակչությանը։ Այդ իրավիճակում դժվար էր ինչ-որ բան ձեռնարկել, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ ներքին զորքերի գործողություններն ամեն կերպ արգելափակվում էին նրանով, որ ավազակները որպես կենդանի վահան օգտագործում էին կանանց և երեխաներին»[1]։

ԽՍՀՄ ԳԽ նույն փակ նիստերի ընթացքում Ե. Պրիմակովի ելույթը նույնպես բացահայտում է Բաքվում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների բնույթը. «Մենք ականատեսն էինք այն բանի, թե ինչպես ստեղծված իրավիճակում, երբ սկսված վայրի հակահայկական ջարդերը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ հանդիսացան, հաշված օրերի ընթացքում տասնյակ հազարավոր հայեր իրենց տներից զրկվելով արտաքսվեցին հանրապետությունից»։

Քաջատեղյակ լինելով Բաքվում իրականացվող հայերի ջարդերից, այնուամենայնիվ ջարդերի ակտիվ փուլի ընթացքում՝ հունվարի 13-ից մինչև հունվարի 19-ը, երբ հայերին օրը ցերեկով փողոցներում սպանում և խոշտանգում էին, ԽՍՀՄ ղեկավարությունը դեռևս չէր շտապում միջամտել, չնայած Բաքվում էին գտնվում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը և կային բավարար թվով զինվորական ստորաբաժանումներ, որոնք կարող էին արագ կարգուկանոն հաստատել:

Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիր Մ. Ս. Գորբաչովը ստորագրել է միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել էր խորհրդային իշխանությունը:

1990թ. հայկական ջարդերը առաջինը չէին և պարզ կերպով ցույց տվեցին, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ: Ներկայիս Ադրբեջանի մայրաքաղաքում հայերի առաջին զանգվածային և կազմակերպված ջարդերն իրականացվել էին դեռևս 115 տարի առաջ՝ 1905 թ., որին զոհ էին գնացել հարյուրավոր հայեր, ավերվել էին հայերին պատկանող տներն ու գործարանները: Ջարդերն իրենց շարունակությունն էին գտել 1918 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, որին զոհ է գնացել ավելի քան 20 հազար հայ:

20-րդ դարասկզբին և դարավերջին իրականացված ջարդերն ունեն գրեթե նույն ձեռագիրը՝ մարդկանց սպանում էին միայն նրա համար, որ հայ են։ Ռուս գեներալ-մայոր Ալեքսանդր Լեբեդը «За державу обидно» գրքում գրում է, որ «հայերին բռնում և մահացու հարվածներով ծեծում էին, միաժամանակ [ծեծում էին նաև] հրեաներին, օսերին, վրացիներին, բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով նման էին հայերին: Ծեծում էին, ինչպես ասում են, նայելով ոչ թե անձնագրին, այլ դեմքին: Թալանում և ավիրում էին բնակարաններն ու խանութները, հնարավոր բոլոր մանր կրպակները, որոնք պատկանում էին հայերին»[2]։ Նույնը նաև կատարվում էր 1918թ. ջարդերի ժամանակ։ Այդ ընթացքում թուրքական բանակի «Արևելք» խմբի շտաբի պետ, գերմանացի փոխգնդապետ Պարակենը 26.09.1918թ. գեներալ-լեյտենանտ ֆոն Զեեքթիին ուղղված զեկույցում, արտահայտելով իր անհանգստությունը հայերի ջարդերի մասին, նշում է, որ «Այլ վկաների ներկայությամբ մի գերմանացի պատմեց ինձ, որ Նուրի փաշայի համհարզի հետ մի տուն է մտել, որտեղ (առանց սեռի կամ տարիքի խտրության) սպանված, ընկած էին տասներեք վրացի։ Երբ նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ վրացիներ են, այսինքն, գերմանացիների հովանավորության տակ գտնվող անձինք, Նուրիի համհարզը ուսերը թոթվելով ասել է. «Նրանց պարզապես հայերի տեղ են դրել» ։ Ոչինչ չէր փոխվել և հունվարյան ջարդերի օրերին. մարդկանց սպանում էին հայ լինելու կամ այս կամ այն չափով հայերին նման լինելու համար։

Հայատյացությունը և ռասիստական քաղաքականությունն այդ երկրում մեկ դար անց էլ օրակարգում է, ինչի ապացույցն են 2004 թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, 2016 թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում Արցախի Թալիշ գյուղում սպանված և խոշտանգված տարեց բնակիչները, հայկական ազգանվամբ անձանց նկատմամբ պետականորեն իրականացվող ակնհայտ խտրական քաղաքականությունը և այլ նմանատիպ քայլերը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...